«Վալլեքս»-ի 10 տարվա ֆինանսական տնօրենը՝ նախարար

Օրերս Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար է նշանակվել 2016թ.-ից նույն նախարարության նախարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Խաչատրյանը: Վերջինս 1995թ.-ից գործունեություն է ծավալում պետական համակարգում: 2006թ.-ին նա լքել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը և աշխատանքի անցել մասնավոր սեկտորում:

Ուշագրավ է, որ 2006-2016թթ. Տիգրան Խաչատրյանը հանդիսացել է «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը: Նշենք, որ «Վալլեքս» ընկերությունների խմբի մեջ մտնում են նաև «Թեղուտ» ՓԲԸ, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ, «Էյ-Սի-Փի» ՓԲԸ և այլ ընկերություններ:

«Թեղուտ» ՓԲԸ կողմից շահագործվում էր Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, որը պաշտոնապես դադարեցրեց գործունեությունը 2018թ.-ի փետրվար ամսից: Դեռ 2016թ.-ից հայտարարվում է, որ ընկերությունն ունի լուրջ ֆինանսական խնդիրներ, իսկ վերջերս հայտնի դարձան նաև Թեղուտի հանքավայրի պոչամբարի վթարային վիճակի հետ կապված խնդիրները: Ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը՝ թողնելով լրջագույն բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև առաջացնելով տնտեսական և սոցիալական կոլապս. հազարից ավել մարդ զրկվեց աշխատանքից:

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ: Ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով ընկերությունը սեփականության իրավունքով անցել է ՎՏԲ բանկին, իսկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել, ինչի հետևանքով էլ ընկերությունը նաև տուգանվել է: Բնապահպանական, տնտեսական և սոցիալական բարդ դրություն է նաև ստեղծվել Ալավերդիում:

Ընդգծենք, որ նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը 10 տարի շարունակ հանդիսացել է «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը:

Օրերս Տիգրան Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսեց նաև տնտեսական որոշ ցուցանիշների անկման մասին: Վերջինս որպես ցուցանիշների վատթարացման հիմնական «օրինակ» բերեց «Թեղուտ» ՓԲԸ գործունեության դադարեցումը, մասնավորապես՝ դրա հետևանքով առաջացած արտահանման ծավալների կրճատումը: Տիգրան Խաչատրյանը «երրորդ կողմի» դիրքն ընդունած ասաց. «Անցյալ տարվա ընթացքում մեկ կարևոր գործոն, որ այս տարի բացակայում է, հատկապես՝ լեռնահանքային ոլորտում արդյունաբերական արտադրանքի արտահանման մեծ ազդեցությամբ գործոնն է: Մենք նախորդ տարվա ընթացքում արտահանվող ապրանքների արժեքի 1/3-ից ավելին ստանում էինք արտահանվող խտանյութերի արժեքի ձևով: Այս տարի, գիտե՛ք, այդ մասին բազմիցս է խոսվել, լեռնահանքային ոլորտի խոշոր ձեռնարկություններից մեկը՝ «Թեղուտ» ընկերությունը տարեսկզբին դադարեցրել է իր գործունեությունը: Հավասար այդ պայմաններում միայն 9 ամսվա կտրվածքով նշանակում է մոտ 100 հազ. տոննա պակաս արտադրված խտանյութ, իսկ դա նաև հանրագումարով նշանակում է, որ մենք մոտավորապես 100 մլն դոլար ավելի շատ ապրանքներ ենք արտահանել այս տարվա գներով, նախորդ 2017թ.-ի ընթացքում, քան 2018թ.-ին: Այսինքն, միայն այդ մեկ գործոնի հաշվով արտադրվող և արտահանվող ապրանքների արժեքը նվազել է ավելի քան 100 մլն դոլարով: Սա այն դեպքերից մեկն է, երբ մենք ասում ենք, որ տնտեսության կենտրոնացվածությունը էապես կախման մեջ է դնում հանրագումարային պատկերը»:

Խոսելով նաև ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի մասին, Տիգրան Խաչատրյանն ասաց. «Ցանկացած տնտեսության համար հանքարդյունաբերությունը տնտեսական հնարավորությունների օգտագործման եղանակներից մեկն է: Այն պետք է չչարաշահել ու չպետք է անտեսվեն այն սոցիալական և բնապահպանական հարցերը, որոնք առաջ են գալիս անհաշվենկատ մոտեցումների արդյունքում: Ներկա վերանայումների հիմնական առանցքը դա է, այսինքն՝ ցանկացած տնտեսական նախաձեռնություն, որը վերաբերում է հանքագործությանը պետք է դիտարկել բազմակողմանիորեն, պետք է հաշվի առնել դրա առողջապահական, բնապահպանական և սոցիալական ազդեցությունը և նոր կայացնել որոշումներ:

Հայաստանում գործում են թվով 7-8 համեմատաբար խոշոր լեռնահանքային ձեռնարկություններ, դրանցից յուրաքանչյուրի գործունեության ընթացքում կարող են առաջանալ ռիսկեր և հասարակությունը լինելով և՛ հարցերի նկատմամբ պահանջատեր, և՛ պատկան մարմինների, որոնք ունեն կարգավորող գործունեության գործառույթներ, պետք է ուշադիր լինի բոլոր հարցերի նկատմամբ»:

Վերջերս Տիգրան խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ առաջացած իրավիճակին: Վերջինս մասնավորապես նշել է. «Երբ նման գործընթացները ժամանակի մեջ դանդաղում են, դա առաջացնում է սպասող կողմի որոշակի դժգոհություն: Կառույցները, որոնք իրավասու են այդ ընթացքը սպասարկելու համար, պետք է անեն առավելագույնն իրենց արդար եզրակացություններն արագ կայացնելու հարցում: Մենք հասկանում ենք, որ դա մեծության և օտարերկրյա ներդրումների ծավալով ամենամեծ ներդրումներից է ոչ միայն Հայաստանի համար, այլև միջազգային ներդրումային հանրության ուշադրության կենտրոնում է, և համոզված ենք, որ առաջիկայում կայացված որոշումները լինելու են այնպիսին, որ որևէ երկիմաստության տեղիք չտան:

Եթե կան բացեր, այդ թվում՝ բնապահպանական, և դրանք կարգավորելի են, ապա կլինեն խորհուրդներ, թե ինչպես պետք է կազմակերպությունը բացը լրացնի, որպեսզի կարողանան քայլել առաջ: Եթե չկան նման բացեր, ապա կազմակերպությունը, վերահաստատվելով և ավելի վստահ լինելով, որ իր ունեցած եզրակացություններն առ այսօր համապատասխանում են օրենքի պահանջին, կշարունակի իր նախատեսած գործունեությունը»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում