Օձակեր արծիվ. Հայաստանի Կարմիր գիրք
Օձակեր արծիվը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Սակավաթիվ, մասնատված արեալով տեսակ է, կրճատվող թվաքանակով: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:
Տարածվածությունը: Պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացված է Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում, Կովկասում, Փոքր Ասիայում, Արևմտյան Սիբիրում:
Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է ամենուրեք, բացառությամբ արևմտյան անտառազուրկ շրջաններից:
Ապրելավայրերը: Բնադրում է անտառային շրջաններում (ինչպես խառն, այնպես էլ գիհու նոսրանտառներում): Որսը կատարում է, սովորաբար, բաց տարածքներում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ձվակույտում` 1 ձու:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախնական տվյալներով Հայաստանում հաշվառվում են 10–30 բնադրող զույգեր: 2008 թ –ի տվյալներով՝ Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 4 առանձնյակ:
Վտանգման հիմնական գործոնները: Սողունների անվերահսկելի որսը, բնադրման համար հարմար տարածքների յուրացումը, անտառի և թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարի ընթացքում, թռչունների ապօրինի որսը: Ձվադրման ժամանակ օձակեր արծվին մեծ վնաս են հասցնում վայրի բույսեր հավաքողները և զբոսաշրջիկները: Վերջին տարիներին մեծացել է ձվերի և ձագերի ապօրինի հավաքը որսագողերի կողմից:
Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» ազգային պարկում: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Օձակեր արծվի հայտնի և հարմար բնադրավայրերը նպատակահարմար է պահպանել` կազմակերպելով արգելավայրեր կամ ժամանակավոր հանգստի գոտիներ բնակեցված բների շուրջը: Անհրաժեշտ է տանել բացատրական աշխատանքը բնակչության շրջանում` ուղղված սողունների զանգվածային ոչնչացման դեմ: Խստացնել անտառային էկոհամակարգերում և գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործման վերահսկողությունը: Ավելացնել օձակեր արծվի ապօրինի որսի, ձագեր հավաքելու և բները քանդելու համար տուգանքի չափը: