Մասնագետների դաշինքը քննարկում է Հայաստանի անտառների վերականգնման խնդիրը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կայացավ Հայաստանի անտառային դաշինքի կազմակերպած «Անտառների ներկա վիճակը. ինչպե̑ս կասեցնել անտառազրկման գործընթացը» խորագրով երկրորդ կլոր սեղան քննարկումը:

Քննարկմանը մասնակցեցին անտառային ոլորտում ներգրավված տարբեր դերակատարներ՝ ոլորտային նախարարությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կլոր սեղան-քննարկման համակարգող Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, ողջունելով մասնակիցներին, ամփոփեց առաջին կլոր սեղանի արդյունքները, այնուհետև անդրադարձավ Հայաստանի անտառային դաշինքի ներկայիս երեք առաջնահերթություններին, որոնք են՝

1. Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքները խթանելու նպատակով մասնավոր-պետական սեկտորի համագործակցության հնարավորությունները,

2. Կոմերցիոն և համայնքային անտառները պետական համակարգում ներգրավելու հնարավորությունները. համայնքային և մասնավոր անտառների հիմնադրումը,

3. Չհամակարգված անտառօգտագործումը և դրանից բխող անտառների դեգրադացիայի վտանգը:

Քննարկման ընթացքում ներկաներն ընդգծեցին անտառների վերականգնման ու նորերի ստեղծման պետության համար ռազմավարական նշանակությունը՝ կարևորելով նաև Դաշինքի՝ ակտիվ հանդիպումների, քննարկումների միջոցով անտառային ոլորտի խնդիրների վերհանման և դրանց լուծումներ տալու գործուն քայլերը:

«Ցանկացած տնկվող անտառ պարտադիր չէ, որ լինի պետական, դա կարող է լինել համայնքային նշանակության: Կարևորը, որ այն դառնա անտառնշանակության տարածք, որպեսզի հետագայում որևէ մեկը չկարողանա օտարել այդ հողերը»,- նշեց Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը՝ հավելելով, որ պետության համար շատ կարևոր է անտառ ունենալը անկախ նրանից, թե ում կողմից կտնկվեն այդ անտառները:

Ըստ փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորության ՝ Հայաստանը պարտավորվել է մինչև 2050 թվականը անտառածածկ մակերեսը հասցնել 20.1 %-ի, որի համար անհրաժեշտ կլինի անտառապատել մոտ 600.000 հեկտար տարածք: Մասնակիցների հարցին, թե արդյոք դաշինքի անդամները կարող են տրամադրել մեծաքանակ թվով տնկանյութ, Արմենիա Թրի Փրոջեքթի անտառվերականգնման բաժնի ղեկավար Վահե Մացակյանը պատասխանեց. «Էյ Թի Փի-ն ներկայումս ունի տնկարանային տնտեսություններ, որոնցից մեկում ամբողջությամբ բազմացվում են բացառապես անտառտնկիներ: Ներկայումս տնկարանն ունի շուրջ 1-1.5 միլիոն տնկի արտադրելու ներուժ: Ավելին, անտառապատման տարածքների առկայության դեպքում տնկարանի արտադրանքը հնարավոր է ընդլայնել մինչև 2-2.5 միլիոնի: Տնկումների սխեմաները կազմում են 3000-4000 տնկի մեկ հեկտարի հաշվարկով: Կոպիտ հաշվարկով 250 հեկտարի վրա կարելի է տնկել մոտ 1 միլիոն ծառ»:

Միջոցառման ընթացքում տարբեր հասարակական և պետական գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից բարձրացվեցին ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր, այդ թվում անտառսերմնային բազա ստեղծելու, անտառների տրանսֆորմացիայի, բնական անտառների պահպանության, ներդրումային ծրագրերի հայթայթման, օրենսդրական բացերի շտկման, նոր տնկարանային տնտեսությունների և ճանապարհային քարտեզ ստեղծելու կարևորության մասին:

Ամփոփելով հանդիպումը՝ Ալեն Ամիրխանյանը կարևորեց նման քննարկումները, խնդիրների վերհանումը, դրանց լուծումներ գտնելը՝ հավելելով, որ դաշինքը պետք է նաև կոնկերտ քայլեր ձեռնարկի իրավիճակի բարելավման համար:

Հայաստանի անտառային դաշինքը ստեղծվել է 2022 թ.-ին «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության և Վայրի բնության եվ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով: Դաշինքի նպատակն է պաշտպանել, վերականգնել բնական անտառներն ու ստեղծել նորերը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում