Սևանա լիճը կրկին բացասական հաշվեկշիռ ունի. ջրառը շարունակվում է

Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս Կառավարության որոշմամբ Սևանա լճից հավելյալ ջուր է բաց թողնվում ոռոգման նպատակով: Գործընթացն արդեն սկսված է և ապրիլի 18-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից արդեն իսկ բաց է թողնվել մոտ 13 մլն խմ ջուր: 

Ինչպես նշված է Կառավարության համապատասխան նախագծի հիմնավորման փաստաթղթում. ««Ոռոգման նպատակով 2018 թվականին Սևանա լճից ջրառի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ»: 

Այս տարի Սևանա լճի մակարդակը կազմում է մոտ 1900մ, ինչը նշանակում է, որ հաշվեկշիռը բացասական է և նախորդ տարվա համեմատ ցածր է 6 սմ-ով: Նշենք, որ 2018թ-ի մարտի 23-ից սկսած մինչ օրս Սևանա լիճ է հոսել մոտ 40 մլն խմ ջուր, մինչդեռ 2017թ-ին Արփա-Սևան ջրատարով ջրհոսքը Սևանա լիճ սկսել է ապրիլի 6-ից և ապրիլի 27-ին կազմել է մոտ 20 մլն խմ ջուր:

Նշենք նաև, որ Սևանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեն դիսպեչերական կենտրոն է ստեղծել, որում առցանց ստացվելու, կուտակվելու և վերլուծվելուն են Սևանա լճից ջրի բացթողնման, հաշվառման, ինչպես նաև՝ բաշխման հետ կապված բոլոր թվային տվյալները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՋՏՊԿ-ի համար Սևանից կատարվող ջրբացթողնման միակ նպատակը ոռոգման կայուն ջրամատակարարում ապահովելն է, որոշվել է օպերատիվ արձագանքման դիսպեչերական կենտրոն ստեղծել, որը Սևան-Հրազդան դիրևացիոն ջրանցքի կառավարչի կողմից ստեղծված համանման կենտրոնի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի ջրբացթողնման ընթացքի համատեղ, առավել արդյունավետ կառավարումը: Այս գործընթացի հիմնական նպատակը ջրբացթողնման ընթացքում ոռոգմանը գերակայություն տալն է, ինչպես ամրագրված է ՀՀ կառավարության որոշումների մեջ»,- ասված է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2017թ.-ին, չնայած ՀՀ բնապահպանության նախարարության բացասական գնահատականի, ինչպես նաև տարբեր մասնագետների զգուշացումների, Սևանա լճից իրականացվեց հավելյալ ջրառ, ինչը նաև շարունակվում է այս տարի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում