Կապանի հանքում 6 մարդ հացադուլ է սկսել, հարյուրավոր աշխատակիցներ՝ գործադուլ (տեսանյութ)
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում արդեն 3-րդ օրն է մոտ 800 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել, իսկ այսօր՝ մայիսի 28-ին, 6 մարդ նաև հացադուլ է սկսել: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք ահազանգեցին կոմբինատի աշխատակիցները:
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Կոմբինատում որպես ապարաբարձ մեքենավար աշխատող աշխատակիցներից մեկը, բոլորը մեկ մարդու պես կանգնած են և մասնակցում են գործադուլին: Պահանջը նույնն է՝ 40 տոկոսով աշխատավարձի բարձրացում:
«Այսօր մեր աշխատավարձը շատ քիչ է մեր կատարած աշխատանքի դիմաց, 10 օր առաջ պահանջել ենք աշխատավարձի բարձրացում, բանակցություններ ենք տարել ղեկավարության հետ 10 օր, վերջին օրը հիմնարկի տնօրենը հանդիպեց մեզ հետ ու ասաց, որ պատրաստ է աշխատավարձ բարձրացնել հոկտեմբեր ամսին և ընդամենը 5 տոկոսով, այսինքն՝ 5-8000 դրամ: Ինչը, մեր կատարած աշխատանքի համեմատ, 0 է: Այդ պատճառով մենք 3 օր առաջ հայտարարել ենք գործադուլ, ինքնաբուխ է ստացվել ամեն ինչ: Այսօր, մեր տոնին նվիրված քայլերթ ենք արել քաղաքում, վերջնակետը կրկին Կապանի ԼՀԿ-ն է եղել, որտեղ մեզ դիմավորել է տնօրենը և կրկին հաստատել իր դիրքորոշումը: Այս պահին հացադուլ է հենց հանքի մեջ. 6 հոգի հացադուլ են անում»,- մանրամասնեց նա:
Ինչպես նշում է մեր զրուցակիցը, գործադուլ հայտարարողներն ավել գումար չեն ուզում, միայն իրենց հասանելիքը: «2016թ.-ից մինչև այսօր մենք կոմբինատի համար 40 տոկոսով ավել արտադրություն ենք ապահովում: Տարին տարվա վրա ավելանում է»,- ասաց նա:
Նշենք, որ Կապանի ԼՀԿ-ում կախված տարբեր հանգամանքներից աշխատավարձերը տարբերակված են: Ստացված վերջնական աշխատավարձի մեծ մասը կազմում են լրավճաները, որոնք չեն մտնում աշխատավարձի դրույքի մեջ: Այսինքն, 5 տոկոս աշխատավարձի բարձրացման դեպքում, զգալի փոփոխություն տեղի չի ունենա: