Սևանի ջուրը «Լիդիան Արմենիա» ընկերությունն օգտագործել է տեխնիկական նպատակներով. Արթուր Գրիգորյան

Օրերս տեղի ունեցավ Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի ամփոփիչ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, ով նաև ղեկավարում է աշխատանքային խմբի աշխատանքները, անդամներին ներկայացրեց մի շարք մանրամասներ տեսչական մարմնի իրականացրած վարչական վարույթների վերաբերյալ:

«Երկու վարչական վարույթ ենք իրականացրել Ամուլսարում ջրերի օգտագործման հետ կապված. մեկը «Եղեգնաձոր ՋՕ» կողմից «Լիդիան Արմենիա» (“Lydian Armenia”) ընկերությանը մատակարարվող ջրի մասով, քանի որ ջուրը մատակարարվել է տեխնիկական նպատակներով, մինչդեռ ջրառը կատարվել է Կեչուտի ջրամբարից, որի ջուրը կարող էր օգտագործվել բացառապես ոռոգման նպատակով: Եվ երկրորդը. Գնդեվազի գյուղապետարանի վերաբերյալ, որն այժմ խոշորացված համայնքի մաս է, «Յոթ աղբյուր-Գնդեվազ» ջրատարից է ջուր մատակարարվել 2011-2012թթ.-ին, նույնպես այդ ջուրը կարող էր մատակարարվել ոռոգման նպատակով, բայց այն մատակարարվել է տեխնիկական նպատակներով»,- մանրամասնում է Արթուր Գրիգորյանը:

Վերջինս նշում է. որ այս երկու վարչական վարույթները որոշ պատճառներով կարճվել են, բայց քանի որ առկա է կոռուպցիոն ռիսկի հավանականություն, ԲԸՏՄ-ը գործերն ուղարկել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն: «Եթե լինեն կոռուպցիոն դրսևորումների կասկածներ, ապա կարող է նաև քրեական գործ հարուցվել: Այն ժամանակվա Ջրային տնտեսության պետական կոմիտեն հրահանգել է «Եղեգնաձոր ՋՕ»-ին, որպեսզի մատակարարի ջուր «Լիդիան Արմենիա» ընկերությանը Կեչուտի ջրամբարից և չի հստակեցրել, թե ի՞նչ նպատակներով՝ ոռոգման, տեխնիկական, բայց պարզ է, որ ընկերությունն այնտեղ լոբի չէր աճեցնելու, այլ ընդերքօգտագործման հետ կապված պետք է օգտագործեին: Ցանկացած պարագայում, երկու խնդիրն էլ ուղարկվել է Վերահսկողական ծառայություն և պետք է հասկանալ, թե այս գործընթացքում կան արդյո՞ք կոռուպցիոն դրսևորումներ, ի՞նչ իրավունքով են «Եղեգնաձոր ՋՕ»-ին հրահանգել Կեչուտի ջրամբարից, որը Սևանի ջուրն է, տեխնիկական նպատակներով ջուր օգտագործել, երբ այդ ջուրը բացառապես ոռոգման նպատակներով կարելի է օգտագործել»,- նշեց ԲԸՏՄ ղեկավարը:

Վերջինիս խոսքերով, Կոմիտեն պնդում է, որ չի հստակեցրել, թե ինչ նպատակով է տրամադրել ջուր, այլ պարզապես հրահանգել է ջուրը մատակարարել: «Այստեղ քրեական վարույթի շրջանակներում կարող է հարցը կանոնակարգվել, թե ո՞վ ու ի՞նչ լիազորություններ է անցել և ի՞նչ հետևանքներ կարող է դա առաջացնել: Երկու դեպքում էլ կա պայմանագիր կնքված ընկերության և մեկ դեպքում՝ «Եղեգնաձոր ՋՕ»-ի միջև, մյուս դեպքում՝ Գնդեվազի համայնքապետարանի միջև: Երկու պայանագրերն էլ, ըստ էության, ոչ իրավաչափ են եղել: Մենք երկու դեպքում էլ վարչական վարույթի շրջանակներում հանձնարարել ենք դադարեցնել ցանկացած գործունեություն, որը կարող է ջրամատակարարման հետ կապված լինել, քանի որ դա անօրինական է, իսկ արդեն իսկ կատարվածի վերաբերյալ Վերհսկողական ծառայությունը կզբաղվի և արդյունքների մասին կտեղեկացնեն»:

Հիշեցնենք, որ հարուցված վարչական վարույթների մասին ԲԸՏՄ հայտնել է օգոստոս ամսին՝ առաջարկելով ՀՀ բնապահպանության նախարարությանը նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում