Քննարկվել են արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները
![](https://econews.am/disk/21-04-18/11528a530f3a6a785d44e99a90f9e15b.jpg)
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը զեկուցել է, որ արևային կայանների կառուցման ծրագրի շրջանակում ձևավորվել է արևային էներգետիկայի զարգացման նոր քարտեզ, որի շրջանակում մշակվել է տարբեր վայրերում տարբեր հզորություննեով կայանների կառուցման վեց տեխնիկատնտեսական հիմնավորում, որոնցից մեկը եղել է Մասրիկ-1 ծրագիրը:Փոխնախարարը, ներկայացնելով Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ներդրողների մրցույթի արդյունքները, նշել է, որ մրցույթը հայտարարվել է 2017 թվականի ապրիլին փաթեթը ձեռք է բերել 7 տասնյակ ընկերություն, 20-ը դիմել է նախաորակավորման: Այս փուլն անցել է 10 ընկերություն, իսկ հինգը տվել է ծրագրի իրականացման առաջարկություն: Ըստ մրցույթի կանոնների՝ այն ընկերությունը կամ կոնսորցիումը, ով կառաջարկեր ամենացածր սակագինը, իրավունք կստանար իրականացնել Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը: Մրցույթի արդյունքներով ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը: Առաջարկված սակագինն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Հայկ Հարությունյանը նշել է, որ այժմ նիդեռլանդական ընկերության հետ ընթանում են բանակցություններ, և առաջիկա շաբաթվա ընթացքում վերջինիս ղեկավարները ժամանելու են Հայաստան: Նախատեսվում է, որ Մասրիկ-1 արևային կայանի կառուցման պայմանագիրը պետք է ստորագրվի մինչ հունիսի մեկը, իսկ կառավարության հաջորդ նիստում ներկայացվելու է ծրագրի մրցույթի հաղթողի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը:
Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել արևային նոր կայանների կառուցման ծրագրերի իրականացմանը, քամու և հողմային էներգետիկայի զարգացմանն ուղղված քայլերին, կուտակիչ հզորություններ կառուցելու հնարավորություններին:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ մեր երկրում առկա են այլընտրանքային էներգետիկայի ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության մեծ ներուժ ու դրա իրացման լայն հնարավորություններ: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվ քայլեր իրականացնել այլընտրանքային էներգետիկայի զարգացման նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի անվտանգ ու անկախ էներգետիկ համակարգի ամրապնդմանը:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-07-23/15498cffa0cc224ebd046fa1617b0ac3.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/26-11-22/663dd641b4f4b9308026c1abed836ff1.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/30-11-21/b54e1464e8ab8525eb3e890a7cef01ec.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/23-11-21/d437d0431cf6c5368a13cd8cb2b04729.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/01-10-21/71f9d1f952396e8c5b359f80a029b20c.jpg&w=300&h=200)