Օրինական թե՞ անօրինական. Ծառահատումների մանրամասները պարզվում են (տեսանյութ)

Օրերս «Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր Գեղամ Օհանյանն ահազանգ հնչեցրեց Կիրանցի (Քարահանի) կիրճից դեպի վանք տանող ճանապարհին տեղի ունեցած ծառահատումների մասին: Գեղամ Օհանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հատված ծառերը հայտնաբերվել են Աճարկուտ գյուղից դեպի Կիրանցի վանք տանող ճանապարհին, մասնավորապես՝ գյուղից անմիջապես անտառ մտնելիս դեպի վանք տանող ճանապարհի մոտավորապես 6-րդ կմ-ին արշավախումբը հանդիպել է հատված ծառերի և դրանք տեղափոխող մեքենաների:

Նշված անտառային տարածքները գտնվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վերահսկողության և տնօրինման ներքո: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց Անտառային կոմիտեի նախագահի օգնական, մամուլի գծով պատասխանատու Լուսինե Հակոբյանի հետ, ով մանրամասնեց. «Ահազանգից հետո մեր պահպանության բաժնի աշխատակիցները ստուգայց են իրականացրել նկարագրած տարածքում: Տեսանյութում ցուցադրվող վայրը «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետաշենի, Կիրանցի անտառպետություններում է: Այդտեղ կան 5 օրինական հատատեղիներ ու այնտեղ առկա փայտանյութն, ըստ իրականացված ստուգումների, օրինական հատատեղիներից գոյացած փայտանյութն է: Բացի այդ, տարածքում նաև թափուկ տեսակի փայտանյութ է գոյանում: Ահազանգից հետո կրկնակի ստուգումներ են իրականացվել»:

Վերջինս հայտնեց նաև, որ այդ տարածքից փայտ են գնել ինչպես Պաշտպանության նախարարությունը, այնպես էլ՝ ԱԱԾ-ը: Գնված փայտը երբեմն պահ է տրվում «Հայանտառին», այնուհետև նոր տեղափոխվում և հնարավոր է, որ ֆիքսվել է հենց տեղափոխման պահը:

Ահազանգին արձագանքել է նաև Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը: Մեզ հետ զրույցում փոխնախարարը հայտնեց. «Ահազանգի առնչությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ այդ տարածքում օրինական հատատեղեր կան և այժմ մենք դրանք ամբողջությամբ ուսումնասիրում ենք: Նախարարությունը մանրամասնորեն ուսումնասիրում է նաև, թե որքանով են օրինական այդ հատումները և անգամ հատատեղիները»:

Դեպքի վայրում եղած ականատեսները պնդում են, որ փայտանյութ տեղափոխող անձինք խուսափել են հարցադրումներին հստակ պատասխանելուց, ինչպես նաև կտրված ծառերի կադրերը ֆիքսելուց, հետևաբար ականատեսները ստիպված են եղել «աննկատ» նկարահանում իրականացնել:

Ընդգծենք, որ օրինական հատումներն իրականացվում են սահմանված կարգին համապատասխան. կազմվում է մասնագիտական հանձնաժողով, ընտրվում են ծառերը, որոնք ենթակա են հատման, դրանք համարակալվում են, ապա նոր կտրվում: «Մասնագիտական հանձնաժողովի անդամներն են գնում, տարածքն ուսումնասիրում, որոշում կայացնում: Այսինքն, առողջ և կանգուն ծառը չի կարող հատվել, բայց պետք է հաշվի առնենք, որ կան նաև քամատապալ ծառեր, որոնք վերածվում են թափուկի»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Լուսինե Հակոբյանը:

Նշենք, որ հրապարակված լուսանկարներում և տեսանյութում, ինչպես նաև ականատեսների պնդմամբ, ծառերի վրա համարակալման նշաններ չեն երևում: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում