Գողթեցիները կրկին փակել են ճանապարհը. պաշտոնյաները պայմանավորված ժամին չէին եկել

Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագրի չեղարկում պահանջող՝ Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 7-ին, փակել են Երեւան-Գողթ ճանապարհը:

Գողթի բնակիչներից Վահրամը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատասխանատուները պայմանավորված ժամին չեն եկել, այդ պատճառով էլ փակել են ճանապարհը: Ճանապարհը փակելուց հետո պատասխանատուները ժամանել են, այս պահին քննարկում է տեղի ունենում նրանց հետ:

Նշենք, որ գողթեցիները վաղ առավոտից հավաքվել էին ճանապարհի մոտ՝ սպասելու պատասխանատուներին: Նրանք Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ հունիսի 3-ին պայմանավորվածություն էին ձեռք բերվել, որ հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, Գողթ կժամանեն Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատասխանատուները եւ կպատասխանեն իրենց հարցերին: Գողթեցիները որոշել են, որ եթե համաձայն չլինեն ծրագրին, թույլ չենք տա, որ այն իրականանա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները հունիսի 3-ին, փակել են Երեւան-Գողթ ճանապարհը` պահանջելով չեղարկել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդալճից ոռոգման համար ջուրը տեղափոխել այլ գյուղեր: Հիշեցնենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը գրություն էր ուղարկել գողթեցիներին եւ նրանց վստահեցրել, որ Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագրով չի նվազի Գողթ համայնքի հողատարածքների համար անհրաժեշտ ջուրը: Գյուղացիները պնդում են՝ Գեղարդալճի տարողությունն ընդամենը 2.4 միլիոն խորանարդ մետր է եւ եթե այնտեղից այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա:

Նշենք, որ գյուղացիների հետ վերջին հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր շինտեխնիկան դուրս բերել Գառնիի կիրճից։ Իսկ անդրադառնալով Գեղարդալճի ինքնահոս համակարգի ստեղծման ծրագրին՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը գյուղացիներին հավաստիացրել էր, որ քննարկումներ կկազմակերպեն, որին նաեւ գողթեցիները կմասնակցեն։ Գողթեցիները պահանջել էին մինչեւ քննարկումների ավարտը դադարեցնել շինարարական աշխատանքները։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում