Կապանում հացադուլը դադարեցվել է. ձեռք է բերվել նախնական համաձայնություն
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ Ռուսաստանից ժամանած ներկայացուցիչներն ու գործադուլ, հացադուլ հայտարարած աշխատակիցները համաձայնության են եկել: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց գործադուլ հայտարարած աշխատակիցներից մեկը, երեկ՝ մայիսի 29-ին տեղի է ունեցել հանդիպում կոմբինատի ներկայացուցիչների և մոտ 13 աշխատակիցների միջև:
«Մեր հանդիպումը տեղի է ունեցել երեկ ժամը 9:00-ի սահմաններում: Հացադուլ անողներն արդեն դադարեցրել են հացադուլը, սիկ այսօր ժամը 16:00-ից էլ աշխատանքային օրը նորմալ, իր հունով սկսելու է, գործադուլն էլ ավարտվելու է: Այսօր առավոտյան նորից հանդիպում ենք ունեցել, որոշ հարցերի շուրջ եկել ենք եզրահանգման: Կա նախնական պայմանավորվածություն, որ 10 տոկոսով բարձրանալու են բոլորի աշխատավարձերը, ընդ որում՝ այդ բարձրացումն ազդում է նաև հավելավճարների վրա: Ըստ հավելավճարի քանակի, ստացվում է հիմնական աշխատավարձի բարձրացում 17-20 տոկոս: Ունենք նաև եկրորդական հարցեր, սակայն ամբողջ հիմնարկի աշխատելուց հետո միայն իմաստ ունի դրանք քննարկել: Նախատեսում ենք քննարկել ցածր աշխատավարձ ստացող անձանց աշխատավարձն ավելի շատ բարձրացնելու հարցը, քանի որ իրենց համար այդ 10 կամ 17 տոկոսը չնչին գումար է կազմում: Այս թեմայով քննարկումներ նաև այսօր են լինելու: Այս նախնական պայմանները, այո՛, մեզ բավարարում են: Այս պահի դրությամբ նրանք մեզ հնարավորություն են տվել գործելու և հարցեր լուծելու համար»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Կապանի ԼՀԿ-ում կախված տարբեր հանգամանքներից աշխատավարձերը տարբերակված են: Ստացված վերջնական աշխատավարձի մեծ մասը կազմում են լրավճաները, որոնք չեն մտնում աշխատավարձի դրույքի մեջ: Այս դեպքում, աշխատավարձի 10 տոկոսը բարձրացումը, ըստ պայամանավորվածության, պետք է ազդի նաև լրավճարների վրա:
Բանակցություններին ներկա են եղել Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը, «Պոլիմետալ» ընկերության արտադրության գծով տնօրեն Վիտալի Սավչենկոն և այլոք:
Մեր զրուցակիցը նշեց, որ նախաձեռնող խումբն ընդհանրապես անհատական որոշումներ չի կայացրել. բոլոր ուշումները, որոնք ձեռք են բերվել, ընդհանուր հայտարարվել են, համաձայնեցվել, հետո նոր ընդունվել:
