Տանջամահ եղած կարմիրգրքյան սապսան՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում (տեսանյութ)
Բացի անազատ պայմաններում պահվող վագրից և արջերից, Մանվել Գրիգորյանի տանը պահվել են նաև 20-ից ավելի տարբեր ցեղատեսակների շներ, այդ թվում՝ հայկական գամփռ, թռչուններ, այդ թվում՝ ջայլամներ, խառնածին քարայծեր և այլ կենդանիներ: Ուշագրավ է նաև այս փոքր վանդակում տանջամահ եղած կարմիրգրքյան գիշատիչ թռչունը (սապսան): Մեր այցելության ժամանակ թռչնի վանդակում ոչ սնունդ կար, ոչ ջուր, չկային նաև ակնհայտ վնասվածքներ: Մասնագետները նշում են, որ կենդանին օրեկան պահանջում է 200 գրամ միս, իսկ թե առանց սննդի և ջրի որքան կարող է դիմանալ, կախված է կոնկրետ թռչնի կարողությունից:
Սապսանն (Falco peregrinus) ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Նախնական հաշվառմամբ՝ Հայաստանում սապսանի թվաքանակը կազմում է 60–70 զույգ:
Հայաստանի կենդանիների Կարմիր գրքի տվյալների համաձայն, բացասական ազդեցություն ունի վերջերս արաբական երկրներում առաջացած հետաքրքրությունը սապսանի հանդեպ որպես որսի թռչուն, որը ստեղծում է պոտենցիալ շուկա Հայաստանում և նպաստում որսագողությանը: Բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև միջավայրի թունավորումը հանքային արդյունաբերության թափոններով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատներով և անտառի վնասատուների դեմ պայքարի հետևանքով: Գրանցված է CITES-ի Հավելված 1-ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում: