«Բնապահպան պաշտոնյաները» Սյունիքում ապօրինի որս են արել
Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է Սյունիքում տեղի ունեցած հնարավոր ապօրինի որսի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում վարազի ապօրինի որսի մասնակիցներ են հանդիսացել նույն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։ Նշված ընկերությունում Արմեն Բավոյանը մոտ օրերս պետք է տեսչական ստուգում իրականացներ։
Ընդգծենք, որ այս մարդիկ ի պաշտոնե կոչված են պահպանելու բնությունը և ուշագրավ է, թե ինչպես է վերահսկող մարմնի ղեկավարը տեսչական ստուգման ենթակա մասնավոր ձկնաբուծարանի «տիրոջ» հետ միասին հայտնվել Սյունիքում, այն էլ՝ մեքենայում, որի մեջ ապօրինի որսված վայրի խոզի միս է։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն է եղել։ «Մեր տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում կասկած է եղել, որ տվյալ մեքենան մարզում է գտնվում ապօրինի որս կատարելու նպատակով։ Հետևելով մեքենայի շարժին՝ կասկած է առաջացել, որ իրենք կատարել են ապօրինի որս և փորձում են հեռանալ։ Դիմել ենք ոստիկանություն, որ նշված համարանիշներով մեքենան կասկածվում է ապօրինի որսի մեջ։ Մեքենան կանգնեցրել և խուզարկել են Սիսիանի բաժնում և պարզվել է, որ մեքենայում առկա է 26.5 կգ փաթեթավորված սառեցված միս։ Մեքենայում գտնվող մարդկանց մոտ եղել են իրենց անվանը կցված որսորդական հրազեն և փամփուշտներ։ Մեզ ոստիկանությունից հրավիրել են պարզելու համար, թե ինչ միս է։ Տեղում զննության արդյունքում պարզ է դարձել, որ առգրավվածը վայրի խոզի միս է՝ սառեցված վիճակում»․– մանրամասնեց նա։
Պարոն Սահակյանը նշեց, որ այժմ որոշակի դժվարություններ կան կապված վնասի հաշվարկի հետ, քանի որ դրա համար պետք է հստակ իմանալ տեղադիրքը, սակայն այդ տեղեկատվությունը դեռ թերի է։ Հավանական է նաև, որ որսն իրականացվել է բնության հատուկ պահպանվող տարածքում, ինչն ավելի է խստացնում պատիժը։
«Նրանք բռնվել են փետրվարի 22-ին, իմ կարծիքով՝ նրանք որսացել են կամ 20-ին կամ 21-ին, այդ իսկ պատճառով էլ միսը սառեցված է եղել, որպեսզի չփչանա։ Համենայնդեպս ես անձամբ փետրվարի 20-ին նրանց նկատել եմ մարզում, ինչն ինձ մոտ կասկած է առաջացրել, քանի որ նրանք եղել են հատուկ արտահագուստով, զենքերով և մենք մեր գործառույթն իրականացրել ենք։ Մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն էր»,– ընդգծեց նա։
ՀՀ ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը հերքեց տեղեկատվությունը, թե մեքենայում գտնվել է նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը։ Այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանությունը դեռ չի հայտնել փաստագրված տվյալներ, թե ովքեր են եղել նշված որսի մասնակիցները։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հորդորում է ՀՀ ոստիկանությանը և մյուս իրավապահ մարմիններին իրականացնել բոլոր հնարավոր գործողությունները պարզելու համար դեպքի մանրամասները և մեղավորներին, իսկ ՀՀ կառավարությանը, այս դեպքում՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին ու Բնապահպանութան և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին կիրառել ամենախիստ պատժամիջոցները։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում սիրողական որսաշրջանն ավարտվել է փետրվարի 15–ին։ Ավելին՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից ստորագրված Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանով չի թույլատրվում վայրի խոզի՝ վարազի որս։ Այս կենդանատեսակի որսը թույլատրված չէ արդեն երկար տարիներ։
Թարմացում*
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը մասնակցություն է ունեցել Սյունիքում վարազի ապօրինի որսի դեպքին՝ գրելով․ «Նշված ժամանակահատվածում արգելոցի փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը գտնվել է աշխատանքի վայրում՝ կատարելով իր աշխատանքային պարտականությունները»։
Լուսանկարը՝ այլ դեպքից։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: