Բրիտանացիների «արկածները» Երևանում

Օրերս Երևան այցելության է ժամանել Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը: Այցելության շրջանակներում վերջինս հանդիպում է ունեցել նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Քննարկվել են բազմաթիվ թեմաներ, որոնք «բիզնես-բնապահպանություն» ենթատեքստից են: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել վերականգնվող էներգետիկայի բնագավառում արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությանը, մասնավորապես՝ արևային կուտակիչ կայանների կառուցմանը: Այդ համատեքստում զրուցակիցներին է ներկայացրել նաև «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պատրաստ է խորացնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումների ներգրավմանը։ Մարկ Փրիթչարդը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ոլորտի ներդրումային ծրագրերը հանգամանալի ներկայացնելու համար և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: Կարևորվել է էներգետիկայի բնագավառի մասնագետների վերապատրատման նպատակով համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին և զարգացման հեռանկարներին: Խոսելով արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին՝ նշվել է, որ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան հետ փոխգործակցությունը կնպաստի, որպեսզի 2019թ. Հայաստանն, անցնելով միջազգային վավերացման գործընթացը, կարողանա ճանաչվել նախաձեռնության ստանդարտներին համապատասխանող երկիր:

Կարևորելով իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու քաղաքականության առաջնահերթությունները՝ Աշոտ Մանուկյանը նշել է. «Առաջիկա 1-2 տարում մենք պետք է հանքարդյունաբերության ոլորտի բացարձակ թափանցիկության հասնենք»: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:

Մարկ Փրիթչարդը այցելության շրջանակներում զրուցել է նաև տեղի լրատվամիջոցներից մեկի (Banks.am) հետ՝ անդրադառնալով նաև Ամուլսարի խնդրին: «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի գործունեության և բնապահպանների մտահոգությունների մասին լրագրողի հարցին, հանձնակատարը պատասխանել է. ««Լիդիան»-ն այստեղ խոշոր գումարներ, և որ ամենակարևորն է՝ մարդկային ռեսուրս է ներդրել: Ընկերությունը զգալի ներդրում է կատարում Հայաստանի տնտեսության մեջ:

Բնապահպանական տեսանկյունից՝ կապ չունի դա մեծ, թե փոքր ընկերություն է, հանքարդյունաբերողների և բնապահպանների միջև լարվածություն միշտ էլ առկա է: Սա նորություն չէ, և ամենայն հավանականությամբ, իրավիճակը երբևէ չի փոխվի: Մի կողմից, քննադատությունը նաև առողջ երևույթ է, քանի որ նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը: Մյուս կողմից, ընկերություններն ու երկրներն առաջընթացի կարիք ունեն, և իմ պատկերացմամբ՝ «Լիդիան»-ը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ամենաբարձր ստանդարտներին բոլոր գործընթացներում:

Հանքարդյունաբերական ընկերություններին քննադատողներ միշտ կլինեն: Բայց «Լիդիան»-ն արել և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի համապատասխանի Հայաստանի՝ շրջակա միջավայրի պահպանման ամենաբարձր ստանդարտներին»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում