Էֆթանազիա՝ սպանություն թե՞ կենդանասիրություն. ինչո՞ւ են «աղմկում» Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:
Շուրջ երեք ամիս առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դահլիճում, որտեղ քննարկվում էր Արմավիրի մարզում գտնվող մասնավոր կենդանաբանական այգում կենդանիների պահման պայմանների մասին ահազանգը, Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակցուհի Անժելա Ջավադյանը, ով ևս ներկա էր հանդիպմանը որոշեց ահազանգ հնչեցնել գրեթե երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքի մասին: Նշենք, որ հանդիպման մասին պատշաճ կերպով չեն տեղեկացվել ո՛չ ԶԼՄ-ները, ո՛չ Արմավիրի մասնավոր կենդանաբանական այգու մասին ահազանգ հնչեցրած EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, ո՛չ էլ մի շարք կենդանապաշտպան, այդ թվում՝ միջազգային, կազմակերպություններ: Ամեն դեպքում, հանդիպմանը ներկա էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, աշխատակիցներ, տեսուչներ, ՀՀ տարածք կենդանիների ներկրմամբ/արտահանմամբ զբաղվող «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, «Էկզոտարիում» ՍՊԸ տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Երևանի կենդանաբանական այգու ներկայացուցիչ Ռուբեն Աբրահամյանը և այլոք:
Ճիշտ պահին և ճիշտ տեղում հայտնված Անժելա Ջավադյանն ասաց. «Ես աշխատել եմ Երևանի կենդանաբանական այգում 5-6 տարի: Գրեթե 1.5-2 տարի առաջ մենք ունեինք 8 առյուծ, որոնցից 4-ը որձ էին. որձերից 3-ին քնեցրեցին առանց պատճառի, ես անգամ կարող եմ ասել, թե որտեղ են նրանց թաղել»:
Օրերս համացանում հայտնվեցին լուսանկարներ, որոնցում իբրև թե Երևանի կենդանաբանական այգու առյուծներն են: Բեռնողը նույն Անժելա Ջավադյանն է, ով պատասխան է պահանջում Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանից: Այս դեպքի առնչությամբ Երևանի կենդանաբանական այգու մի շարք նախկին աշխատակիցներ վերհիշեցին նաև այլ դեպքեր և աղմուկը գնալով ավելի ուժգնացավ:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանից խնդրեց պարզաբանումներ տրամադրել վերոնշյալ դեպքի առնչությամբ: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Աբրահամյանը ներկայացրեց խոտանված կենդանիների վերաբերյալ տեղեկանք-հիմնավորում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «2017թ․-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կենդանի հավաքածուի մեջ հաշվառվում էր աֆրիկյան առյուծների (Panthera leo) ոչ էքսպոզիցիոն, տարիքով ծեր, անբուժելի առողջական խնդիրներ ունեցող թվով 3 (երեք) արու առանձնյակ: Վերջիններիս քանակական, տարիքային համամասնությունը, արյունակցական ու գենետիկ կապերը չէին համապատասխանում տեսակի զուգավորման և վերարտադրության պահանջներին, իսկ առկա ազատավանդակների չափերը չէին բավարարում գիշատիչ տեսակների բազմացման կենսապահանջը: 2016թ.-ի փետրվարից Կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը պարբերաբար տեղեկացրել է կենդանիների վատառողջ լինելու և նշանակված բուժումների անարդյունավետ լինելու մասին (կից ներկայացվող փաստաթղթերի մեջ առկա են նշված կենդանիների հիվանդության անամնեզները) և էֆթանազիա անելու թույլտվություն է խնդրել՝ ղեկավարվելով Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացայի (EAZA) Էվթանազիայի կարգով (EAZA Euthanasia/Culling Statement) և ՀՀ գործող օրենսդրությամբ:
Չնայած այս հանգամանքին՝ այգու տնօրինությունը նպատակահարմար է գտել շարունակել բուժումը (կից ներկայացվող փաստաթղթերում տես՝ գլխավոր կենդանաբույժի 2016թ.-ի դեկտեմբերի 6-ին գրած զեկուցագրի կարգադրագիրը): Կենդանիների բուժումը շարունակվել է մինչև 2017թ.-ի մայիս` դրա համար տրամադրելով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և ռեսուրսներ, իսկ կենդանիները խոտանվել են 2017թ.-ի մայիսի 17-ին:
Հաշվի առնելով տևական ժամանակահատվածում իրականացված բուժման անարդյունավետությունը, կենդանիների առողջացման զրոյական միտումը, ղեկավարվելով ՀՀ «Անասնաբուժության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետով և ԵԱԶԱ-ի Էվթանազիայի վերաբերյալ գործող կարգով՝ այգու թե՛ նախկին, թե՛ այդ պահին աշխատող գլխավոր կենդանաբույժները կրկին առաջարկել են խոտանել ծեր համարվող 1998թ., 2001թ. և 2008թթ. ծնված արու առյուծներին:
Հավելենք, որ աֆրիկյան առյուծների կյանքի տևողությունը 10-14 տարի է, իսկ վերոնշյալ առյուծները 2000թթ.-ից պահվել են իրենց կենսապահանջին չհամապատասխանող, բետոնե հատակով, ճաղապատված, անվտանգության նորմերին չհամապատասխանող և չջեռուցվող տարածքում, ինչը բացասաբար է անդրադառնում կենդանու բարեկեցության ու կյանքի որակի վրա վրա և էապես կրճատում կյանքի տևողությունը»:
Վերջինս տրամադրել է նաև մասնագետների երաշխավորագրեր, Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) գրությունը, կենդանիների հիվանդության էպիկրիզներ և այլ փաստաթղթեր:
Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) կապի և անդամակցության գծով տնօրեն Դեյվիդ Ուիլիամս-Միտչելը գրում է. «Մեր ուշադրությանն է արժանացել այն, որ Երևանի կենդանաբանական այգին, որը հանդիսանում է Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի թեկնածու-անդամ, էֆթանազիայի է ենթարկել 3 ծեր արու աֆրիկյան առյուծների։ EAZA-ն վստահ է, որ սա ճիշտ որոշում էր՝ հաշվի առնելով կենդանիների տարիքը և վիճակը։ Դեռ ավելին, EAZA-ն կարծում է, որ էֆթանազիան կարելի էր ավելի վաղ իրականացնել՝ կանխելով նրանց բարեկեցության խրոնիկ փոխզիջումները։ Ճիշտ իրականացնելու դեպքում էֆթանազիան չի հանդիսանում բարեկեցության փոխզիջում։ Անբուժելի հիվանդություն, թերզարգացած կարողություններ կամ այլ խնդիրներ ունեցող կենդանիների հումանիստական սպանությունը նախընտրելի է հենց կենդանիների համար։ Այս երևույթը լավ ծանոթ է ընտանի կենդանիներ ունեցողներին, ինչպես նաև պրոֆեսիոնալ կենդանաբաններին։ (...)
Երևանի կենդանաբանական այգու էֆթանազիայի ենթարկված աֆրիկյան առյուծ
Այս լույսի ներքո, EAZA-ն աջակցում է Երևանի՝ այս կենդանիներին խոտանելու որոշմանը և առաջարկում կենդանաբանական այգուն շարունակել կատարելագործել դրա հնարավորությունները և խնամքը այնպես, որ ցածր բարեկեցության դեպքերը միանգամայն վերացվեն հնարավորինս շուտ» /EAZA գրությունն ամբողջությամ՝ հղումով/:
Դեռ երեք ամիս առաջ ԲԸՏՄ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն արձագանքեց Անժելա Ջավադյանի հայտարարությունը՝ ասելով. «Քնեցնելուց սովորաբար հանձնաժողով է ձևավորվում, որոշում են ընդունում էֆթանազիայի ենթարկելու: Հնարավոր է ծեր են եղել կամ հիվանդ: Ի տարբերություն այլ կատվազգիների, առյուծները շատ են բազմանում և միշտ խնդիր է առաջանում: Մեր ժամանակ էլ է եղել, որ քնեցրել ենք առյուծներին, դա նորմալ է: Մեկ արուի հետ երեք էգ պահելը փրայդի (առյուծների ընտանիք/խումբ) գաղափարներից է: Ինչպես հասկանում եմ՝ սա այս տեսչության հետ կապ չունեցող հարց է»:
2017թ.-ին Երևանի կենդանաբանական այգում աշխատող ֆինլանդացի Ռոսա Ջոլմայի գրությունից պարզ է դառնում, որ կենդանիներին էֆթանազիայի ենթարկելու հետ կապված տարաձայնություն են եղել կենդանիների խնամակալների շրջանում, ինչը վերջինս փորձել է հարթեցնել: Նշենք, որ Ռոսա Ջոլման նաև մասնակցել է Հայաստանում իրականացվող արջերի փրկության մեծ ծրագրին, ինչպես նաև հանդիսանում է ARAV /Association of Reptile and Amphibian Veterinarians/, SEP /Finnish Veterinary Practitioners/, EAZWV /European Association of Zoo and Wildlife Veterinarians/, HBVC /Honey Bee Veterinary Consortium/ անդամ:
Ֆինլանդացի կենդանաբույժը գրում է. «Հասկանալի է, որ էֆթանազիան լավագույն լուծումն է ամենածերի (Արգիշտ) համար: Այսօր նրա վիճակն ավելի վատ էր, քան նախկինում: Ետևի ձախ ոտքի վերքը կրկին բացվել է և այժմ կենդանին ծայրահեղ նիհար է: Նախկինում նա թերքաշ էր, բայց այժմ միայն կաշին ու ոսկորներն են: Մենք պետք է նրան ենթարկենք էֆթանազիայի որքան հնարավոր է շուտ:
Երկրորդ ծերը նույնպես լավ վիճակում չէ: Նա շատ նիհար է և կարծես այլևս չի հետևում իր բաշին: Հարութն ասում է, որ երբեմն կենդանին փսխում է և դադարում սնվել: Նրանք ասում են, որ փորձել են նրան ավելի շատ սնունդ տալ, սակայն դա չի օգնել լուծել թերքաշության խնդիրը:
Երևանի կենդանաբանական այգու էֆթանազիայի ենթարկված աֆրիկյան առյուծ
Ծեր կատուների համար (այս մեկը ծնվել է 2001թ.-ին, եթե իմ տվյալները հավաստի են) նիհարելը, փսխումն ու ախորժակի կորուստը կարող են մի շարք խնդիրների նշաններ հանդիսանալ (օրինակ՝ քրոնիկ երիկամների հիվանդություն, ուռուցքներ, քրոնիկ ստամոքս-աղիքային խնդիրներ, ինչպիսիք են բորբոքային աղիքային հիվանդությունը և ինտենսիվ լիմֆոման): Այսպիսով, որպեսզի ախտորոշման համար մենք պետք է հավասարակշռության բերենք կենդանուն և վերցնենք արյան նմուշներ: (...)
Բայց բանը նրանում է, որ ավելի իմաստուն կլինի սկզբում իսկապես մտածել, թե ի՞նչ ենք մենք պատրաստվում անել այս կենդանու հետ երկարաժամկետ կտրվածքով: Նա նաև ունի ծանր վարքագծային խնդիր: Նա արտահայտում է ուժեղ կարծրատիպային գրգռումներ (ինչպես Հարութն ինձ ասաց), որն էլ առաջացրել է նրա թաթի հետ կապված խնդիրներն ամռան ընթացքում, երբ նա քայլում է բետոնի վրա:
Եթե մենք հիմա ցավազրկենք կենդանուն, վերցնենք արյան նմուշներ և նրա ստամոքս-աղիքային խնդիրների համար գտնենք արդյունավետ բուժում, ապա ամենայն հավանականությամբ մենք կարժանանանք առավել մեծ դիմադրության խնամակալների կողմից, եթե որոշենք քնեցնել կենդանուն կարծրատիպային վարքագծի պատճառով:
Բայց մենք չենք կարող ամիսներով պահել հիվանդ կենդանուն՝ չփորձելով անգամ բուժել նրան: Այսպիսով, կենդանու շահերից բխում է արագ որոշում կայացնելը: (...)
Ես էթիկական որևէ խնդիր չեմ տեսնում էվթանազիայի ենթարկելու մեջ, երբ դա կենդանու բարօրության համար է, բայց կարծում եմ, որ կենդանու խնամողներին պետք է կարողանանք բացատրել ընդունել այս տարբերակը՝ հակառակ դեպքում նրանք կարող են ընդդիմանալ ցանկացած այլ նոր լուծման, որը կառաջարկվի հետագայում։ Շատ ավելի դյուրին է աշխատել մոտիվացված անձնակազմի հետ, քան հակառակը։ (...)
Այս երկրում մարդիկ այնքան խելացի են, որ նրանք չեն ուզում գալ կենդանաբանական այգի և տեսնել տառապող կենդանիների: Այսպիսով, սա այն գաղափարն է, որը մենք կարող ենք օգտագործել խնամողներին բացատրելու համար որոշ կենդանիներից հրաժարվելու անհրաժեշտությունը: Եթե մենք չհրաժարվենք որոշ կենդանիներից, ապա չենք կարողանա /Ռոսա Ջոլմայի գրությունն ամբողջությամ՝ հղումով/:
Կրկին վերադառնանք ԲԸՏՄ տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ Անժելա Ջավադյանը նշեց. «Եղել է ժողով, խոսակցություն, որ պետք է այդ առյուծներին քնեցնել: Այդ 3 առյուծների փոխարեն բերեցին նախկինում Գյումրիում գտնվող առյուծներին: Ես անձամբ խնամակալն էի այդ առյուծների: Դրանք առողջ առյուծներ էին, այսինքն, չկար ոչ մի պատճառ քնեցնելու»:
Կարեն Մարտիրոսյանը, ով ևս այգու նախկին աշխատակից է և վերջերս է հեռացվել այգուց, հավելեց. «Ես ուղղակի ժողով եմ հիշում, այն ժամանակ ես դեռ աշխատում էի այգում: Քննարկումը եղել է, որ առյուծները մեծ են, պետք է քնեցնել, բայց իրականում շատ առողջ առյուծներ էին»:
Երևանի կենդանաբանական այգուն նշված աֆրիկյան առյուծներին էֆթանազիայի ենթարկելու երաշխավորագիր է տրամադրել նաև Թեհրանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով գրում է. «Էֆթանազիան պետք է կիրառվի այն դեպքում, երբ առանձնյակի առողջության և բարեկեցության համար պատասխանատու աշխատակազմի կարծիքով կենդանին տառապում է հիվանդության, անառողջ հոգեբանական վիճակի կամ ծանր ցավի ու սթրեսի պատճառով, որը չի կարող պատշաճ կերպով մեղմվել: Անգամ, եթե միակ այլընտրանքը կենդանուն ավելի ցածրակարգ պայամններում պահելն է, էֆթանազիան հանդիսանում է լավագույն ընտրությունը, որը կիրառելի է նաև կլինիկապես առողջ կենդանիների դեպքում: Էֆթանազիան լավագույն տարբերակն է նաև առանձյակի համար, որը խանգարում է խմբի բնական դինամիկային անհատական հավաքածուի շրջանակներում: Հետևաբար, կենդանիները, որոնք անցել են բազմացման տարիքից կամ ծեր են, կարող են ենթարկվել էֆթանազիայի, որպես հավասարակշռված պոպուլյացիայի կառավարման ռազմավարության մաս: Ելնելով բոլոր վերոնշյալ հանգամանքներից, ինչպես նաև հաշվի առնելով Թեհրանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժի առաջարկությունը, որն այցելել է Երևանի կենդանաբանական այգու առյուծներին անցյալ տարի, այս առյուծների համար էֆթանազիան հանդիսանում է լավագույն տարբերակը և նրանց կենդանի պահելը դեմ է կենդանիների բարեկեցության գաղափարին» /Իման Մեմարիանի գրությունն ամբողջությամ՝ հղումով/:
Վերոնշյալ հանդիպմանը ներկա «Փրո Փոուզ» (Pro Paws) միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի կարծիքով. «Այս դեպքում, եթե խոսքը Երևանի կենդանաբանական այգու մասին է, որը համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է, ապա յուրաքանչյուր կենդանի, որը գույքացուցակում առկա է, որոշակի կարգ ու կանոնով պետք է ենթարկվի էֆթանազիայի և մարվի, դա անհնարին է պարզապես առանց որևէ հիմքի անել: Եթե դուք պահանջում եք, որ դա ստուգվի, ես անձամբ չգիտեմ, թե տեսչական մարմինը որքանով է իրավասու դա անել»:
«Եթե այս մարդու արջը ունի ահազանգ, ապա երեք առյուծներն էլ ունեն»,- ասաց կենդանիների առք ու վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանը՝ նկատի ունենալով Արմավիրի մասնավոր կենդանաբանական այգու ահազանգը:
2016թ.-ին Ինտերպոլի կողմից հետախուզվող և մաքսանենգության հոդվածով քրեական գործով ներգրավված Արթուր Խաչատրյանը հայտարարեց. «Ես այն ժամանակ դիմել եմ կենդանաբանական այգուն, որպեսզի ավելցուկ առյուծներին հանձնեն ինձ և փոխանակման ծրագրով ուղարկվեն Իրանի իսլամական հանրապետություն: Ինձ պատասխանել են՝ ոչ: Այդ խոսակցությունը եղել է հեռախոսով:
Քաղաքապետարանից էլ են զանգել, ասել են՝ կարո՞ղ եք տեղավորել, ասացի՝ այո՛, կարող եմ տեղավորել «Զօօ Ֆաունա Արտ» ընկերության վերականգնողական կենտրոնում: Դիմումը տվել եմ 8 տարի առաջ ՀՀ բնապահպանության նախարարությանը, որ ես պատրաստ եմ վիրավոր ցանկացած կենդանու, առողջ կենդանու տեղավորել ինձ մոտ, որի համար չեմ պահանջում ոչ մի կոպեկ վճար: Բուժման նպատակով, կարանտինացման, ուզում եք պահեմ մինչև տեղավորեք, սակայն պատասխանը՝ ոչ մի բան, զրո»:
Նշենք, որ «Datalex» դատական տեղեկատվական համակարգի համաձայն 2017թ.-ի հունիս ամսին «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ պարտավորությունները չկատարելու պատճառով Էրեբունի և Նուբարաշեն դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ:
Հարց է առաջանում, թե Արթուր Խաչատրյանն ինչո՞ւ է «աղմկում»: Ուշագրավ է, որ ըստ պաշտոնական գրության Թեհրանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը խորհուրդ է տալիս նշված աֆրիկյան առյուծներին ենթարկել էֆթանազիայի, իսկ կենդանիների առևտրով զբաղվող Արթուր Խաչատրյանը պնդում է, որ կենդանիները կարող էին օթևան գտնել Իրանում: Բացի այդ, անգամ այլ հավասար պայմաններում, որքանով է նպատակահարմար, արդյունավետ և կենդանիների բարեկեցության գաղափարի մեջ տեղավորվում ոնջ պահել նման իրավիճակում գտնվող կենդանիներին: Ի՞նչ նպատակով էր Արթուր Խաչատրյանը ցանկանում «փրկել» կենդանիներին: Նման իրավիճակների ստեղծման հիմնական պատճառը ՀՀ-ում կարգավորող և վերահսկող պատշաճ օրենքների, նորմերի բացակայությունն է, որոնք պետք է լիարժեք անդրադառնան թե՛ անազատ և կիսազատ պայմաններում պահվող կենդանիների բարեկեցությանը, թե՛ կենդանիների առք ու վաճառքի, ներկրման և արտահանման գործընթացին, թե՛ մյուս բոլոր խնդիրներին՝ Ա-ից մինչև Ֆ: Մեծ դերակատարություն ունի նաև հանրային վերահսկողության գործոնի ընդլայնումը, որը հանդիսանում է կենդանիների բարեկեցության գաղափարի կարևոր բաղադրիչներից մեկը: Հանրային վերահսկողության և տեղեկատվության թափանցիկության գաղափարը անհրաժեշտ է առավելագույնս ներդնել նաև կենդանաբանական այգիների պարագայում, ինչը պետք է զուգորդվի նաև հասարակության շրջանում տեղեկատվական աշխատանքների իրականացմամբ՝ մարդկանց կողմից ընկալելի և ընդունելի դարձնելու համար հանուն կենդանիների բարեկեցության պահպանման իրականացվող էֆթանազիայի գաղափարը:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: