3D տպագրությամբ պոչ՝ Միսթր Սնաբս անունով ալիգատորի համար (տեսանյութ)
Տաս տարի առաջ անօրինական առևտրով զբաղվող անձանցից առգրավված բեռնատարի մեջ, որը լիքն էր էկզոտիկ կենդանատեսակներով, հայտնաբերվել է ծանր վնասվածք ստացած ալիգատոր. կենդանու պոչը բացակայել է: Սողունին տեղափոխել են վերականգնողական կենտրոն և սկսել են պրոթեզներ նախագծել նրա համար:
Ալիգատորների համար պոչի նշանակությունը շատ մեծ է. այն օգնում է կենդանուն հավասակշռություն պահպանել քայլելու և լողալու ընթացքում: Առանց պոչ ալիգատորը վայրի բնության մեջ չի կարողանա հասնել իր զոհին և կարող է ուղղակի դատապարտված լինել սովամահ լինելու: Հայտնաբերելով վնասված կենդանուն գիտնականները վերջինիս տեղափոխել են Ֆենիքս և անվանակոչել են Միսթր Սնաբս: Այսպիսով, 2013թ.-ին Արիզոնայում գտնվող Միդվեսթերն համալսարանի գիտնականներին սկսել է հետաքրքրել Միսթր Սնաբսը:
Նրանք կենդանու համար արհեստական պոչ են ստեղծել, բայց 5 տարի անց կենդանին զգալիորեն մեծացել է և նրան անհրաժեշտ է եղել նոր պրոթեզ: Բացի այդ, առաջին պոչը պատրաստված էր այլ կենդանու պոչի օրինակով, իսկ յուրաքանչյուր սողուն ծանրության կենտրոնը բաշխելու սեփական ձևն ունի: Նոր պրոթեզ ստեղծելու համար անհրաժեշտ էր ճշգրիտ իմանալ կենդանու չափսերը, սակայն սեփական կյանքը վտանգի տակ դնել գիտնականները չցանկացան և գիպսի օգնությամբ չափսերը վերցնելու փոխարեն կիրառեցին 3D սկանավորում: Հատուկ տեխնոլոգիան թույլ տվեց հստակ հաշվարկել պոչի չափսն ու իդեալական ձևը, ինչից հետո կիրառվեց 3D տպագրության տեխնոլոգիան: Ալիգատորը ստացավ մի քանի շարժական պոչեր, որոնք կարող է կիրառել հերթականությամբ:
Հաճախ, կենդանիների համար պրոթեզներ պատրաստվում են նեյլոնի կամ պոլիլակտիտի (PLA) հիման վրա, սակայն Միսթր Սնաբսն ունեցավ սիլիկոնե պոչ: Այս տեխնոլոգիայի հետ գիտնականները մեծ հույսեր են կապում: Մասնագետները պնդում են, որ փորձարկումը հաջող է անցնում. ալիգատորը քայլում է, սողում և լողում՝ իր առողջ ընկերներին չզիջելով: