Ահազանգ. Բարձր օղակներում կապեր ունեցող մեծահարուստը Լոռիում «փայտի բիզնես» ունի

Լոռու մարզի Դսեղի, Ջիլիզայի և Մարցի անտառներից օրեկան 5-10 որակյալ անտառափայտով բարձված բեռնատար ավտոմեքենա ուղևորվում է Արարատյան դաշտի գյուղեր: Այս ահազանգն EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ստացավ տեղի բնակիչներից մեկից:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը Լոռու մարզից տեղափոխված անտառափայտը վաճառվում է Արարատյան դաշտի գյուղերում: Ըստ նրա՝ այս «բիզնեսի» հետևում կանգնած է Ջիլիզայում ապրող Արմեն անունով մեծահարուստ: «Մի՞թե հնարավոր չի դիմակազերծել Արմեն կոչված միլիարդատիրոջ բիզնեսը, որ վերևում տեր ունի... »,- հարց է բարձրաձայնում մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ վերոնշյալ անձը Բնապահպանության նախարարությունում կապեր ունեցող բիզնեսմեն է: Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ նշված մեխանիզմը գործում է ոստիկանության իմացությամբ և որոշ փաստաթղթերի առկայությամբ: Հնարավոր է նաև դրանք կեղծ լինեն կամ գործեն ապօրինի անտառահատման դասական սխեմայով. 10 խմ-ի փոխարեն՝ 50-ը կամ 100-ը: Ահազանգողը մեզ հայտնեց նաև այս գործընթացում ակտիվորեն ներգրավված և փայտ տեղափոխող մեքենայի համարանիշ՝ «576us29»: (խմբագրված. երկրորդը՝ «*****38»):

Նշենք, որ նշված տարածքները գտնվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառային տարածքների կազմում: Մասնավորապես, խոսքը գնում է «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի մասին, որի մեջ մտնում են նաև Մարցի և Դսեղի անտառպետությունները: «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Կարեն Սարիբեկյանը: Այս անտառտնտեսությունում իրականացվող ապօրինի ծառահատումների և այլ հոդվածներով արդեն իսկ կա հարուցված քրեական գործ: Ի դեպ, օրերս ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանման տարածքում ապօրինի 1475 կանգուն ծառերի հատման, նույն մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մի քանի անտառապահի մեղադրանք է առաջադրվել:

Մեր զրուցակիցը հայտնում է նաև Ջիլիզայի անտառներում ծառահատումների մասին, որը նույնպես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման տակ է գտնվում: «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն արդեն երկար տարիներ Արամ Բարոյանն է:

Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում