Թեղուտում ամբարտակի ամրացման հետ կապված լրացուցիչ աշխատանքներ են տարվում. ԱԻՆ
Հունիսի 13-ին փորձագետ Հրաչիկ Միրզոյանը հայտնել է, որ հանքի տարածքում սկսել են պոչամբարի ամբարտակի ամրացման աշխատանքներ իրականացվել: «Լուրջ կասկածներ կան, որ «Վալլեքսը» ամբարտակի ամրացման համար օգտագործվող ապարները արդյունահանում է առանց համապատասխան թույլտվությունների...»,- գրել է նա:
Ամբարտակի ամրացման հետ կապված ընկերությունն այնտեղ իրականացնում է լրացուցիչ աշխատանքներ: Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը: «Մենք ունենք իրենց կողմից ներկայացված անվտանգության վկայական, որտեղ նկարագրված են պոչամբարի տեխնիկական տվյալները, որպեսզի անհրաժեշտության դեպքում ԱԻՆ կարողանա արձագանքել: Ընկերությունը հայտնել է, որ ամբարտակի վրա իրականացվող լրացուցիչ աշխատանքների իրականացման համար նաև դրսից փորձագետներ են հրավիրվել: Մենք իրենց վրա որևէ վերահսկողակյան ֆունկցիա չունենք օրենքով սահմանված, մեր ֆունկցիան զուտ արձագանքումն է վթարի դեպքում, ինչի համար մենք ունենք պոչամբարի անվտանգության վկայականն իր տեխնիկական նկարագրով, որպեսզի նաև դրա հիման վրա մենք ունենանք ծրագիր, թե վթարի դեպքում, ինչպես կարող ենք արձագանքել»,- մանրամասնեց նա:
Նշենք նաև, որ ըստ բնապահպանության նախարարության գրության՝ ««Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից 25.10.2017թ. բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել «Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի ընդլայնում մինչև 15 մլն.տ/տարի» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության /ՇՄԱԳ/ հաշվետվությունը: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված տեխնիկական առաջադրանքին համապատասխան չլինելու պատճառով, փորձաքննական գործընթացը չի սկսվել, և այդ մասին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով տեղեկացվել է ձեռնարկողին: