«Տաշիր կաթ» գործարանում 10 տարի շարունակ «բանտարկված» արջերը վայրի բնությունից են (տեսանյութ, ֆոտո)

Ինչպես հայտնել ենք, Լոռու մարզի Տաշիր քաղաքում պանրի գործարանի տարածքում անազատ պայմաններում երկու արջ է պահվում: Նախնական ահազանգի համաձայն՝ արջերը պահվում են Տաշիր քաղաքի պանրի գործարանի հարակից տարածքում, որտեղ նախկինում կարի արտադրամաս է եղել: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ձեռք բերած տեղեկությունների համաձայն, արջերը պահվում են «Տաշիր կաթ» ԲԲԸ պատկանող տարածքում (տեսանյութ):

Արձագանքելով առաջին հրապարակմանը՝ մեկ այլ քաղաքացի հայտնեց. «Իսկապես արջերը պահվում են ահավոր պայմաններում: Ես ինքս եմ մի քանի անգամ տեսել, փողոցի անցորդներն էլ մոտենում ու նայում են: Դե Սամվել և Կարեն Կարապետյաններին պատկանեղ տարածք է դա»:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերերից մեկի, նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի ավագ որդու՝ Վահե Կարապետյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը՝ ամբողջությամբ ներկայացնելով դեպքի մասնրամասները: Զրույցի ընթացքում, որին մասնակցում էր նաև կենդանիների խնամքին հետևող ընկերության աշխատակիցը, պարզ դարձավ, որ պանրի գործարանի և կարի արտադրամասի հարակից տարածքում պահվող արջերը վայրի բնությունից են, որոնք 2008թ.-ին հայտնվել են վանդակում հավանաբար ապօրինի որսի հետևանքով:

Վերջինս մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչպես են կենդանիները հայտնվել վանդակում. «Ստեփանավանի և Ալավերդու անտառներում մոտ 10 տարի առաջ սպանել էին մի արջի ու ձագերին գտել էր տեղի բնակիչներից մեկը։ Հետո մեզ էին դիմել՝ ասելով, որ դիմել են կենդանաբանական այգի, չեն վերցրել, այն ժամանակ կհիշեք, այգում այդքան էլ լավ պայմաններ չէին։ Ճիշտն ասած, քանի որ մենք սիրում ենք բնությունն ու կենդանիներին, իրականացնում ենք բնապահպանական ծրագրեր, խնդրեցինք, որպեսզի այս կողմ այն կողմ չգցեն, չտանեն ինչ-որ մեկի բակում պահեն, կառուցեցինք վանդակ և սկսեցինք խնամել արջերին: Մենք կենդանաբանական այգուն անգամ առաջարկեցինք՝ կլինի՞ դուք պահեք, մենք ֆինանսավորենք սնունդը, իրենք ասացին, որ այնտեղ այնքան վատ ֆինանսական վիճակ է ու դեռ պարզ չէ, թե ինչ կլինի... հետո լսեցինք, որ փոխվել են, ինչ-որ նոր տնօրեն ունեն և այլն»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ ապօրինի որսի հետևանքով անազատ պայմաններում պահվող արջերի խնամքի հետ կապված ի սկզբանե «մասնագիտական խորհրդատվություն» է տրամադրել Սամվել Միքայելյան անունով կենդանաբույժը, ով նաև նախագծել է կենդանիների վանդակը, կազմել սննդակարգ, նշանակել դեղորայքներ և այլն: Վերջինս նաև վարձրատրվել է կատարված աշխատանքի դիմաց: Պարզվեց նաև, որ նշված անձնավորությունն այդ տարիների ընթացքում հանդիսացել է Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը:

Ըստ էության, Սամվել Միքայելյանը ոչ միայն չի բարձրաձայնել տեղի ունեցած ապօրինի որսի մասին, այլև մասնակցություն է ունեցել հետագա գործողություններին:

Վերոնշյալ հանգամանքից բացի, ԵԿԱ նախկին գլխավոր կենդանաբույժի կողմից տրամադրված մասնագիտական խորհրդատվության ձևաչափն ու որակը կասկածներ է առաջացնում, քանի որ արդեն իսկ բնական չէ, որ կենդանաբույժը զբաղվում է արջերի վանդակների նախագծման աշխատանքներով: Սամվել Միքայելյանի նախագծով կառուցված վանդակի չափերը տեսանելի են լուսանկարում (հավանաբար կառուցել է այն, ինչ տեսել է ԵԿԱ-ում աշխատելու տարիներին), իսկ բետոնե հատակը վկայում է, որ վերջինս կենդանիների բարեկեցության գաղափարի մասին չունի անգամ տարրական գիտելիքներ: Արջերի համար կազմված սննդակարգը ներառել է հնդկաձավար, բրինձ, արհեստական մեղր, ջրի մեծ լուծված խտացրած կաթ, քանի որ ըստ «մասնագետի» արջերը քաղցր սիրում են, ինչպես նաև բանջարեղենային որոշ տեսակներ, երբեմն նաև՝ միս (30 րոպե կալիումի պերմանգանատի կամ «մարգանցովկայի» լուծույթի մեջ թողնված):

Մեր զրուցակիցները ասացին. «Նախագծերը ինքն է գծել և՛ արջերի վանդակի, և՛ գայլի, մենք էլ իրեն վճարել ենք: Այդ նախագծով կառուցել ենք, եկել են, նայել, ասել են՝ լավ է։ Մենք միշտ էլ կապնվել ենք իր հետ. երբ փոքր էին արջերը եկել է, դեղեր է բերել, տվել ենք, բայց, որ մեծացան, ասեց՝ էլ ոչ մի բան պետք չէ, եթե ինչ-որ խնդիր լինի, համարը կա, կապնվենք: Մեզ մոտ մի գայլ էլ կար, որը թակարդն էր ընկել Ալավերդու ոսկու հանքի տարածքում: Մեծ գայլ էր, ուզում էին մորթեին, կաշին հանձնեին հարյուր հազար դրամով, սակայն մենք վերցրեցինք: Այդ ժամանակ ևս մենք կապնվեցինք Սամվել անունով բժիշկի հետ: Գայլի ոտքը ջարդվել էր, մենք բերեցինք, անասնաբույժը սրսկեց, պահեցինք մոտավորապես երեք տարի ու սատկեց՝ մոտ 5-6 ամիս առաջ»:

Անասնաբույժ Սամվել Միքայելյանը մեզ հետ կապ հաստատելով հերքեց տեղեկատվությունը, թե կապ է ունեցել նշված դեպքի հետ՝ ասելով. «Ես ոչ արջ եմ տեսել, ոչ գայլ եմ տեսել, ոչ նախագիծ եմ գծել, ոչ էլ կերաբաժին եմ կազմել, դա իրականության հետ չի բռնում: Ես այնտեղ ընդամենը մեկ անգամ եղել, ուրիշ կենդանու հետ կապված խնդրի պատճառով» (ճշգրտում*1):

Վահե Կարապետյանը պնդում է, որ արջերն այնքան փոքր տարիքում են հայտնվել իրենց մոտ, որ կենդանիներին խնամողը երեխաների համար նախատեսված կերակրման շշով կաթ է տվել, մինչև հասնեն ինչ-որ տարիքի։

«Կենդանիներին գտել էին շատ անօգնական վիճակում և մենք չունեինք երաշխավորություն, եթե անտառ վերադարձնենք իրենք կապրեն։ Մոտ 2 ամիս կաթ էին ուտում, երեխայի կաթի շշերով, գրկով, հետո անցան արդեն գրեչկայի և սինթետիկ մեղրի, որը շաքարից են ստանում, այսինքն՝ բնական մեղր չէ, այն խառնում են գրեչկայի հետ ու տալիս են արջերին, մեկ էլ խտացրած կաթ, ասացին՝ կարող եք ջրի հետ խառնել ու տալ: Մի խոսքով, ըստ պահանջի, ամեն ինչ արել ենք»,- մանրամասնեց նա։

Հայտնի է, որ բնության մեջ ծնված կենդանիներին, որոնք մնացել են առանց մոր խնամքի, հնարավոր է վերադարձնել վայրի բնություն, եթե իրականացվեն ճիշտ գործողություններ: Փաստացի, այն տարիքում, երբ կենդանիներին հնարավոր էր վերադարձնել իրենց բնական միջավայր, արջերը հայտնվել են վանդակում, որտեղ գտնվում են մինչ օրս՝ 10 տարի շարունակ: Կենդանիներն այդ տարիների ընթացքում սնվել են վերոնշյալ սննդակարգով, քայլել են բետոնե հատակի վրա, հետևաբար կարող են ունենալ մի շարք ֆիզիկական և հոգեկան շեղումներ:

Մեր զրուցակիցը պատմում է նաև. «Արջերը բալիկ չէին կարողանում ունենալ, որովհետև քույր ու եղբայր են և խնդիր ունեն. երկու անգամ անգամ վիժում է եղել։ Մենք փորձեցինք անգամ որձի ու էգի փոփոխություն անենք, որպեսզի սերունդ ունենան, մեղք են, բայց չստացվեց»։

Վերջինս նշում է, որ ամիսներ առաջ կրկին դիմել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղից հայտնել են, որ պատրաստ են վերցնել կենդանիներին, սակայն հստակ ժամկետ չեն նշել:

«Մի քանի տարի առաջ խոսել ենք նաև Հոկտեմբերյանի կենդանաբանական այգու հետ: Նրանք մեզ հարցրեցին՝ հնարավոր է արդյո՞ք ճաղավանդակները ևս տանենք: Մենք ասացինք, որ պատրաստ ենք նաև մինչև վերջ ֆինանսավորել, որ այս արջերը նորմալ պայմաններ ունենան, բայց իրենք փոշմանեցին:

Առաջին հերթին այդ արջերը մերը չեն, ոչ էլ սեփականության վկայական ունենք, չենք ուզում մենք այդ կենդանիներին։ Արջն այդ տարածքում ավելորդ կենդանի է: Ուզում էինք տեղափոխել գյուղ, բայց մտածեցինք վտանգավոր կլինի, հետո՝ հարմար մարդիկ չկային խնամող։ Պատրաստ ենք տալ կենդանիներին և ֆինանսավորել նրանց անհրաժեշտ ծախսերը»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքը սահմանում է Անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահման և օգտագործման կարգը: Հոդված 27.1 -ի առաջին կետով ասվում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը»:

Ինչպես նաև հոդված 27.2-ի առաջին կետը սահմանում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»:

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի ոչ լիարժեքության, ժամանակին անհամահունչ և զարգացած երկրիների փորձին անհամապատասխան լինելու մասին ոլորտային մասնագետները բարձրաձայնում են տարիներ շարունակ: Նշված օրենքն այժմ գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ լրամշակման փուլում:
Հավելենք նաև, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է նաև կենդանական աշխարհի կադաստրի վարման կարգը, որը պետք է իրականացվի Լիազորված մարմնի կողմից, տվյալ դեպքում՝ Բնապահպանության նախարարության:

Մասնավոր անձանց կողմից անազատ պայմաններում վայրի կենդանիներ, մասնավորապես՝ արջեր, պահելու վնասների և վտանգների մասին բերվել են բազմաթիվ օբյեկտիվ փաստարկներ: Խնդիրները ըստ էության նույնն են բոլոր դեպքերում: Ավելի վաղ կենդանաբույժ Մանուկ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշել էր. «Խնդիրները շատ են: Կերակրման պրոցեսն էլ ճիշտ չի գնում, դա հաստատ, որովհետև ով ինչ հասնում՝ տալիս է. «քաղցր-մաղցր» բաները կենդանու համար իրականում շատ վատ են: Այս ընթացքում տեղափոխված արջերից ամենաշեղվածն այն արջն է, որի հետ մարդիկ շատ են «խաղացել»: Խոսքը գնում է Վերին Արտաշատում պահված Բալու արջի մասին: Որովհետև, ով ինչպես հասել՝ կերակրել է, ինչ ասես արել են: Ճիշտ է, մարդու համար դա խաղալ է, բայց կենդանու համար սթրես է, ինչքան էլ նա սովորում է: Ոչ մի վայրի կենդանու համար էլ լավ չէ մարդու հետ շփումը: Ոչ մի տարբերակով հնարավոր չէ ապացուցել, որ լավ է, ճիշտ է»:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, բնապահպանության նախարարության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և իրավապահ մյուս մարմինների ուշադրությունը:

 

*1 - Հոդվածի հրապարակումից հետո Սամվել Մելիքյանը կապ է հաստատել խմբագրության հետ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում