«Մեր շունը գույք չէր՝ մեր ընկերն էր». կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը շարունակվում է
Երբ խոսում ենք կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին, գալիս և հանգում ենք նույն իրավիճակին, որը կար տարիներ առաջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը՝ ընդգծեկով, որ այս ոլորտում տարիներ շարունակ փոփոխություններ չեն արձանագրվել:
«Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյան
Այս անգամ խնդիրն առնչվում է կոնկրետ դեպքի: «I.Am.Centaur» կենտրոնում կենդանիների՝ ձիերի, շների, կատուների միջոցով իրականացվում են հատուկ խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված թերապիաներ: Կենտրոնը գտնվում է Ուշի համայնքում և միայն վերջերս այնտեղ տեղի ունեցած աշխատանքների արդյունքում կենտրոնը ցանկապատվել է, կառուցվել էնոր կացարան: Կենտրոնի հիմնադիր Հասմիկ Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ նախկինում իրենց կենդանիները մի քանի անգամ բախվել են մոտակայքում գտնվող գյուղացիական տնտեսությունների կողմից մկնդեղի օգտագործման հետևանքներին: Մի քանի կենդանի, ցանկապատ չլինելու պատճառով, մտել են գյուղացիների տարածք և կերել մկնդեղ: Ցավոք, նրանցից մի քանիսին փրկել չի հաջողվել: Նման դեպքերից խուսափելու նպատակով որոշում է կայացվել կառուցապատել տարածքը, սակայն, օրեր առաջ կենտրոնի բազմամյա բնակիչը (Բիմոկ) թունավորվել և մահացել է մկնդեղից:
«I.Am.Centaur» կենտրոն, Բիմոկ
«Մենք ընկերներով հավաքվեցինք, դրամահավաք արեցինք և այդ տարածքը ցանկապատեցինք, որպեսզի խուսափենք նման դեպքերից: Սակայն, հունիսի 18-ի գիշերը կորցրեցինք մեր շանը, որը դուրս չէր եկել փակ տարածքից ընդհանրապես, ոչ մի աշտանիշ չուներ, ուրախ վազվզում էր, երեկոյան 9:30 կերակրելուց զարմացա, որ միշտ ախորժակը տեղը կենդանին հրաժարվեց ուտելիքից ու մի տեսակ կարծես ներկա չլիներ: Տարանք անասնաբույժի մոտ, մինչև ժամը 2:00-ը պայքարում էինք շան կյանքի համար ու ոչինչ անել չհաջողվեց: Ահռելի քանակի մկնդեղ էր ու ոչ մեկ չէր կարող արդեն ասել, որ գնացել ու պատահական կերել էր, որովհետև տարածքը փակ է ու մի ձև կա, որ շունն ուտի մկնդեղը. զուտ եթե ինչ-որ մեկը մկնդեղը պատից ներս շպրտի: Ես չգիտեմ՝ ո՞ւմ է դա պետք, ինչո՞ւ է պետք, բայց դեպքերը շատ-շատ են՝ միտումնավոր և ոչ միտումնավոր:
«I.Am.Centaur» կենտրոն, ցանկապատի կառուցման աշխատանքներ
Այդ թույնը դուք էլ տեսած կլինեք, քաղաքում ամեն տեղ լցված է: Այդ թույնն ախտանիշներ չի ունենում մինչև վերջ, մինչև արդեն ուշ է լինում: Արյունը դադարում է մակարդվել, այն ոչնչացնում է օրգանիզմում K վիտամինը, իսկ Վիտամին K1-ը, որը միակ հակաթույնն է այս դեպքում, Հայաստանում չկա, ոչ մի դեղատանը: Ռուսաստանում կա, սարսափելի թանկ արժե, իսկ մենք պատվիրել ենք ԱՄՆ-ից ու ցանկացած շնիկ, որը կառնչվի այդ խնդրին, մենք կնվիրենք նրան, որովհետև ոչ մի տեղ հակաթույն չի գտնվի»,- մանրամասնում է Հասմիկ Հովհաննիսյանը:
Վերջինս նշում է, որ բազմաթիվ անգամներ դիմել է ոստիկանություն, սակայն գործը տեղից չի շարժվել. «Մենք գնացինք Արագածոտնի ոստիկանություն, ոստիկանապետի մոտ, Աշտարակի ոստիկանապետի մոտ, աղմուկ բարձրացրեցինք, ստիպեցինք հարուցել քրեական գործ: Բոլորը շատ բարյացկամ են, բայց չգիտեն ո՞նց աշխատեն, որովհետև չունենք համապատասխան լաբորատորիա, որը կորոշի հաստատ առկայությունը թույնի, տեսակը, որը համաձայնվում է կենդանու արյուն վերցնել, ոստիկանությունը չունի պայմաններ այդ արյունը պահելու և այլն: Հիմա ընթացքի մեջ է գործը, մենք իրենց անընդհատ զանգում ենք, ստիպում ենք աշխատել, բայց դեռ նորություն չկա:
«I.Am.Centaur» կենտրոն
Եթե նույնիսկ գտնեն սպանողին, իրեն միայն տույժ է հասնելու մեր գույքը վնասելու համար, իսկ մեր շունը գույք չէ, մեր շունն այնքան հաշմանդամ երեխաների դեմքին է ժպիտ առաջացրել, չտեսնված էակ էր, մեր ընկերն էր:
Երկրորդ կարևոր խնդիրը մկնդեղի անկանոն վաճառքը կասեցնելու հարցն է: Այն ազատ ու ամեն տեղ վաճառվում է: Բայց պետք է վաճառեն ընկերությունները, որոնք արտոնագրված են գյուղատնտեսության նախարարության կողմից: Փաստացիորեն չեն պահպանվում ոչ մի նորմեր նաև կիրառման ու պարզապետ շաղ տված են փողոցներում:
Եվ նաև դիմելու ենք առողջապահության նախարարություն, որպեսզի այդ միակ հակաթույն վիտամինը ներմուծվի Հայաստան, որովհետև մենք բոլորին չենք կարող ապահովել»,- նշեց նա:
«I.Am.Centaur» կենտրոն
«Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը նշեց. «Չի կարելի հանդուրժել իրավիճակ, երբ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, դրանց խոշտանգումը և մահ պատճառելը որևէ կերպ պատժելի չէ: Սա նշանակում է, որ ուզենք, թե չուզենք խնդիրն անդրադառնում է հանրային առողջությանը: Թունաքիմիկատներն ազատ վաճառքի մեջ են և որևէ կերպ վերահսկելի չեն և այն, ինչ անհրաժեշտ է անվտագություն ապահովի ոչ միայն ընտանի կենդանիների, այլև մարդկային հասարակությանը մենք չենք տեսնում ոչ մի տեղ: Ավելին, այդ ընթացակարգերն այնքան են բարդեցված, որ մենք չենք կարող այդպիսի խնդիրներ բերել, այսինքն գնել դեղորայք և այլն: Երբ մենք խոսում ենք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, իրավիճակը կրկին չի վերահսկվում: Չկա հանրային վերահսկողություն, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, կենդանու պահման և որևէ ոլորտում, իսկ այստեղ անհրաժեշտ է միջգերատեսչական վերահսկողություն: Այս խնդիրը հնարավոր չէ բարդել մեկ գերատեսչության վրա: Ավելին, նրանք շատ հաջողությամբ միմյանց վրա են պատասխանատվությունը բարդում, և բնականաբար, որևէ մեկն արդյունքում ոչ պատասխանատու է: Սա գլոբալ խնդիր է, որը պետք է լուծենք քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելով»:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: