Ահազանգ. կարմիրգրքյան թռչնի որսի սիրահար հերթական «որսորդը» (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:

Եվս մեկ որսագող «հպարտացել» է լուսանկարվելով սպանված կենդանու դիակի հետ՝ անտեսելով անգամ կենդանու ՀՀ Կարմիր գրքում գրանցված լինելու հանգամանքը:

Արթուր Պետրոսյան անունով օգտատերը սույն թվականի ապրիլ ամսին համացանց է բեռնել լուսանկարներ «որսից»՝ հաշվի չառնելով, որ տվյալ կենդանատեսակների որսն արգելված է: Նշված լուսանկարներից մեկում Անդրկովկասյան փասիան է. խոցելի տեսակ, Հայաստանի պայմաններում` սակավ ուսումնասիրված: Ինչպես տեղեկանում ենք Կենդանաբանության ինստիտուտի, Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի կենդանաբան գիտաշխատակիցներից՝ հանդիպում է բացառապես Սյունիքի մարզի հարավարևելյան և հարավային մասերի մերձ սահմանային շրջաններում:

ԲՆ տվյալների համաձայն՝ ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Կապանի շրջանում խտությունը կազմում է մոտ 0,05 թռչուն 1 հա-ին, իսկ Մեղրու շրջանում, Արաքսի գետի երկայնքով, այն մոտ 1,5 անգամ բարձր է: 

Նշենք, որ տվյալ շրջանները հիմնականում ընդգրկվում են «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում: Նշված համալիրը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք («Շիկահող» պետական արգելոց, «Սոսու պուրակ», «Խոստուփ», «Զանգեզուր», «Սև լիճ», «Բողաքար» պետական արգելավայրեր, «Արևիք» ազգային պարկ), որտեղ սահմանափակված և վերահսկելի է մարդկանց շարժը, իսկ որսն ընդհանրապես արգելված է: Այսպիսով, հնարավոր է նաև, որ ապօրինի որսն իրականացվել է ԲՀՊՏ-ներից որևիցէ մեկում: Լուսանկարներում էգ և որձ փասիաններ են՝ արված տարբեր ժամանակահատվածներում:

Իսկ 2015թ.-ի փետրվար ամսին վերջինս բեռնել է նաև լուսանկարներ, որտեղ սպանված է ևս մեկ կարմիրգրքյան թռչուն՝ Կովկասյան մայրեհավ, որը նաև ընդգրկված է միջազգային Կարմիր ցուցակում «Վտանգման սպառնացող վիճակին մոտ» (Near Threatened):

Հավելենք, որ նշված անձի լուսանկարներում և շրջապատում կան նաև հանրությանը քիչ թե շատ հայտնի որսորդներ, որոնք բազմաթիվ անգամներ խոսել են որսորդին և որսագողին չնույնացնելու, բնության մեջ որսորդի ունեցած դերի և նշանակության մասին:

Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում