«Գայլը սատկեց... հաջորդն արջերն են». ահազանգ Տաշիր քաղաքից (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների և թռչունների, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին տեղեկություններ:

Այս անգամ ահազանգ ենք ստացել Լոռու մարզի Տաշիր քաղաքից: Մեզ հայտնած տեղեկությունների համաձայն, Տաշիր քաղաքի պանրի գործարանի հարակից տարածքում, որտեղ նախկինում կարի ֆաբրիկա է եղել անազատ պայմաններում պահվում է երկու արջ:

Ահազանգի համաձայն՝ տարածքում նաև գայլ է պահվել. «Բայց այս տարի գայլը սատկեց... հաջորդն արջերն են: Ահավոր վատ վիճակում են, օրը 24 ժամ գնում-գալիս, գնում-գալիս են 2 մետրի վրա»,- հայտնում է քաղաքացին:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց տվյալ տարածքում գործող պանրի գործարանի (Դուստր Մելանյա) արտադրության պետի հետ, ով կտրականապես հերքեց տեղեկությունը՝ այն սուտ որակելով: Կապ հաստատեցինք նաև Տաշիրի համայնքապետարանի հետ, որտեղից կրկին հերքեցին տեղեկատվությունը՝ հարց ուղղելով լրագրողին. «եթե նույնիսկ կա էլ, դա օրենքով թույլատրելի՞ չէ»: 

Տաշիր քաղաք

Բազմաթիվ մասնագետներ տարիներ շարունակ նշել են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում առկա թերությունների և վայրի կենդանիներին անազատ և կիսազատ պայմաններում պահելու ոլորտում առկա բացերի, օրենսդրական պատշաճ վերահսկողության բացակայության մասին: Նշված օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն այժմ գտնվում է լրամշակման փուլում և Բնապահպանության նախարարության հավաստիացմամբ շուտով Հայաստանը կունենա ոլորտը կարգավորող պատշաճ օրենք:

Ամեն դեպքում, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքը սահմանում է Անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահման և օգտագործման կարգը: Հոդված 27.1 -ի առաջին կետով ասվում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը»:

Ինչպես նաև հոդված 27.2-ի առաջին կետը սահմանում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»: 

Պանրի գործարանի կամ դրա հարակից տարածքում անազատ պայմաններում արջեր պահելը, ըստ էության, չի բավարարում օրենքով սահմանված կարգին, քանի որ տվյալ դեպքում դժվար է ասել, որ ապահովված են կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները կամ դեպքը դիտարկել, օրինակ գիտահետազոտական, ուսումնական կամ արգասիք ստանալու տեսանկյունից:

Ինչպիսի՞ն է ընդունված միջազգային փորձը. դեռ 1977թ.-ին Մեծ Բրիտանիայում կենդանիների բարեկեցության աստիճանը գնահատելու համար գիտնականների կողմից ներդրվեց «5 ազատությունների» (5 freedoms) սկզբունքը: Այս մոդելը սահմանում է 5 նվազագույն ազատությունները, որոնք պետք է ունենա անազատ կամ կիսազատ պայմաններում պահվող ցանկացած կենդանի.

1. Ազատություն սովից ու ծարավից (Freedom from hunger or thirst)

2. Ազատություն անհանգստությունից (Freedom from discomfort)

3. Ազատություն ցավից, հիվանդություններից և վնասվածքներից (Freedom from pain, injury or disease) 

4. Բնական վարք դրսևորելու ազատություն (Freedom to express (most) normal behaviour)

5. Ազատություն սթրեսից և վախից (Freedom from fear and distress)

Այս հինգ ազատությունները հետագայում ներառվեցին Կենդանիների բարեկեցության համաշխարհային հռչակագրում (Universal Declaration on Animal Welfare): Համաձայն հռչակագրի՝ «5 ազատությունները» պետք է ապահովված լինեն անազատության մեջ պահվող կենդանիների համար: 

Հայաստանում նշված ազատությունները դեպքերի մեծամասնությամբ չեն պահպանվում: Ավելին, չեն պահպանվում նաև ՀՀ օրենքով սահմանված դրույթները:

Տաշիր քաղաք

Մասնավոր տարածքներում անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելն ընդհանրապես անընդունելի է նաև կենդանիների նկատմամբ դրսևորող վարքի, պատշաճ խնամքի, ճիշտ սննդակարգի բացակայության պատճառով: Կենդանաբույժ Մանուկ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Խնդիրները շատ են: Նման դեպքերում ո՛չ կերակրման պրոցեսն է ճիշտ գնում, դա հաստատ, որովհետև ով ինչ հասնում՝ տալիս է. «քաղցր-մաղցր» բաները կենդանու համար իրականում շատ վատ է»: Վերջինս նշում է՝ որքան կենդանին մարդու հետ շատ է շփման մեջ լինում, այնքան նրա մոտ խնդիրները շատ են լինում. մարդու համար դա զվարճանք է, բայց կենդանու համար՝ սթրես:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում