«Երևանի թափառող շներն առողջ տեսք ունեն». WVS կենդանաբույժ Ջորդանա Բեյլին՝ Երևանում

Ինչպես հայտնել ենք՝ օրերս Երևանի քաղաքապետարանի և «Փրո Փոուզ» (Pro Paws) բրիտանական բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության միջև ստորագրվեց համաձայնության հուշագիր: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանում արդեն դադարեցվել է թափառող կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան և իրականացվելու է միայն կենդանասիրական մոտեցմամբ ծրագիր:

Երևանում զանգվածային ստերջացման ծրագրի իրականացման հնարավորություններն ուսումնասիրվել են տարիներ շարունակ «Փրո Փոուզ»-ի կողմից Հայաստան հրավիրված միջազգային մի քանի կազմակերպությունների (Worldwide Veterinary Service, Dogs Trust և այլն) ներկայացուցիչների կողմից:

2017թ.-ին WVS-ի (Worldwide Veterinary Service) առաքելությամբ Հայաստանում գտնվող միջազգային անասնաբուժական ծրագրերի ղեկավար, կենդանաբույժ Ջորդանա Բրդըն Բեյլին զրուցեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ՝ ներկայացնելով իրականացված աշխատանքների մանրամասները:

Որո՞նք են Ձեր այցելության առաջնային նպատակները:

- Իմ այցի նպատակն է կատարել ուսումնասիրություններ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է Երևանում իրականացնել շների ստերջացման ծրագիր: Իմ այցի մի մասն է կազմում պարզել, թե քանի շուն կա Երևանում: Այսպիսով, ես շրջել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով պարզելու համար՝ իրականում քանի շուն կա փողոցներում: Ես եղել եմ տվյալ շրջանի բոլոր փողոցներում և հաշվել բոլոր շներին, որոնց տեսել եմ: Հիմնականում մենք հաշվել ենք թափառող շներին, որոնց մեջ կարող են լինել նաև համայնքային շներ կամ խնամակալ ունեցող շներ, որոնք գտնվել են փողոցում, բայց ես հաշվել եմ բոլոր շներին, նույնիսկ այն շներին, որոնք քայլում էին փողոցներով: Սա մեզ պատկերացում է տվել, թե ընդհանուր առմամբ քանի շուն կա տվյալ համայնքում: Մենք գիտակցում ենք, որ հնարավոր չէ հաշվել բոլոր շներին, բայց շների այն քանակը, որը մենք տեսել ենք, թույլ կտա մեզ պատկերացում կազմել, թե ընդհանուր քանի շուն կա Երևանի փողոցներում: Օգտագործելով այդ թիվը մենք պատկերացում կկազմենք, թե քանի շուն կարող ենք ստերջացնել կոնկրետ նշված ժամանակահատվածում: Քանի որ մենք նախատեսում ենք ստերջացնել մոտ 3000 շան, ապա մենք պետք է նաև հասկանանք, թե որ տարածքում պետք է իրականացնենք այդ գործողությունը:

Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ-ում առկա իրավիճակն այս մասով:

- Իմ փորձառության ընթացքում WVS-ի առաքելությամբ ես բավական երկար ժամանակ աշխատել եմ Հնդկաստանում և Մալավիում, որոնք ունեն շների չափազանց տարբեր դեմոգրաֆիկական տվյալներ միմյանց և Հայաստանի համեմատությամբ: Մալավիում կան շատ քիչ թափառող շներ. դրանց մեծամասնությունն ունեն խնամակալներ: Այսպիսով, այնտեղ ուղիղ իմաստով չկա թափառող կենդանիների խնդիր: Իսկ Հնդկաստանում չափազանց շատ են թափառող շները: Ցանկացած փողոցով քայլելիս կարելի է տեսնել բազմաթիվ թափառող շների: Հայաստանում, մասնավորապես Երևանում, կան ավելի շատ թափառող շներ, քան Մալավիում, սակայն ավելի քիչ, քան Հնդկաստանում: Հայաստանում շներն ապրում են բավական լավ պայմաններում, իմ տեսած շների մեծամասնությունը բավական առողջ տեսք ունեն: Շատ քչերն ունեն խնդիրներ: Հաճախ, երբ հանդիպում ենք թափառող շների, նրանք լինում են նիհար, անառողջ, ունենում են մաշկային խնդիրներ, հաճախ՝ այնպիսի խնդիրներ, որոնք առաջացնում են քոր, մազաթափություն, մաշկն է լինում վատ վիճակում: Ես այդպիսի շների այստեղ չեմ հանդիպել: Հավանաբար անգամ 5 շուն չեմ տեսել, որոնք նման խնդիրներ կունենան, ինչն իսկապես շատ լավ է: Ստերջացած շների համամասնությունը կրկին տարբեր է բոլոր 3 տարածքների համար: Մալավիում շատ շներ ևս ստերջացված չեն, սակայն մարդիկ ավելի դրական վերաբերմունք ունեն տվյալ գործընթացի վերաբերյալ: 

Երևան քաղաքի շների քանակության վերաբերյալ ուսումնասիրություն մենք դեռևս չենք կատարել մեր ունեցած տվյալների հիման վրա: Մալաթիա-Սեբաստիա համայնքում ես հաշվել եմ մոտավորապես 250 շուն՝ քիչ ավել, քիչ պակաս: Մալավիում թափառող շներ գրեթե չկան, իսկ Հնդկաստանում դրանք իսկապես շատ են: Երևանը այդ երկուսի մեջտեղում է:

ՀՀ-ում թափառող կենդանիների խնդրի լուծման ի՞նչ տարբերակ եք տեսնում:

- Երևանում կան թափառող շներ, որոնք բավական առողջ տեսք ունեն: Կարևոր է ունենալ առողջ շների պոպուլյացիա և աստիճանաբար, մարդկային եղանակներով նվազեցնել այդ քանակությունը: Սա իրականացնելու ամենալավ ճանապարհը ստերջացման ծրագիրն է: Պետք է ստերջացնել շների այնքան մեծ քանակություն, որքան հնարավոր է, և անել դա շատ մաքուր, ապահով և անվտանգ եղանակով՝ թողնելով շներին այնքան առողջ, որքան հնարավոր է: Ստերջացումը հնարավորություն է տալիս շների պոպուլյացիան հնարավորինս առողջ դարձնել: Մենք կունանք շներ, որոնք կլինեն ավելի առողջ, չեն հիվանդանա: Պետք է նվազեցնենք շների քանակը, որովհետև ստերջացումից հետո մենք նրանց թողնելու ենք այն տարածքում, որտեղից վերցրել ենք: Մնալով այդ տարածքում նրանք կկանխարգելեն այլ շների ներխուժումն այդ տարածք, չեն լինի շների կռիվներ, վարակների փոխանցում, կնվազի հիվանդությունների տարածումը և կունենանք շների առողջ պոպուլյացիա:

Ի՞նչ առաջիկա պլաններ ունի Հայաստանում WVS-ը:

- Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, մենք նախատեսում ենք իրականացնել զանգվածային ստերջացման ծրագիր: Մենք սերտ համագործակցում ենք Pro Paws կենդանապաշտպան կազմակերպության հետ և մենք այսօր այստեղ ենք նրանց հրավերով, եթե չլինեին նրանք, մենք այստեղ չէինք լինի: Մենք իսկապես ունենք շատ լավ հարաբերություններ տվյալ աշխատանքը կատարող տեղական կազմակերպությունների հետ և սա այն չէ, ինչը մենք կարող ենք կատարել միայնակ: Մենք պետք է շատ սերտ համագործակցենք այդ կազմակերպությունների հետ՝ Dingo, Pawsitive, FPWC, Քաղաքապետարանի հետ և իհարկե ամենաշատը Երևանի բնակիչների հետ: Նրանք է, որ պետք է աջակցեն այն ծրագրին, որն իրականացնում ենք ցանկացած հնարավոր տարբերակով: Նրանք կարող են օգնել՝ ցույց տալով մեզ, թե որտեղ են փողոցային շները, ցանկացած տեղեկատվությամբ, որը մեզ կարող են տրամադրել, կապված թեկուզ ստերջացման հետ. արդյոք կենդանիները ստերջացված են թե՞ ոչ և այլն: Մենք այդ ծրագիրը չենք ցանկանում անել անկախ, իսկապես պետք է աշխատենք միասին, որպես մեկ միասնություն, ամբողջություն, որպեսզի համոզված լինենք, որ տվյալ նախագիծը կունենա հաջողություն:

Գլոբալ առումով, ո՞րն է WVS -ի առաքելությունն աշխարհում:

- WVS -ի առաքելությունն է ապահովել հավելյալ օգնություն անհրաժեշտություն ունեցող երկրներին, ուղարկել բժշկական ծանրոցներ, ինչպես նաև կամավորներ տարբեր կազմակերպությունների համար: WVS-ը Հնդկաստանում ունի շների ստերջացման երեք ֆանտաստիկ թրեյնինգային կենտրոններ, որոնցից մեկը Հնդկաստանի Ուտի քաղաքում, ևս մեկը՝ Գոայում, ինչպես նաև Թայլանդում: Այնտեղ մենք թրեյնինգներ ենք անցկացնում տեղաբնակների, ինչպես նաև միջազգային այցելուների հետ, թե ինչպես մարդկային եղանակով ստերջացնել շներին: Սա իսկապես շատ հայտնի ծրագիր է և հատկապես Ուտիում ունեցած մեր ծրագիրն ամբողջությամբ նախապես պատվիրված է լինում: Ծրագիրը տարածված է նաև նոր որակավորված կենդանաբույժների շրջանում, որովհետև շատ երկրներում նրանք լավ չեն ուսուցանվում, թե ինչպես կատարել ստերջացման գործընթացը: Մենք նրանց հնարավորություն ենք տալիս ձեռք բերել մեծ փորձառություն երկու շաբաթվա ընթացքում և դա նրանց մեծ վստահություն է ներշնչում: WVS-ը դա արել է նաև Հայաստանում 2013թ.-ին, երբ մենք ստերջացման տեխնիկան սովորեցրել ենք բազմաթիվ հայ կենդանաբույժների: Այդ ժամանակաշրջանից հետո մենք նաև կատարել ենք հիմնականում թափառող շների ստերջացում: Մոտավորապես 2 շաբաթվա ընթացքում մենք կատարել ենք 80-90 շների ստերջացում: Այժմ (2017թ.) մենք այստեղ ենք WVS-ի առաքելությամբ հասկանալու համար, թե արդյո՞ք կարող ենք իրականացնել նույն գործընթացն առավել մեծ քանակությամբ շների համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում