«Հակաբնապահպան» վարչապետը՝ կրկին բնության դեմ

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններին կենդանասեր, կենդանապաշտպան և մտահոգ հասարակությունը սպասում է արդեն տարիներ շարունակ: Ենթադրվում է, որ օրենքի փոփոխությունների ընդունմամբ պետք է բարելավվի ՀՀ-ում կենդանիների իրավունքների պաշտպանվածության մակարդակը, և լուծվեն մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնցից է օրինակ՝ անազատ և կիսազատ պայմաններում պահվող կենդանիների բարեկեցությունը: Ծանոթանալով ««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ հասկանալի է դառնում, որ այս հույսերը դժվար թե արդարանան: 

2000թ.-ին ընդունված «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքի նախաբանում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:

Նոր օրենքի նախագծի առաջին հոդվածում ասվում է.

«Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանից հանել «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է» նախադասությունը»»:

Այս դրույթի բացառմամբ փաստացի օդում կախված են մնում ՀՀ կենդանական աշխարհի սեփականության և դրա նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին առնչվող հարցերը: Ընդգծենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) հրապարակված օրենքի նախագծով նախատեսվում է նախաբանից հանել վերոնշյալ դրույթը. ոչ թե այն լրացնել, փոփոխության ենթարկել կամ փոխարինել մեկ այլով, այլ պարզապես հեռացնել: Ուշագրավն այն է, որ կենդանական աշխարհի պետության բացառիկ սեփականությունը լինելու մասին դրույթը հանելուց հետո, օրենքի նախագիծը բնականոն ընթացքով շարունակում է փոփոխություններ կամ լրացումներ սահմանել գործող օրենքի այս կամ այն դրույթի մեջ: Այսինքն, կենդանական աշխարհն արդեն պետության սեփականությունը չէ, բայց Կառավարությունն այն նախատեսում է կարգավորել:

Մեր տեղեկությունների համաձայն, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների ընդունման հետաձգումն իր պատճառներն ունի: Մասնավորապես, Կառավարությունում վիճաբանություն է ընթանում հենց վերոնշյալ դրույթի շուրջ. այսինքն՝ կենդանական աշխարհի պետության բացառիկ սեփականությունը լինելու կամ չլինելու հարցի: Կառավարությունում կենդանական աշխարհից «հրաժարվելու» հիմնական ջատագովը հայտնի «հակաբնապահպան» վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով բազմիցս աչքի է ընկել բնության նկատմամբ իր ունեցած «հատուկ վերաբերմունքով»:

Հավանաբար, ի վերջո Կառավարությունում ուշքի են եկել և հասկացել նախատեսվող փոփոխությունների աբսուրդիզմի աստիճանը, քանի որ Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/, որ ««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն այժմ գտնվում է Նախարարությունում և լրամշակման փուլում է: Նախարարությունը պատրաստվում է լրամշակված նախագիծ վերադարձնել վերոնշյալ դրույթը որոշ փոփոխություններով: e-draft կայքում, սակայն, շարունակվում է հրապարակված մնալ «նոնսենսային» տարբերակը:

Նշենք, որ նախորդ տարի «նոնսենսային նախագիծն» անգամ մտել է Կառավարության օրակարգ և քննարկվել: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն, քննարկումը տեղի է ունեցել 2017թ.-ի հունիս ամսին:

Պարզաբանենք, թե վերոնշյալ դրույթի դուրս մղումը որքանով «շահեկան» կլինի ՀՀ կառավարության համար. Կառավարությունը դրույթի հեռացմամբ, կարելի է ասել, ազատվում է կենդանական աշխարհի նկատմամբ կամ դրանից բխող այլ հետևանքների պատասխանատվությունից: Մասնավորապես, եթե վայրի կենդանին (օրինակ՝ գայլը) վնաս է պատճառել մարդու սեփականությանը (օրինակ՝ ոչխարին), պետությունը, որպես վայրի կենդանու սեփականատեր, ենթադրվում է, որ ստիպված է փոխհատուցել վնասը: Սակայն, նոր դրույթի իրականացմամբ պետությունը կազատվի տվյալ և մի շարք այլ պատասխանատվություններից:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում