Գյումրու փրկված փոքրիկ Լեոն հատուկ խնամք է ստանում (տեսանյութ)
Տեսանյութում Լեոն է. Գյումրիում տան մեջ, մարդկանց շրջապատում որոշ ժամանակ պահված արջի քոթոթը: Մայիս ամսին հնարավոր եղավ Լեոյին տեղափոխել առավել լավ պայմաններ ապահովող ապաստարան: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով Լեոն տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի:
Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, արջը վերցվել է վայրի բնությունից: Մասնավորապես՝ «տիրոջ» տրված բացատրության համաձայն, խոսքը գնում է Դիլիջան-Իջևան մայրուղու մասին: Սակայն, կասկածներ կան, որ այս դեպքը կապված է Հրազդանում տեղի ունեցած մայր արջի սպանության գործի հետ:
Երևանի կենդանաբանական այգում քոթոթը պահվում է կարանտինային պայմաններում: Մեզ հետ զրույցում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանը նշել էր, որ արջուկին առայժմ հատուկ խնամք է հարկավոր: Կենդանին կպահվի կարանտինային պայմաններում մինչև մեծանալը, ինչից հետո էլ հնարավոր է նրան վերադարձնեն վայրի բնություն: Հիշեցնենք, որ հիմնադրամն ունի նման փորձ. Զանգակ և Բամբակ արջերի վերադարձը վայրի բնություն:
Տեսանյութը հրապարակել է Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպությունը (International Animal Rescue), որը աջակցություն է ցուցաբերում Հայաստանում իրականացվող Արջերի փրկության մեծ ծրագրի իրականացմանը: