Ամուլսարի Արտավազդես և Տիգրանես գագաթները Ապոլոնի բնակատեղի են. Արթուր Գրիգորյան

«Այսօր տեղեկատվություն է տարածվել, որ Ամուլսարում Ապոլոն թիթեռի բնակատեղի հայտնաբերելու նպատակով ստեղծված "... խումբը՝ ներառյալ... տեսչությունը...ամսի 4-ին, ուսումնասիրությունները կատարել են, ուսումնասիրության արդյունքում բերել են արձանագրություններ, որ այս հատվածում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է այդ թիթեռը և չի կարող հանդիսանալ տվյալ վայրը թիթեռի բնադրավայր...":»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: 

Վերջինս մանրամասնում է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչը չի իրականացրել որևէ "ուսումնասիրություն" և չէր կարող դա անել, քանի որ չի հանդիսանում այդ ոլորտի մասնագետ: ՀՀ բնապահպանության նախարարի առաջարկով տեսչության ներկայացուցիչն ընդամենը մասնակցել է հանքավայր կատարված այցելությանը և ստորագրել այցելության փաստն արձանագրող հաշվետվությունը:

Տեսչությունը շարունակում է մնալ այն տեսակետին, որ Ամուլսարի Արտավազդես և Տիգրանես գագաթները, որտեղ տեսչական ստուգման արդյունքում անհերքելիորեն ապացուցվել է նշված կարմիրգրքային կենդանատեսակի հայտնաբերման փաստը, հանդիսանում է այդ կենդանատեսակի բնակատեղի, քանի դեռ հիմնավոր և իրական ուսումնասիրության հիման վրա հակառակը չի ապացուցվել»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի տարածքում չի հայտնաբերվել կարմիրգրքյան ոզնաթուփ մեխակ բուսատեսակը, իսկ Ապոլոն թիթեռի ապրելավայրը չի ենթարկվում ազդեցության:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում