Եկան, մեր պահանջները դրեցինք. գողթեցիները բացել են ճանապարհը

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները բացել են Երեւան-Գողթ ճանապարհը, որը փակ էին պահում երկու ժամից ավելի:

Գողթի բնակիչներից Վահրամը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ զրուցել են Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատասխանատուների հետ, եւ նրանք, եւ գյուղապետը իրենց խոստացել են, որ մինչեւ վերջնական որոշման գալը շինարարական աշխատանքներ չեն կատարվի:

«Պատասխանատուները եկան, մեր պահանջները դրեցինք, իրենք իրենց հիմնավորումները ներկայացրին, մենք մերը: Իրենք ասացին՝ կներկայացնեն կառավարությանը: Մենք էլ ասացինք, որ շինարարությունը պիտի չշարունակվի»,- ասաց նա՝ նշելով, որ ժամկետներ չեն նշվել:

Վահրամը նշեց, որ եթե աշխատանքները վերսկսեն, իրենք կրկին կփակեն ճանապարհը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները հունիսի 3-ին, փակել են Երեւան-Գողթ ճանապարհը` պահանջելով չեղարկել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդալճից ոռոգման համար ջուրը տեղափոխել այլ գյուղեր: Հիշեցնենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը գրություն էր ուղարկել գողթեցիներին եւ նրանց վստահեցրել, որ Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագրով չի նվազի Գողթ համայնքի հողատարածքների համար անհրաժեշտ ջուրը: Գյուղացիները պնդում են՝ Գեղարդալճի տարողությունն ընդամենը 2.4 միլիոն խորանարդ մետր է եւ եթե այնտեղից այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա:

Նշենք, որ գյուղացիների հետ վերջին հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր շինտեխնիկան դուրս բերել Գառնիի կիրճից։ Իսկ անդրադառնալով Գեղարդալճի ինքնահոս համակարգի ստեղծման ծրագրին՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը գյուղացիներին հավաստիացրել էր, որ քննարկումներ կկազմակերպեն, որին նաեւ գողթեցիները կմասնակցեն։ Գողթեցիները պահանջել էին մինչեւ քննարկումների ավարտը դադարեցնել շինարարական աշխատանքները։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում