Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեսչական ստուգումների ժամկետը երկարացվել է
Ինչպես հայտնել ենք, Բնապահպանության և ընդերքի տեսչկական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնել է, որ սկսած սեպտեմբերի 10-ից տեսչական մարմնի ստուգումներ են սկսվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Արթուր Գրիգորյանը ստուգումներն արդյունավետ ու հանրության համար վստահելի խորությամբ իրականացնելու համար առաջարկել է ներգրավել նաև հանրությանը և տեղի բնակչությանը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում հայնեց. «Ստուգումները շարունակվում են: Որոշվել է 75 աշխատանքային օրով երկարացնել ստուգման գործընթացը, բայց հնարավոր է նաև ավելի շուտ ավարտվի: Ստուգման ընթացքի մասին տեղեկություններ հայտնել չենք կարող»:
Հիշեցնենք, որ դեռ մայիս ամսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ 28 մետաղական հանքերում ստուգումներ իրականացնելու մասին: «Հաշվի առնելով հանքարդյունահանման բնագավառում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման բարձր ռիսկերը, որոնք շրջակա միջավայրի համար վտանգ ստեղծելու ռիսկ են ստեղծում, բնապահպանության նախարարը խնդրել է վարչապետի հանձնարարականը ստուգումների կազմակերպման համար»,- ասել է վարչապետը:
Ստուգումների գործընթացը մեկնարկեց Ամուլսարի ոսկու հանքավայրից: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր. «Բացի ստուգումներից այլ զուգահեռ գործընթացներ կան, որոնք իրականացվում են: Այսինքն, ոչ միայն ֆիզիկական ստուգումների մասին է խոսքը, այլև փաստաթղթային, ավելի տեխնիկական հարցերով և այլն: Ստուգումները կմեկնարկեն շատ շուտ, երբ որ տեխնիկական հարցերը կարգավորվեն: Կկազմվի ժամանակացույց և կարծում եմ, որ դրանք կմեկնարկեն ամենառիսկային և ամենամեծ հնչեղություն ունեցող հանքարդյունաբերողների մոտ»:
Նշենք նաև, որ սեպտեմբերի 26-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքերի ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիրգորյանին: Նամակի միջոցով ընկերությունը հայտնում է, որ նոր պոչամբարի կառուցման համար տարածք է որոնում: Ավելի վաղ վերջինս հայտնել էր, որ ընկերությունը պատրաստվում է փակել Արծվանիկի պոչամբարը: Վերջինս մանրամասնել է. «Արծվանիկի պոչամբարը նախագծվել և շահագործման է հանձնվել դեռևս խորհրդային տարիներին։ Բնական է, որ այն ժամանակներից շատ բան է փոխվել թե´ բնապահպանական ու անվտանգության չափանիշների, և թե´ տեխնոլոգիաների առումով»:
Հիշեցնենք, որ Քաջարանում առաջին երկրաբանական հետազոտությունները կատարվել են 1880-ական թվականներին և շարունակվել մինչև 1931 թ., երբ սկսվել է տարածքում լայնածավալ հորատման ծրագրերի իրականացումը: Իր առաջին արտադրանքը կոմբինատը թողարկել է 1951 թ.: Ընկերությունը հիմնվել է որպես պետական ձեռնարկություն` 1951 թ., իսկ 2004 թ.-ին ԶՊՄԿ-ը մասնավորեցվել է և նրա սեփականատերերն են`«ՔՐՈՆԻՄԵՏ մայնինգ» ՍՊԸ (60%), «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ (15%), «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ (12,5%), «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ (12,5%):