Գաճաճ արծիվ. Հայաստանի Կարմիր գիրք
Գաճաճ արծիվը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:
Տարածվածությունը: Այս տեսակը բնադրում է Հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում և Իրանում:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է գրեթե բոլոր արևելյան մասերում` զբաղեցնելով անտառային գոտին:
Ապրելավայրերը: Նախընտրում է բնադրել լայնատերև և համախառն անտառներում, որսի տարածքը հաճախ գտնվում է բաց լեռնատափաստանային գոտում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Ձվադրում են տարին մեկ անգամ` դնելով 2 ձու:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախնական գնահատմամբ` Հայաստանում թվաքանակը կազմում է 60–80 բնադրող զույգ: Ըստ 2008 թ–ի տվյալների` Երևանի կենդանաբանական այգում պահվում է 1, իսկ ըստ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի տվյալների` 9 առանձնյակ:
Վտանգման հիմնական գործոնները: Գաճաճ արծվի քանակի վրա ազդող գործոններից է մարդու կողմից անմիջական հետապնդվելը: Հաճախ գաճաճ արծիվը դառնում է որսագողերի զոհը: Զարգացման շրջանում անհանգստացնող գործոններ կարող են լինել վայրի բույսեր հավաքողները և զբոսաշրջիկները: Հնարավոր է, որ գաճաճ արծվի թվաքանակի վրա իր ազդեցությունն ունի նաև թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսության մեջ: Թվաքանակի նվազման պատճառներից կարող են լինել նաև որսագողերի ակտիվությունը վերջին տարիներին, ովքեր կամ բռնում են գաճաճ արծվի ձագերին, կամ որսում են արդեն հասուն թռչուններին` խրտվիլակ պատրաստելու նպատակով:
Պահպանության միջոցառումները: Մոտ 5 զույգ բնադրում է, «Դիլիջան» ազգային պարկում, «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում: Կապված պոպուլյացիայի սակավաթվության և սպառնացող վտանգների բազմազանության հետ՝ անհրաժեշտ է միջոցները կենտրոնացնել բնադրավայրերի պահպանության և տեղի բնակչության կրթության վրա: Անհրաժեշտ է նաև բարձրացնել գաճաճ արծվի բույնը քանդելու և որսի համար օրենքով նախատեսված տուգանքի չափը: