«Շանել»-ը հրաժարվել է էկզոտիկ կենդանիների կաշվից և մորթուց
«Շանել» (Chanel) նորաձևության տունը հայտարարել է, որ այլևս չի օգտագործի էկզոտիկ կենդանիների կաշին և մորթին իր հավաքածուներում: Սա նշանակում է, որ ֆրանսիական նորաձևության տունը կհրաժարվի կոկորդիլոսների, մողեսների, օձերի կաշիների օգտագործումից, իսկ մորթիների կիրառումն արդեն իսկ հասցվել էր նվազագույնի:
Փոխարենը, նորաձևության տունը հայտարարել է, որ սկսելու է աշխատանքներ նոր՝ ավելի կայուն, նյութերի մշակման ուղղությամբ, որոնք կունենան քիչ ազդեցություն շրջակա միջավայրի վրա, չնայած, բրեդը դեռևս չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է նախատեսվում:
«Շանել»-ի տնօրեններից մեկը՝ Բրունո Պավլովսկին հայտնել է, որ այս որոշումն ամենառաջին հերթին գործնական բնույթ է կրել, քանի որ շատ դժվար էր գտնել կենդանու կաշի, որը միաժամանակ կհամապատասխաներ բրենդի դիզայնին և էթիկական ստանդարտներին:
Կաշվից պատրաստված պայուսակները երկար տարիներ շարունակ բրենդի համար հանդիսացել են հիմնական արտադրանքը, որոնք հաճախակի հայտնվում էին նորաձևության ամսագրերի առաջին էջերում կամ հայտնիների ձեռքերին: Պավլովսկին բրենդի երկրպագուների համար նշել է նաև, որ նորաձևության տան տաղանդավոր թիմը կհիմնվի սեփական ինովացիոն գաղափարների վրա, որոնք կապահովեն բարձր էթիկական ստանդարտներ: