Գեղարքունիքի մարզում ավազահանքը «շահագործողները» առափնյա ծիծեռնակի 100-ավոր բներ են ոչնչացրել (ֆոտո)
Ֆեյսբուքյան ակտիվ հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին, որոնք վերաբերում են բնապահպանական նորմերի խախտումներին և մտահոգություն են առաջացնում քաղաքացիների մոտ: Այս անգամ ահազանգում է էկոլոգ-փորձագետ Հրաչիկ Միրզոյանը՝ գրելով. «Ամիսներ առաջ ահազանգել էի, որ Ծովագյուղի մոտ Ճամբարակ տանող ճանապարհի մոտ ավազահանք կա, որի զառիթափ պատին առափնյա ծիծեռնակների մի մեծ գաղութ է բնավորվել... Ավազահանքի շահագործումը վերսկսվել էր և սպառնալիքի տակ էր առափնյա ծիծեռնակների բնադվայրը... Ահա այսօրվա լուսանկարում արդեն ծիծեռնակների գաղութը ոչնչացվել է.... ՏՆԱՔԱՆԴՆԵ՛Ր... Ո՞վ է պատասխան տալու այս տնաքանդության համար...Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը թող պատասխան տա, թե արդյո՞ք ավազահանքը շահագործվում է օրինական...»:
Ավազանքը՝ սեպտեմբեր ամսին
Դեպքի մանրամասներին տեղեկանալու նպատակով EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցեց Հ. Միրզոյանի հետ. «Ամռան ամիսներին այդտեղ ծիծեռնակների մեծ գաղութ կար. ես գրեթե ամեն շաբաթ-կիրակի անցնում եմ այդ ճանապարհով և տեսնում եմ, թե ծիծեռնակներն ինչպես եկան, ինչպես են ձագերին խնամում և այլն: Այս տարվա ամռան վերջին հանկարծ սկսեցին այդտեղից ավազ տանել: Առափնյա ծիծեռնակները բնադրում են ավազոտ պատերի վրա, որպեսզի հնարավոր լինի ծակելով մտնել պատի մեջ: Ծակեր են անում ավազի փափուկ շերտերի մեջ ու գաղութի տեսքով ապրում են: Հետո սկսեցին ավազը տանել և ծիծեռնակների բները փուլ եկան, այսինքն՝ պատը փլվեց, որտեղ ծիծեռնակների բներն էր: Թռչունների թիվը հասնում էր մոտ մի քանի հարյուրի: Երբ ես տեսա ավազ են տանում, բարձրաձայնեցի այդ մասին իմ էջում, իսկ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին արդեն պատը փլվել էր և բները ոչնչացվել էին»:
Հրաչիկ Միրզոյանը համոզված է, որ դա մարդու ձեռքի գործ է, ավելի կոնկրետ՝ ավազը տանողների: «Արդյո՞ք չարժեր սպասեին մինչև ծիծեռնակները չվեին, այսինքն՝ մինչև սեպտեմբերի վերջը: Մյուս խնդիրը՝ արդյո՞ք այդ ավազահանքը գործում է օրինական: Եթե անգամ օրինական է գործում, պետությունը կարող է արգելանք դնել այն պատերի վրա, որոնց վրա բներ կան: Կարող էին այլ վայրերից ավազ տանել, որպեսզի բները չփլվեին: Բայց ուշադրություն դարձնող չեղավ, ցավոք սրտի, և այդ թռչուններն անտուն մնացին: Հիմա, թռչունները ոչնչացան թե՞ չէ, դժվար է ասել, երկրորդ տարին կվերդառնան թե՞ չէ, էլի դժվար է ասել: Եթե հանքն օրինական է, ապա այն պետք է ունենար ՇՄԱԳ փորձաքննություն, որի մեջ պետք է գրված լիներ նաև ծիծեռնակների խնդրի մասին: Քանի որ խոսքը գնում է ուղղահայաց պատով ավազահանքի մասին, ապա ակնհայտ է, որ ծիծեռնակները կարող էին այնտեղ բույն դնել: ՇՄԱԳ-ի մեջ պետք է նաև միջոցառումների պլան լիներ, որի մեջ պետք է հաշվի առնվեր այդ հանգամանքը ևս»,- մանրամասնում է նա:
Ավազահանքը՝ հունիս ամսին
Առափնյա ծիծեռնակը (Riparia riparia) Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Մասնագետները մեզ հետ զրույցում նշեցին, որ թռչուններին վնաս ապառնալու տեսանկյունից կարևոր է, թե որ շրջանում են քանդվել նրանց բները. եթե բները քանդել են օգոստոսի վերջում կամ սեպտեմբերի սկզբին, ապա քիչ հավանական է, որ թռչունները կամ դրանց ձագերը վնասվել են, քանի որ այդ սեզոնին հիմնականում թռչունների բնադրման շրջանն արդեն վերջացած է լինում: Եթե թռչունները մյուս տարի վերադառնան և չգտնեն իրենց բները, ապա կտեղափոխվեն այլ զառիթափ: Պատահում է նաև, որ առափնյա ծիծեռնակներն անգամ հին բների կանգուն լինելու դեպքում այլ տեղ են տեղափոխվում կախված տարբեր հանգամանքներից, օրինակ՝ եթե իրենց բներում այլ թռչուններ են բնադրած լինում: Մասնագետները նշում են նաև, որ եթե բները քանդված լինեին հունիս ամսին, ապա դա շատ վատ հետևանքներ կունենար. կխափանվեր թռչունների բնադրման գործընթացը, շատ ընտանիքներ կմնային առանց սերնդի: Միգուցե թռչուններն օգոստոս, սեպտեմբեր ամիսներին մտնեն բներ՝ հանգստի կամ շոգից պաշտպանվելու համար, բայց բնադրումն արդեն ավարտված է լինում, իսկ ձագերն էլ արդեն թռչելու ընդունակ են լինում, և թռչունները վտանգի դեպքում պարզապես կթռչեին ու կհեռանային:
Առափնյա ծիծեռնակ, լատ.՝ Riparia riparia
Այս դեպքը, մասնագետների գնահատմամբ վատ նախադեպ է, քանի որ քանդվել է մի ամբողջ կենսամիջավայր, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանից տեղեկացանք նաև, որ Հրաչիկ Միրզոյանի ահազանգն ընդունվել է և ընթացքի մեջ է: Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ և մանրամասն տվյալներ հայտնի կդառնան վարույթն իրականացնելուց հետո:
Հրաչիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում նաև ներկայացրեց հանքավայրի գտնվելու կոորդինատային տվյալները. 38T 496816.24mE 4496427.00mN WGS-84 կորդինատային համակարգով կամ 40037՛07,0N և 44057՛49,0՛՛E աստճան, րոպե, վայրկյան կորդինատային համակարգով:
Ավազահանքի տեղադիրք
Հայաստանի հանքավայրերի շտեմարանի տվյալների համաձայն, Գեղարքունիքի մարզում շահագործվում է երկու ավազային հանքավայր՝ «Ծովակի պեմզային ավազներ» և «Ձորագյուղի պեռլիտային ավազներ», որոնց տեղադիրքը չի համապատասխանում ներկայացված տվյալներին:
Հետևաբար, մեծ է հավանականությունը, որ նշված ավազային հանքավայրն ապօրինի է շահագործվում: