Հայաստանի անտառներում կարող են կապիկներ հայտնվել․ Lուծումներ փնտրելիս /մաս 1/

Շարունակությունը կարդացեք՝ հաջորդ հոդվածում,որը կհրապարակվի շուտով։

Խնդիրները նրա համար են, որ լուծումները չլինեն սպասված տեղերում։

Հոգեթերապիայի սկզբունքներ

Քանի՞ օնլայն պետիցիայի եք հանդիպել համացանցում և քանի՞սն եք ստորագրել՝ վարկյաններ անց մոռանալով այդ մասին․․․ բայց դրանք իրականանալու ունակություն ունեն, հազվադեպ, բայց պատահում է։

2022 թվականին Հայաստանը դարձավ առաջին հետխորհրդային երկիրը, որտեղ կրկեսներում վայրի կենդանիների օգտագործումն արգելվեց։ Իհարկե, դեռ պետք է մշակվեն ենթաօրենսդրական ակտեր, տրվեն այլ կարգավորումներ, հստակեցվի կենդանիների ցանկը, սակայն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում իրականացված այս փոփոխություններն առաջին քայլն են դեպի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։

Շատերը, միգուցե, չգիտեն, որ այս փոփոխությունների ակունքներում հանրությունն է։ 2020 թվականի ամռանը, երկու երիտասարդ գիտնականներ՝ Արսեն Գասպարյանը և Արևիկ Մկրտչյանը մեկնարկեցին «Կրկեսն առանց կենդանիների» նախաձեռնություն-պետիցիան, որը ստորագրվեց շուրջ 15 հազար մարդու կողմից։ Եվ այն աշխատեց․ Կառավարությունն ընդունեց հանրության կարծիքը և այն ներառվեց «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծում։

Հոդվածում վերլուծել ենք առկա իրավիճակը, առաջարկվող լուծումների արդյունավետությունը և սպասվող փոփոխությունները, ինչպես նաև հոգեբանի օգնությամբ փորձել ենք բացահայտել տնային պայմաններում վայրի կենդանիների պահելու մոլուցքի առաջացման պատճառները։ Վայրի բնության միջազգային կենդանաբույժ Իման Մեմարիանի հետ զրուցել ենք վայրի բնության առևտրի և դրա հետևանքով առաջացող բազում վտանգների մասին։

Կապիկներ՝ Հայաստանի անտառներում

Նույն իրականության մեջ Հայաստանում մարդիկ դեռ շարունակում են տներում, ռեստորաններում այլ մասնավոր տարածքներում վայրի կենդանիներ պահել։ 

Վերջին տարիների EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ուսումնասիրությունները վկայում են, որ հատկապես կապիկ ունենալու ցանկությունն ավելի պոպուլյար է դառնում։ Այդ մոլուցքն ավելի բնորոշ է երիտասարդ կանանց, որոնց հասարակությունը մեկ բառով «գլամուր» է անվանում։ Դրանք նույն կանայք են, որոնք կենդանուն վերաբերվում են որպես իրենց կից աքսեսուար, «լուքը» լրացնող դետալ, և քանի որ արդեն նորաձևությունից դուրս են մղվում այնպիսի կենդանիներն, ինչպես շունը և կատուն են, ապա նրանց փոխարինելու են եկել չափսերով գրեթե նույնական, առաջին հայացքից անվտանգ «բրենդային կենդանիները», օրինակ՝ կապիկները։ 

Այս կանայք նաև շահ ունեն կապիկներից․ նրանք ակտիվություն են դրսևորում սոցիալական կայքերում՝ օգտագործելով կենդանուն և հավաքում են հետևորդներ։ 

Դեպք 1․ Բարսիկ կապիկը (ռեզուս մակակ) հանդիսավար Գայանե Հապետյանի «խնամքի» ներքո է, մասնակցում է հանդիսությունների։ Գայանե Հապետյանը նաև սև մանգաբեյ տեսակի կապիկ է ձեռք բերել՝ Գրինչ անունով։ Կենդանիները չեն ստանում որևէ մասնագիտական խնամք, ուտում և խմում են ինչ պատահի և օգտագործվում են սոցիալական հարթակներում ակտիվություն ապահովելու նպատակով։

Վայրի բնության կենդանաբույժ Իման Մեմարիանը՝ դիտելով Բարսիկ կապիկի տեսանյութը մեզ հետ զրույցում ասել է․ «Սա իսկապես պսիխոպաթ ռեզուս մակակ է, ինչը կարող է լինել պահման պայմանների հետևանքով, օրինակ՝ պատիժների, երկար ժամանակով միայնակ մնալու, կապված լինելու և նմանատիպ այլ երևույթների հետևանքով։ Սա իսկապես շատ լուրջ խանգարված վարքագիծ է»։ 

Ի դեպ, կապիկների դեպքում դա միայն թվացյալ անվտանգություն է, քանի որ միջազգային և Հայաստանում աշխատանքի փորձառություն ունեցող վայրի բնության կենդանաբույժ Իման Մեմարիանը մեզ հետ զրույցում նշել է այն բոլոր վտանգները, որոնք առաջանում են, ինչպես ինքն է ասում՝ «վայրի բնությունն ընտանի դարձնելու» հետևանքով։

Ոչ միայն անվտանգությունն է թվացյալ, այլև մարդ-կապիկ սերը։ Սիրելու այս տեսակը վնաս է հասցնում առնվազն 3 կողմի՝ կենդանուն, վայրի բնությանը և մարդուն, ավելին, ստեղծված իրավիճակը որևէ դրական կողմ չունի։

Կապիկների բոլոր ենթատեսակները խմբային կյանք են վարում՝ ապրում են մեծ ընտանիքներում, խմբերում, ենթախմբերում, ձևավորելով նույնիսկ հարեմներ: Այս խմբերում սոցիալական հարաբերությունները բավական բարդ են, իսկ հանրույթը՝ շերտավորված ըստ դոմինանտության աստիճանի, հստակ հիերարխիայով: Մարդու տիրապետության տակ գտնվելով կապիկները չափազանց մեծ սթրեսի են ենթարկվում և մշտական տանջանքների մեջ են լինում։ 

Այսօր կա իրական վտանգ, որ Հայաստանի անտառներում կարող են կապիկներ հայտնվել։ Իման Մեմարիանի խոսքով ռեզուս մակակ տեսակի կապիկները կարող են տարածաշրջանի երկրների համար ինվազիվ տեսակ դառնալ և այդպիսի դեպք արդեն իսկ գրանցվել է Իրանում։ Այս կապիկները բավական դիմացկուն և ուժեղ են, սնվում են ամեն ինչով, դիմակայում են ցուրտ և տաք եղանակին, ուստի կա իրական վտանգ, որ մեկ օր նրանք կարող են հայտնվել վայրի բնության մեջ, ապրել և տարածվել։ 

Պարադոքս․ մի կողմից նոր և կենդանասեր մոտեցում՝ կրկեսներում վայրի կենդանիների օգտագործման արգելք, մյուս կողմից՝ կապիկներ մարդկանց տներում։

Իման Մեմարիանը պատմում է վայրի բնության առևտրի, դրա առաջացման պատճառների և մարդկանց մասին, որոնք տանը առյուծ պահելով, վստահություն են ձեռք բերում իրենց ուժեղ լինելու մեջ։ 

Մի փոքր՝ թվերի մասին

Վայրի կենդանիների առևտրի մասին պատմող Վայրի առևտուր ֆիլմի պատրաստման ընթացքում պարզել ենք, որ 2017-2021թթ․ ընթացքում ՀՀ ներմուծվել են շուրջ 150 կապիկներ և արտահանվել են ընդամենը՝ 50-ը, ինչը նշանակում է, որ շուրջ 100 կապիկներ պետք է գտնվեն Հայաստանում, սակայն կենդանիների ներկայիս կարգավիճակի մասին ընդհանրապես տեղեկություններ չկան։ Մենք պարբերաբար ահազանգեր ենք ստանում այս կամ այն վայրում պահվող, վաճառվող կապիկների մասին, ավելին՝ դրանց մեծ մասը ձագեր են, ուստի մեծ է հավանականությունը, որ Հայաստանում այդ կապիկներին բազմացնում են, ինչը նշանակում է, որ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Ցավոք, Հայաստանում այս ոլորտում վիճակագրական տվյալներ չկան, առկա են միայն հասարակական սեկտորի հավաքագրած տվյալները, սակայն նոր օրենքի լիարժեք կիրառումից հետո, ակնկալվում է ունենալ ամբողջական պատկեր բոլոր կենդանատեսակների մասով։

Այսպիսով, ստեղծված պարադոքսալ իրավիճակի, օրենքի փոփոխությունների, դրանք որպես լուծում դիտարկելու և այլ լուծման ուղիներ գտնելու մասին զրուցել ենք «Կրկեսն առանց կենդանիների» նախագծի համահեղինակներ Արևիկ Մկրտչյանի և Արսեն Գասպարյանի, ինչպես նաև՝ ՀՀ ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանի հետ։

Պետք է հանրությունը հասունացած լինի

«Արդեն կլինի շուրջ 15 տարի, ինչ պայքարում ենք կենդանիների բարեկեցության, կենդանիների իրավունքների, բիոէթիկայի նորմերի պահպանման համար Հայաստանում»,- մեզ հետ զրույցում ասում է «Կրկեսն առանց կենդանիների» նախաձեռնության համահեղինակ, Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Արևիկ Մկրտչյանը և շարունակում,- «Կարծում եմ՝ պահն արդեն հասունացել էր այս ոլորտում գոնե մեկ առաջընթաց գրանցելու համար: Շրջանը համընկավ Covid 19-ի համաճարակի հետ, որը նաև օգնեց, որպեսզի հանրության գիտակից և կենդանասեր հատվածն իր ուշադրությունը սևեռի այս լուրջ խնդրի վրա»:

Արևիկ Մկրտչյան, «Կրկեսն առանց կենդանիների» նախաձեռնության համահեղինակ, Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Արևիկ Մկրտչյան

«Կրկեսն առանց կենդանիների» նախաձեռնության մյուս համահեղինակ, Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը հավելում է՝ ամեն ինչ սկսվել է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններից։ «Պետք է հանրությունը նաև հասունացած լինի, պահանջի, որ լինի։ Ինչպես վայրի կենդանիներն անազատ պայմաններում պարզապես չպետք է պահվեն, այնպես էլ՝ կրկեսը, որն առաջին փուլն էր, բայց որպես երևույթ ամենատհաճն ու սխալը․ եթե դու երեխային տանում ես կրկես ու նա տեսնում է, թե ինչպես են տարբեր ձևով շահագործում կենդանուն, ապա նրա մոտ դրանից հետո հաստատ կենդանու նկատմամբ հարգանք որպես անհատականության, որպես վայրի բնության միավորի, չի առաջանա ու չի էլ զարգանա։ Այսինքն, այս փոփոխությունը վերաբերվում է ոչ միայն կրկեսի 10-յակ կենդանիներին, այլև՝ երեխա-կենդանի փոխհարաբերությանը։

Մենք փորձեցինք ցույց տալ, որ հասարակական պահանջ կա, ստորագրահավաքն արեցինք, ուղարկեցինք այդ ամբողջ տվյալները Շրջակա միջավայրի նախարարություն ու դա տվեց որոշակի արդյունք»,- ասում է Արսենը։

ՀՀ ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, որն ակտիվ մասնակցություն է ունեցել օրենքի փոփոխությունների, այդ թվում՝ կրկեսում կենդանիների օգտագործման արգելքի գործում, հիշում է՝ ամեն ինչ սկսվել է հայտնի Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու լքված կենդանիների վիճակի շուրջ ծագած հանրային և միջազգային լայն արձագանքից՝ 2016թ․-ին։ Խոսելով օրենքի վերջին փոփոխությունների մասին տիկին Գրիգորյանն ասում է․ «Կար շատ առողջ գործընկերային համագործակցություն, որտեղ դրված էր մեկ ընդհանուր նպատակ և բոլոր ջանքերն, ամենքն իր մասով ուղղել էին այդ նպատակի իրագործմանը։ Արդյունքն արտահայտված է Օրենքում և դրա շուրջ որևէ հակասություն և բախում չի եղել»։

Ոսկեհատ Գրիգորյան, ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ

Ոսկեհատ Գրիգորյանը նշում է՝ 2016թ․-ից սկսված օրենքը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել, շրջանառվել է, սակայն վերջնական փուլին չի հասել, եղել է նաև ԵՄ դիրեկտիվների հետ համապատասխանեցնելու պահանջը։ Նա ընդգծում է, որ օրենքում շատ ավելի լայնածավալ փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման, դրանց առուվաճառքի, օգտագործմանն առնչվող, և կրկեսում վայրի կենդանիների օգտագործման արգելքի դրույթը դրանցից մեկն է միայն։

Վերջինս նշում է, որ օրենքի շուրջ քննարկումների ևս մեկ ակտիվ շրջան է սկսվել 2020 թվականին, այն պահից երբ Նախագիծը դրվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft) կայքում՝ հանրային քննարկման հանրային սեկտորի ներկայացուցիչներ, այդ թվում Արսեն Գասպարյանը, Արևիկ Մկրտչյանը, Լևոն Գալստյանը, Կարեն Մանվելյանը, ովքեր արձագանքել էին և կարծիք ներկայացրել ընդհանուր Նախագծի շուրջ։ «Քննարկվել է Նախագիծն ամբողջությամբ՝ դրույթ առ դրույթ, և այդ քննարկումների ընթացքում հնչել է առաջարկ կրկեսում կենդանիների օգտագործման արգելքի, ինչպես նաև դրա շուրջ ստորագրահավաք կազմեկերպելու հետ կապված։ Առաջարկությունը քննարկվել և անմիջապես դրական է ընդունվել նախարարության կողմից և գործընթացը մեկնարկել է»,- մանրամասնում է տիկին Գրիգորյանը։

Արևիկ Մկրտչյանը վերհիշում է տարիների «անհույս պայքարը» և մշտապես հնչող պատասխանը՝ «մենք ձեզ լսեցինք, շնորհակալություն, ցտեսություն»։

«Հիմնականում բախվում էինք անտարբերության, այս խնդիրն այլ բնապահպանական խնդիրներին ստորադասելուն, և բացառապես ոչինչ չէր արվում: Նախաձեռնությունը կարճ ժամանակում միավորեց 10,000-ից ավելի բնասերների, կենդանասերների, կազմակերպությունների և հկ-ների, և նրանցից յուրաքանչյուրին անհատապես շնորհակալ եմ: Նույն կերպ շնորհակալ եմ այդ շրջանում ՀՀ Բնապահպանության նախարարությունը ներկայացնող նախարարին՝ Է. Գրիգորյանին և փոխնախարարին՝ Ի. Ղափլանյանին, ովքեր անտարբերության չմատնեցին կենդանասերների արդարացի պահանջը և հաշվի առան զարգացած աշխարհի ոլորտի փորձն ու առաջընթացը»,- ասում է Արևիկը։

Կենսաբան Արսեն Գասպարյանը կարևորում է հանրության դիրքորոշումը՝ ասելով․ «Ինձ թվում է ցանկացած որոշում չպետք է լինի ինքնանպատակ․ եթե մենք այս որոշման մասին խոսեինք միգուցե 10 տարի առաջ, մենք դեռ պատրաստ չէինք լինի, շատերը այդ գիտակցությունը, կրթվածությունը չէին ունենա հասկանալու համար, չէր ձևավորվի հասարակական այդ շերտը, որը գիտակցում է, որ կենդանին, ինչպես ցանկացած օրգանիզմ, իրավունք ունի, նույն իրավունքներով է օժտված ու մենք դա պետք է հաշվի առնենք, տանջանքի չենթարկենք կենդանիներին զուտ զվարճանքի համար»։ 

Արսեն Գասպարյան, «Կրկեսն առանց կենդանիների» նախաձեռնության համահեղինակ, Բուսաբանության ինստիտուտի տնօրեն

Վերջինս նշում է նաև, որ իրենց խումբը ձգտել է ավելիին՝ ամբողջական կտրուկ արգելքի, բայց այն, ինչ իրականություն դարձավ, մեծ ձեռքբերում է։ «Աշխարհի ոչ բոլոր երկրներում այս արգելքը կա, ու հենց այդ գաղափարն էլ էինք առաջ տանում, որ սա մեր երկրին հավելյալ՝ ավելի ցիվիլ, ավելի զարգացած երկրի իմիջ է տալու։ Այսինքն, սա ոչ միայն որոշում է, որի արդյունքում մենք կունենանք լավ միջավայր, այլև երկրի ղեկավարության, քաղաքականության լավ ցուցիչ է։

Օրինակ՝ կան երկրներ, որ կենդանու փոխարեն տարբեր վիտուալ պատկերներ են ցուցադրում»,- նշում է նա։

Գերմանական Ռոնկալի կրկես, 2019

«Միակ մտավախությունը «Երևանյան կրկես» ՍՊԸ տնօրինության հետ համագործակցության եզրեր գտնելն էր»,- խոսելով մտահոգությունների մասին ասում է Ոսկեհատ Գրիգորյանը և շարունակում,- «Այդ նպատակով նախարարի տեղեկալի մասնակցությամբ իրականացվել է մի քանի առցանց քննարկում, տնօրենին ներկայացվել է ընդհանուր գաղափարը և նպատակը։ Հենց առաջին իսկ քննարկումից ՍՊԸ տնօրինության արձագանքը եղել է դրական։ Իրենք նշել են, որ որևէ խնդիր չեն տեսնում, քանի որ Երևանյան կրկեսը հյուրախաղային կրկես է։ Միակ մտավախությունն այն է եղել, որ կրկեսն առանց վայրի կենդանիների կդադարի հանրության համար հետաքրիր լինելուց և այդ առումով ասվել է, որ գործողության մեջ ժամանակի ընթացքում պարզ կլինի։ Ձեռք է բերվել համաձայնություն Օրենքում դրույթն ամրագրելու մասով։ Հարկ է նշել, որ կրկեսում արգելված կենդանատեսակների ցանկը պետք է դեռ հաստատվի, ինչի համար ևս ակնկալվում է մասնագետների հետ սերտ համագործակցություն»։

Արսեն Գասպարյանն այս հաջողությունն ամբողջական չի համարում՝ ասելով․ «Ես գտնում եմ, որ դա բավարար չէ, դեռ տեղ կա աշխատելու։ Նախ, պետք է այդ ցանկն էլ հստակեցվի, թե որ կենդանիների մասին է խոսքը այս փուլում։ Որոշ ընտանի կենդանիներ, ցավոք, դեռևս կարող են լինել, բայց պետք է հասնենք նրան, որ ընդհանրապես արգելվի։ Կարևոր է, որ արգելքը դրսից եկող շրջիկ կրկեսների վրա էլ ազդի»։

Վայրի կենդանիներ պահելու արգելքի համար էլ ենք հասունացած

Արևիկ Մկրտչյանը նույնպես ավելիին է ձգտում․ «Կարծում եմ, որ մենք կարողացել ենք ընդամենը միկրոխնդիր լուծել՝ արգելելով վայրի տեսակների օգտագործումը կրկեսում: Անազատ պայմաններում պահվող կենդանիների խնդիրը դեռևս սուր է դրված ՀՀ-ում, և կրկին՝ չկա պատկան մարմինների ուշադրությունը:

Ընդ որում, կենդանական աշխարհի պահպանության ոլորտն իրավական ակտերով կարգավորելն ամենահեշտ աշխատանքն է և ապահովում է բարձր հեղինակություն բոլոր միջազգային հարթակներում. ես չեմ հասկանում ինչով են զբաղված պատասխանատու կառույցներում, որ 15 տարիների ընթացքում այս խնդրին արմատական լուծում չեն տվել»:

Միևնույն ժամանակ պատասխանատու կառույցի ներկայացուցիչ Ոսկեհատ Գրիգորյանն ասում է․ «Վայրի կենդանիներ անազատ պայմաններում պահելու հարցում հանրային ընկալումը պետք է փոխվի։ Անհրաժեշտ է բարձրացնել հասարակության ընկալման աստիճանն այս հարցում՝ շարունակական կրթական, լուսաբանման և ճանաչողական աշխատանքներով։ Իրավական առումով՝ Կենդանական աշխարհի մասին օրենքի փոփոխությունների ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել մշակելու մի շարք ենթաօրենսդրական ակտեր (թվով շուրջ 20), որոնցով ի թիվս այլոց կարգավորումներ են սահմանվելու նաև վայրի կենդանիների անազատ պայմաներում պահման հետ կապված։

Այս հարցում ևս հանրային և գիտական մասնացություն ապահովելու համար շրջակա միջավայրի նախարարի հրամանով մոտ օրերս հաստատվելու է աշխատանքային խումբ (աշխատանքներն արդեն իրենց ավարտման փուլում են), որի կողմից մշակվելու են համապատասխան իրավական ակտեր և արդեն դրվելու են ավելի լայն հանրային քննարկումների»։

«Կարծում եմ դրա համար էլ ենք հասունացած, չեմ էլ կասկածում»,- ասում է Արսեն Գասպարյանը՝ խոսելով անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու արգելքի մասին,- «Ուղղակի մի շերտ կա, որ նման տեղեր այցելում են՝ չմտածելով այդ հարցի շուրջ, այսինքն, երբ մարդուն չես բացատրում, միանգամից կարող է հասկանալի չլինել, քանի որ մարդիկ սովոր են դրան 10-ամյակներով՝ դեռևս խորհրդային միության տարիներից։ Այն ժամանակ ասում էին՝ ի՞նչ տարբերություն կենդանաբանական այգում է պահվում, թե՞ ռեստորանում։ Այդ տարբերությունները, խնդիրները, որոնք առաջանում են վանդակների պայմաններում, պետք է հասցնել մարդկանց»։

«Նրանց առաջին իսկ օրերից բաժանում են մորից, նրանք երբեք հնարավորություն չեն ունենում մայրական կաթ ուտելու, նրանք վնասակար վարժանքների ազդեցության տակ են, որպեսզի հանգիստ մնան և դուք կարողանաք նրանց հետ լուսանկարվել։ Եթե սա պատմեք մարդկանց, շատերը կհասկանան և կփորձեն փոխվել»,- ասում է Իման Մեմարիանը։ 

Անազատ պայմաններում վայրի կենդանիների պահելու մոլուցքի, դրա խորքային հոգեբանական վերլուծության և առաջարկվող լուծումների մասին շուտով կարդացեք  հաջորդ հոդվածում, որտեղ կգտնեք նաև մի շարք հետաքրքիր տեսանյութեր ու հարցազրույցներ։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում