Ահազանգ․ Վայրի բնությունից գողացված ձագերը՝ վաճառքի առարկա (ֆոտո)
Վայրի բնությունից գողացված կենդանիների առցանց վաճառքի հերթական դեպքն է արձանագրվել։ Սոցիալական հարթակներից մեկում «Սեգ Յան» անունով օգտատերը ֆեյսբուքյան «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ և ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ՎԱՃԱՌՔ» խմբում տեղադրել է հայտարարություն աղվեսի ձագերի վաճառքի մասին։ Վերջինս տեղադրել է նաև լուսանկարներ և նշել հեռախոսահամար։ Ըստ նախնական տեղեկությունների բնությունից գողացված աղվեսների ձագեր վաճառող «Սեգ Յան»-ը անչափահաս է։
Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով ձեռնարկել հրատապ միջոցներ։
Առցանց վաճառքի կայքերը և սոցիալական հարթակները շարունակում են հանդիսանալ վայրի բնությունից գողացված, ինչպես նաև՝ էկզոտիկ կենդանիների վաճառքի կետեր։ Այդ ապօրինի առևտուրը որևէ կերպ չի կանոնակարգվում և վերահսկվում։
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»։
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: