Թուզ. ՀՀ Բույսեր

Թուզ, կամ թզենի, կամ գինու հատապտուղ (լատ.՝ Fícus cárica) , կամ ֆիկուս, կամ բանիան, մերձարևադարձային տերևաթափ ֆիկուս: Կարիական ֆիկուս անվանվել է այն վայրի անունով, որը համարվում է թզի հայրենիքը՝ Փոքր Ասիայի հնագույն Կարի պրովինցիայի լեռնային մարզը: Միջին Ասիայում, Կովկասում և Ղրիմում աճեցնում են այն որպես թանկարժեք պտղատու բույս, որը տալիս է պտուղներ՝ գինու հատապտուղներ: Լայն տարածում ունի միջերկրածովյան երկրներում, Վրաստանում, Հայաստանի լեռներում, Ապշերոնյան թերակղզում, Ադրբեջանի կենտրոնական շրջաններում, Կրասնոդարի մարզում և Աբխազիայում:

Թուզը համարվում է ամենահին մշակովի բույսերից մեկը, ըստ որոշ տվյալներ՝ հավանաբար ամենահինը:Թզի մշակմամբ սկզբում զբաղվել են Արաբիայում, որտեղից էլ տարածվել է Փյունիկիա, Սիրիա և Եգիպտոս: Մ․թ․ա․ 13-րդ դարում կարևոր դեր է ունեցել Փիլոս թագավորության գյուղատնտեսության մեջ: Ամերիկա է հասել միայն 16-րդ դարում: Աստվածաշնչում հիշատակվող թզենու տերևը Ադամն ու Եվան օգտագործել են իրենց մերկությունը ծածկելու համար:

Անվանում
Ռուսաց լեզվում ֆիկուս անունը տարածվել է 18-րդ դարում և բավականին փոփոխված դարձել է ֆիկա, այստեղից էլ ֆիկայի ծառ: Ռուսաստանում տարածված էին այս բույսի այլ անվանումներ՝ թուզ, գինու հատապտուղ, զմյուռնիական հատապտուղ: «Կապույտ ֆիգա» անունով բույսը բացարձակապես այլ բույս է, որն աճում է Ավստրիալիայում և ոչ մի կապ չունի իսկական թզենու հետ:

Բուսաբանական նկարագրություն
Բաց մոխրագույն հարթ կեղևով ծառ է, տերևները խոշոր են, հերթադիր, բլթակավոր, արտաքինից` մուգ կանաչ, ստորին մակերեսից` բաց գունավորված, խավապատ, ունեն յուրահատուկ հոտ, պոկելիս նկատվում է կաթնահյութի արտահոսք, որը որոշ ազգերի մոտ պտղաբերություն է խորհրդանշում: Թուզի իգական գլխավոր ծաղիկները ունեն կարճ ցողուն, ինչպես նաև խոշոր ծաղկաբույլ, որում արական ծաղիկները ռեդուկցված են, իսկ իգականներն ունեն երկար սյուներ, և բեղմնավորումից հետո առաջացնում են միակի սերմով պտուղներ՝ ընկույզի ձևով Թուզը հյութալի, քաղցր, տանձանման, ներսում կորիզներով միրգ է: Ծածկված է բարակ, փոքր մազիկներ ունեցող կեղևով: Վերին մասում ունի փոսիկ և աչքեր: Թուզը կախված սորտից ունի տարբեր գունավորումներ՝ դեղինից մինչև սև և կապույտ: Ավելի շատ տարածված են դեղին և կանաչ պտուղներով թուզը:

Քիմիական բաղադրություն
Թզի թարմ պտուղները պարունակում են մինչև 24 % (այլ տվյալներով մինչև 75 %) շաքար (գլյուկոզ, ֆրուկտոզ), իսկ չոր պտուղները՝ մինչև 37 %: Պտուղները պարունակում են օրգանական թթուներ, դաբաղանյութեր, սպիտակուցներ, ճարպեր: Թզի թարմ պտուղները պարունակում են մինչև 1․3 % սպիտակուցներ, 11․2 շաքար, թթուներ՝ միայն 0․5 %: Չոր պտուղներում սպիտակուցների պարունակությունն ավելանում է մինչև 3-6%, շաքարը՝ մինչև 40-50 %, ինչը նրանց տալիս է շատ քաղցր համ և դառնում է շատ հագեցնող (չոր պտուղների կալորիականությունը՝ 214 կկալ․ 100 գրամում): Պտուղները պարունակում են նաև վիտամիններ (β-կարոտին B1, B3, PP, C), հանքային նյութեր (նատրիում՝ 18 մգ 100 գրամում, կալիում՝ 268, կալցիում՝ մինչև 34, մագնեզիում՝ մինչև 20, ֆոսֆոր՝ մինչև 32): Կալիումի պարունակություն այնքան շատ է, որ զիջում է միայն ընկույզին: Չհասունացած պտուղները պարունակում են դառը կաթնային համ և պիտանի չեն ուտելու համար:

Չոր պտուղները առանձնանում են բարձր կալորիականությամբ և պարունակում են 50-77% շաքար:

Նշանակությունը և օգտագործումը տնտեսության մեջ

Թուզը օգտագործում են թարմ, չոր և պահածոյացված վիճակում: Թարմ պտուղներից պատրաստում են մուրաբա և ջեմ: Պտուղներում կան բազմաթիվ մանր կորիզներ: Թզի պուղները հիմնականում չափավոր քաղցր են, երբեմն էլ՝ չափազանց քաղցր: Չորացնելու համար պիտանի են փայլուն, ոսկեգույն կաշվով և սպիտակ միջուկով, մոտավորապես 5 սմ տրամագիծ ունեցող պտուղները: Չորացնում են արևի տակ 3-4 օր: Ինչքան փոքր են պտուղները, այնքան համեղ են: Եթե պտուղն ունի 900-ից ավելի կորիզ, ուրեմն այն շատ լավն է ու նուրբ, իսկ եթե 500-ից քիչ՝ միջին: Գոյություն ունի նաև թզի անկորիզ տեսակը, որը, սակայն, այնքան էլ համեղ և հյութալի չէ: Անդալուզիայում պատրաստվում է թզից հաց: Թզի բերքը առատ է՝ մինչև 20 տ հեկտարից: Թզենին կարող է աճել ոչ պարարտ հողերում, քարքարոտ վայրերում, ծերպերում, անգամ քարերի վրա: Սակայն փարթամ ծառեր հանդիպում են գետերի ափերին, արգավանդ, ջրվող հողերում: Թզենին բերք տալիս է երկրորդ-երրորդ տարում, ապրում է 30-60, երբեմն էլ նույնիսկ՝ մինչև 300 տարի:

Բուժիչ հատկությունները

Դեղագործության մեջ օգտագործվում են թզի տերևները (լատ.՝ Folium Ficusi caricae), որոնք հավաքում են բերքահավաքից հետո՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և չորացնում:

Շատ վաղ ժամանակներից թուզն օգտագործվում է բժշկության մեջ: Այն օգտագործվել է որպես դեղամիջոց հազի և կոկորդի հիվանդությունների դեմ, դրա համար թուզը թրմում էին եռացրած ջրում կամ կաթում: Պտուղների միջուկը քրտնարտադրության և ջերմիջեցնող հատկություն ունի: Բացի այդ երկաթի պարունակությունը թզի պտուղներում ավելի շատ է, քան խնձորի մեջ, դրա համար էլ այն խորհուրդ է տրվում երկաթի պակասություն ունեցող մարդկանց մոտ: Քանի որ թզենու տերևներում պարունակվում է կումարին (նյութ, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը արևի ճառագայթների դեմ), դրանք էլ են օգտագործվում դեղաբուժության մեջ: Թուզն ունի սնուցող հատկություն, կարգավորում է մարմնի ջերմությունը, հագեցնում է ծարավը: Թուզը օգտակար է սրտխփոցի դեմ, բրոնխային ասթմայի, հազի, սրտի ցավերի, թոքաբորբի ժամանակ, իսկ նրա օգտագործումը կերակրի մեջ նշի հետ օգտակար է հյուծվածության ժամանակ: Չորացրած թուզը ունի թուլացնող հատկություն: Թզի հյութը երեխաների համար ունի ակտիվացնող հատկություն, բացում է ախորժակը, լավացնում է մարսողությունը: Թզի հյութը օգտակար է նաև մկանային և հոդային ցավերի, մաշկի հիվանդությունների, երիկամների և միզասեռական օրգանների քարերի, լյարդի մեծացման և ցավերի ժամանակ:

Թզի պտուղները մտնում են «Կաֆիոլ» դեղանյութի կազմի մեջ: 

Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ ամենաարժեքավորը սպիտակ թուզն է, այնուհետև` կարմիրր, սևը: Տերևներից, պտուղներից արտադրվող սպիտակ հյութը`«կաթը», ըստ նրա, բուժում է գորտնուկներից, վիտիլիգոյից (մաշկի պիգմենտացիայի կորուստ)` քսելու ձևով, օգտակար է երիկամային ու միզապարկի հիվանդությունների դեպքում: Ճյուղերից ստացված մոխիրով հոգնա են անում դիզենտերիայի, լուծի դեմ: Բույսի կաթը խմում են նաև կարիճի խայթոցի, շան կծածի դեմ (մեղրի հետ): Տերևները ծամելր մաքրում է ստամոքսը: «Կաթի» և մեղրի խառնուրդի կաթեցումը` աչքի մեջ, կանխում է կատարակտով հիվանղանալուց: Չափազանց արժեքավոր սնունդ է թզի չիրր: Չիրը` անանուխի, ուրցի հետ ուտելու դեպքում, մաքրում է միզապարկը, երիկամները: Թզի չիրը շատ օգտակար է ուտել ընկույզի հետ: Իսկ եթե չիրը եփվի 1 լ գինու քացախի հետ և 1 օր թողնվի, այնուհետև թրջոց դրվի փայծաղի շրջանում, շատ կօգնի բուժմանը:

Սենյակային բույս

Ռուսաստանի միջին և հյուսիսային շրջաններում թուզը աճում է սենյակային պայմաններում: Նա ունի մեծ բլթակավոր գեղեցիկ տերևներ, որոնք ձմռանը թափվում են: Սենյակային բույսը կարող է պտուղներ տալ, որոնք հաճախ հասունանաում են ամռանը կամ աշնանը երբեմն էլ նաև գարնանը: Թուզն բազմացնում են ձմեռային (առանց տերևների) և ամառային (կանաչ) տնկիներով: Ձմեռային տնկիները հասունանում են մեկ-երկու տարում, տնկում են վաղ գարնանը՝ մինչև բողբոջների բացվելը, փխրեցված հողում: Կանաչ տնկիները տնկում են գարնան վերջին, ամռան սկզբին ավազի մեջ և պահում են խոնավ պայմաններում ապակե տարայի տակ: Տաք պայմաններում տնկիները արագ արմատակալվում են: Արմատակալված տնկիները տեղավորում են ծաղկամանների մեջ:

Ամռանը պահում են լուսավոր լուսամուտագոգերին՝ հաճախակի ջրելով: Ձմռանը՝ սառը միջավայրում, քիչ են ջրում, այնքան, որ հողը չչորանա: Երկու-երեք տարուց փարթամ բույսերը տեղափոխում են ավելի մեծ ամանի մեջ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում