Վանաձորը միանում է մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու գործընթացին
Ինչպես հայտնել ենք, բնապահպանության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում աստիճանաբար կնվազի, այնուհետև կարգելվի մեկ անգամյա օգտագործման պլաստիկի գործածությունը՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու և աղբի կառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով։
Որոշում է ընդունվել ծրագիրը մեկնարկել Արագածոտնի մարզի, Թալին համայնքից: Ծրագրի շրջանակներում բնապահպանության նախարարությունը Թալինի քաղաքապետարան հետ համատեղ օգոստոսի 10-ին իրականացրեց առաջին հանրային լսումները, որոնց ներկա էին Թալին համայքի ավագանու անդամները, քաղաքացիները, ուսուցիչները, քաղաքապետարանի աշխատակիցները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները և այլն։
Նախարարության նախաձեռնությանը միացել է նաև Վանաձոր համայնքը: Համայնքապետարանի կայքէջում կոչ է հնչել ուղղված բնակիչներին. «Կոչ ենք անում հանրությանը հնարավորինս նվազեցնել մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումն առօրյայում՝ պահպանելով բնությունը, մաքուր պահելով շրջակա միջավայրը»: