ԲՆ-ն ցանկանում է էլեկտրական շարժիչով մեքենաներն ազատել ԱԱՀ-ից

Բնապահպանության նախարարությունը վերջերս նոր օրենքի նախագծով է հանդես եկել:  Նոր նախագծով նախատեսվում է էլեկտրական շարժիչով մեքենաները ազատել ԱԱՀ-ից։ Հակիրճ բնութագրում ասվում է. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (ՀՕ-165-Ն) 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 52-րդ կետով՝ «52) ԱՏԳԱԱ 8703 90 10 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումը, եթե դրանք ներմուծման օրվանը հաջորդող 365 օրվա ընթացքում չեն արտահանվում (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններ)»»: 

Նախագիծը հիմնավորումը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու հետ։ «Աշխարհում էլեկտրամոբիլների օգտագործումն արագ տեմպերով ավելանում է՝ պայմանավորված ինչպես դրանց բազմազանության ավելացմամբ, այնպես էլ տարատեսակ պետական արտոնությունների և էկոլոգիական համեմատական անվտանգության հետ։

Հայաստանում հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկի գծով սահմանված է արտոնություն։ ՀՀ հարկային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները, այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով, ազատվում են մթնոլորտային օդ վնասակարն նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից։ Իսկ Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի փետրվարի 14-ի N675-Ն որոշմամբ՝ որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերին տրամադրվել է արտոնություն՝ ազատելով ավտոկայանատեղի համար սահմանված տեղական վճարից։ Մինչդեռ նշված արտոնությունները գործնականում չեն խրախուսում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը ՀՀ-ում»,- ասվում է հիմնավորման մեջ:

Արդյունքում նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել երկրում էլեկտրամոբիլների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև ՀՀ էներգետիկ կախվածության նվազեցման համար։ Նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հղումով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում