Ես համոզված եմ, որ հաջորդ տարի Սևանից հավելյալ ջրառ չենք անելու. Էրիկ Գրիգորյան

«Կարող եմ երաշխավորել, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հավելյալ ջրառ չլինի: Հավելյալ ջրառը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ այն ջրամբարները, որոնք պետք է լրացուցիչ գումարվեին և՛ ջրառին, և՛ ստորգետնյա ավազանների ջրերին, և՛ գետից ջրերին ըստ մեր հաշվարկների, այդ ջրամբարների տակ գտնվող ՀԷԿ-երը զգալի չափով էլեկտրաէներգիա են արտադրել այն սեզոններին, երբ չպետք է արտադրեին: Ավելի պարզ ասած ՀԷԿ-երը ջուր են վերցրել ջրամբարներից, օրինակ՝ ձմեռվա ամիսներին, այդ պատճառով ջրամբարներում ջուրը քիչ է եղել, դրա հետևանքով նաև առաջացել է պահանջ լրացուցիչ ջրառի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարն ընդգծեց, որ միևնույն ժամանակ ամենակարևոր հարցն այն է, թե այդ ջուրն ինչպե՞ս է հասնում, ինչքա՞ն է հասնում և ո՞ւմ է հասնում: «Այդ մասով վերջին շաբաթների ուսումնասիրությունները, որն արվեցին վերահսկողական ծառայության կողմից, ցույց տվեցինք, որ ջրօգտագործողներ կան, որոնք տասնյակ տարիներով ջուր են ստացել, չեն վճարել, չեն հաշվառվել: Երեկ Կառավարության նիստում նաև վարչապետի կողմից եղավ հանձնարարական աշխատաքային խումբ ստեղծելու: Առաջինն անհրաժեշտ է հստակեցնել պահանջարկն ինչքան է, որովհետև այն ծավալի ջուրը, որը տրամադրվում է և գումարը, որը հավաքագրվում է այդ ջրի համար անգամներով տարբեր է, պետք է հստակ հասկանալ՝ ինչքա՞ն ջուր է պետք և հետո տեսնել այդ ջրի առկայության աղբյուրները: Իհարկե ամեն ինչ անելու ենք, սա միայն Սևանի հետ առնչվող խնդիր չէ, մենք ունենք 7-8 մլրդ մակերևութային ջուր, բայց չենք կարողանում ապահովել այդ 2 մլրդ խմ ջրապահանջարկը: Այդ պահանջով խնդիրներ ենք ունենում կոնկրետ ամիսներին, կոնկրետ բնակավայրերի հետ»,- մանրամասնեց նա: 

Լրագրողի ճշգրտող հարցին, թե ամեն դեպքում հաջորդ տարի սպասվում է լրացուցիչ ջրառ, թե՞ ոչ, Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Ամեն ինչ պետք է անենք, որ չանենք ու ես համոզված եմ, որ չենք անելու նաև հաշվի առնելով, որ Արփա-Սևան թունելից լրացուցիչ ակնկալում ենք ջրի մուտք»: 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը՝ պատասխանելով հաջորդ տարի հավելյալ ջրառը «չմարսելու» մասին հարցին, ասաց. «Եկեք այսօր ևս պատրաստ լինենք, մյուս տարի ևս մարսելու: Կառավարությունը նոր է, երիտասարդ, բայց խնդիրները շատ հին և շատ են: Ես խնդրում եմ սա շատ լուրջ ընդունեք՝ ես որևէ պոպուլիստական հայտարարություններ պատրաստ չեմ անելու, ես ավելի ռեալ պետք է մոտենամ խնդրին, որովհետև դա չի նշանակում, որ 5-6 ամիս հետո մենք բոլոր խնդիրները լուծած կլինենք և Սևանից ջուր չենք վերցնելու: Ժողովուրդ ջա՜ն, էլի վերցնելու ենք, բայց պետք է աշխատենք հնարավորինս կազմակերպել, կառավարել, որպեսզի ինչպես այս տարի կարողանանք հնարավորինս ավելի քիչ դիմել Սևանին: Սա ես կարող եմ ձեզ ասել»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում