Հայաստանում վագրեր կբուծեն. ի՞նչ է սպասվում կենդանիներին

Վայրի կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «ԶOO Ֆաունա Արտ» ՍՊԸ կողմից հունիս ամսին Հայաստան է ներմուծվել 4 վագր: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ից:

Դեռ մարտ ամսին վերոնշյալ ընկերությունը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գորիգորյանի ստորագրությամբ ստացել է 2 հատ ամուրյան վագրի (Panthera tigris altaica) և 3 հատ սպիտակ վագրի (Panthera tigris tigris) ներմուծման ՍԻԹԵՍ հավաստագիր (CITES): Ներմուծման գործարքը տեղի է ունեցել բոլորովին վերջերս: ՄՎ և ԵՀ վարչության պետ Մնացան Շարաֆյանի ստորագրությամբ ստացված գրությամբ ասվում է. «... ըստ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայի տվյալների 05.06.2019թ. «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ (ՀՎՀՀ 00451056) կողմից ՀՀ է ներմուծվել երեք հատ սպիտակ վագր և մեկ հատ ամուրյան վագր, որոնք հայտարարագրման փուլում են»:

Նախարարության կողմից մեզ տրամադրված ՍԻԹԵՍ հավաստագրերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ կենդանիները ՀՀ ներմուծվել են Ուկրաինայից. արտահանող/վերաարտահանող անձը Սերգեյ Կոստիվն է՝ «Լիմպոպո» էկզոտիկ կենդանիների հավաքածուի տնօրեն:

Բենգալյան վագր, «Լիմպոպո»

Այսպիսով, առաջին հավաստագրով նախատեսվել է ներմուծել երեք հատ սպիտակ վագր կենդանի վիճակում՝ 2 էգ, 1 արու: Որպես գործարքի նպատակ է նշվում բուծումն կամ արհեստական բեղմնավորում անազատ պայմաններում (B/Breeding in captivity or artificial propagation), ծագման աղբյուրը՝ անազատության մեջ ծնված (C/ Animals bred in captivity in accordance with Resolution Conf. 10.16 (Rev.), as well as parts and derivatives thereof, exported under the provisions of Article VII, paragraph 5, of the Convention), իսկ ծագման երկիրն ու այլ տեղեկություններ առկա չեն:

Մեկ այլ հավաստագրով նախատեսվում է երկու հատ ամուրյան վագրի ներմուծում՝ 1 էգ, 1 արու: Գործարքի նպատակն ու ծագման աղբյուրը նույնն է. անազատության մեջ ծնված կենդանիները ներմուծվել են ՀՀ բուծման նպատակով (B/C): Հավաստագրերն ուժի մեջ են մինչև 18.09.2019թ.-ը, բայց արդեն իսկ իրականացվել է 4 կենդանու ներմուծում: 

«Լիմպոպո» մասնավոր կենդանաբանական այգին գտնվում է Լվով քաղաքի հարևանությամբ: Սերգեյ Կոստիվը հանդիսանում է մասնավոր կենդանաբանական այգու տնօրենը: Նշված այգին չի հանդիսանում ոչ EARAZA, ոչ EAZA անդամ կամ թեկնածու անդամ: Այս կառույցներին անդամակից կենդանաբանական այգիներն իրավունք չունեն զբաղվել կենդանիների առևտրով:

Բենգալյան վագր, «Լիմպոպո»

Հիշեցնենք, որ «ԶOO Ֆաունա ԱՐՏ» ՍՊԸ հիմնադիր տնօրենը Արթուր Խաչատրյանն է: «Datalex» դատական տեղեկատվական համակարգի համաձայն 2017թ.-ի հունիս ամսին «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ պարտավորությունները չկատարելու պատճառով Էրեբունի և Նուբարաշեն դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ, սակայն ընկերությունը դեռ շարունակում է իրականացնել գործարքներ և կենդանիների ակտիվ առք ու վաճառք:

Սպիտակ վագրը նույն Բենգալյան վագրն է ենթարկված որոշակի գենետիկ բնածին մուտացիայի: Տեսակն ընդգծկված է IUCN կարմիր ցուցակում «անհետացող» (Endangered) կարգավիճակով: Վերջին անգամ այս տեսակը վայրի բնության մեջ սպանվել է 1958թ.-ին: Տեսակի չափազանց հազվագյուտ լինելու պատճառով այժմ անազատության մեջ պահվող գրեթե բոլոր սպիտակ վագրերը համարվում են իմբրիդինգի (նեղազգակցական խաչասերում) հետևանք, ինչի պատճառով էլ կենդանիները հաճախ ծնվում են գենետիկ դեֆեկտներով: Այս պատճառով 2011թ.-ին Կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի (AZA/Association of Zoos and Aquariums) տնօրենների խորհրդի որոշմամբ անդամ այգիներին արգելվել է բուծել սպիտակ վագրերի, սպիտակ առյուծների և թագավորական հեպարդների:

Ամուրյան կամ սիբիրյան վագրը ևս ընդգծկված է IUCN կարմիր ցուցակում «անհետացող» (Endangered) կարգավիճակով: Այս տեսակն ընդգրկված է Տեսակների պահպանման ծրագրում (Species Survival Plan/SSP) և այսօր շուրջ 160 սիբիրյան վագրեր ծրագրի մասնակից են: Ծրագրի շնորհիվ տեսակն հաջողվել է պահպանել ոչնչացումից, շատ մասնագետների պնդմամբ, այս պոպուլյացիան բավարար մեծ է, որպեսզի ապահովվի կայուն քանակ և գենետիկ առողջություն:

Այս պարագայում, թե ի՞նչ նպատակ է հետապնդում կենդանիների առք ու վաճառքով զբաղվող ընկերության կողմից նման կենդանատեսակների բուծումը մնում է անհայտ: Ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանից հարցի պատասխան չենք ակնկալել, քանի որ վերջինս արդեն մեկ անգամ հրաժարվել է զրուցել մեզ հետ՝ ասելով. «Երևի Էկոնյուզի համար երբեք հարմար չի լինի»:

Այսպիսով, ՀՀ-ում նախատեսվում է բուծել երկու տեսակի գիշատիչ կատվազգի: Շրջակա միջավայրի նախարարը տրամադրել է կենդանիների ներմուծման հավաստագիր՝ հաշվի չառնելով երկրի ներսում առկա օրենսդրական բացերն ու թերացումները, որոնք բացարձակ հնարավորություն չեն տալիս վերահսկելու ոլորտը, ինչի մասին բարձրաձայնել ենք բազմիցս: Ի դեպ, երկրի ներսում առկա օրենսդրական բացերն արձանագրված են նաև ՍԻԹԵՍ կոնվենցիայով: «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES / Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora) Ժնևի քարտուղարությունը դեռ 2015թ.-ին ՀՀ-ը դասել է երրորդ կարգի երկրների շարքին, քանի որ Հայաստանի օրենսդրությունը չի համապատասխանում կենդանիների անօրինական առևտրի դեմ պայքարում միջազգային կոնվենցիայի կատարման պահանջներին: Հայաստանը կոնվենցիային միացել է 2009թ.-ին: ՀՀ հարևան պետություններից Ադրբեջանը դասվել է երկրորդ կարգի երկրների շարքին, Թուրքիան՝ առաջին դասի, Վրաստանը՝ երկրորդ դասի, Իրանը՝ առաջին դասի, Ռուսաստանը ևս դասվել է առաջին կարգի երկրների շարքին:

ՀՀ-ում կենդանիների բուծումը կամ վերարտադրությունը չի կանոնակարգվում օրենսդրությամբ. «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ միայն մասնակիորեն կարելի է վերագրել նշված գործունեության տեսակին: Նման պայմաններում ՀՀ-ում նախատեսվում է բուծել վագրեր, ինչը կարծես թե չի անհանգստացնում պետական լիազոր մարմիններին:

Հավելենք, որ Հայաստանում կենդանիների առևտրով զբաղվող հիմնական գործող անձինք շարունակում են նույնը մնալ և հայտնի են լայն շրջանակներին թե երկրի ներսում, թե՝ դրսում:

Առաջանում են մի շարք հարցադրումներ՝ ի՞նչ նապատակով են բուծվելու կենդանիները, վաճառվելու են արդյո՞ք դրանք, որտե՞ղ և ո՞ւմ, ո՞ր կառույցն է վերահսկելու գործընթացը և այլն: Հարցեր, որոնք այդպես էլ անպատասխան կմնան, իսկ մոտ ապագայում հնարավոր է գիշատիչ կատվազգիները հայտնվեն այս կամ այն ռեստորանում, սննդի օբյեկտում, զվարճանքի կենտրոնում, պարզապես ինչ-որ մեկի տանը կամ ստամոքսում, չէ որ «թույլատրելի է այն ամենն, ինչ արգելված չէ»:

Նշենք նաև, որ ՀՀ-ում նախատեսվում են նշված ոլորտը կանոնակարգող օրենսդրական փոփոխություններ: Շրջակա միջավայրի նախաձեռնության փոփոխություններ են նախատեսվում «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում, որն այժմ լրամշալման փուլում է: Բացի այդ ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ և կենդանասերների աջակցությամբ նախատեսվում է մշակել և ընդունել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում