Նոյեմբերյանում կարող է ընդունվել համայնքի տարածքում հանքարդյունաբերական նախագծերը արգելող աննախադեպ որոշում

2018 թվականի մարտին Նոյեմբերյան համայնքի համայնքապետարանը ծանուցեց «Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից` 2018-2021 թթ. ժամանակահատվածում, Նոյեմբերյան համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ 2018 թ. մարտի 20-ին նախատեսվող հանրային քննարման մասին:

Ծանուցումից անմիջապես հետո համայնքի բնակիչները հստակ հայտնեցին իրենց անհամաձայնությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելուն և դրա արդյունքում ապագայում համայնքի տարածքում հանքարդյունաբերական նախագծերի իրականացման հեռանկարին` հայտարարելով, որ ուղղակի թույլ չեն տալու իրականացնել հանրային լսում:

Ձևավորված հանրային ճնշման և մարտի 14-ին Նոյեմբերյանի համայնքապետարանում համայնքի ավագանու, համայնքի քաղաքացիական ակտիվի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքում «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը դադարեցրեց երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:

Ցանկանալով ապագայում բացառել նման իրավիճակները և հիմք ունենալով ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածը, ըստ որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք» Նոյեմբերյանի «Ռեստարտ» երիտասարդական նախաձեռնող խումբը խոշորացված Նոյեմբերյան համայնքում հանքարդյունաբերության դեմ ուղղված ստորագրահավաք սկսեց, որի նպատակը համայնքին պատկանող տարածքում երկրաբանահետախուզական և մետաղական հանքերի շահագործմանն ուղղված ցանկացած աշխատանքի իրականացումն արգելող ավագանու որոշման ընդունումն էր:

Շուրջ 2 ամիս տևած ստորագրահավաքին միացել է խոշորացված Նոյեմբերյան համայնքի 3102 ընտրական իրավունք ունեցող բնակիչ: Նոյեմբերյանի «Ռեստարտ» երիտասարդական նախաձեռնող խումբը դիմում է ներկայացրել համայնքապետին և ավագանուն՝ հարցն առաջիկա ավագանու նիստի օրակարգում ներառելու համար: Որոշման նախագիծն արդեն պատրաստ է:

Ավագանու նիստը տեղի կունենա մայիսի 30-ին՝ ժամը 14:30-ին: Նիստը դռնբաց է:

Հ.Գ. «Նոյեմբերյանի «Ռեստարտ» երիտասարդական նախաձեռնող խումբը ստեղծվել էր հստակ նպատակով՝ մետաղական հանքերը հետագայում արգելելու համար նախատեսված ստորագրահավաքի կազմակերպման և տրամաբանական լուծման հասցնելու համար: Հարկ ենք համարում նշել, որ ավագանու դրական որոշումից հետո այս խումբը ենթակա է լուծարման։ Շնորհակալություն ենք հայտնում վստահելու, սատարելու և, որ ամենակարևոն է, մասնակցության համար։

«Նոյեմբերյանի «Ռեստարտ» երիտասարդական նախաձեռնող խումբ

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում