Կոչ եմ անում բոլորին զսպել ախորժակը. Արծվիկ Մինասյանը խստորեն կվերահսկի ձկան որսի արգելքի պահպանումը (ֆոտո)

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, տեղի ունեցավ բազմակողմ քննարկում` Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելքի միջոցառումների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը, պատասխանատու գերատեսչությունների ստորաբաժանումների և Սևանա լճի հարակից համայնքների ղեկավարները:

«Դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 15-ը ուժեղացվել է հսկողությունը Սևանի ողջ ափամերձ տարածքում, ինչպես նաև բոլոր այն իրացման վայրերում, որտեղ հնարավոր է հայտնվեն Սևանի սիգ կամ իշխան տեսակի ձկների վաճառքը: Սա այն հատվածն է, երբ սիգ տեսակի ձուկը մոտենում է ափերին և սկսում է ձվադրումը: Հանձնարարված է ազգային պարկին, որպեսզի միջոցառումներն իրականացնի հավուր պատշաճի դուրս բերելու համար թե՛ լողամիջոցները, թե՛ նաև իրականացնելու ամենրոպեական հսկողություն: Միաժամանակ ոստիկանության և տեսչական մարմնի հետ համատեղ միջոցառումների ծրագիր է նախատեսվել, ունենալու համար թե՛ շարժական, թե՛ անշարժ հսկողության կետեր, ինչպես նաև պարբերաբար այցելություններ, որպեսզի մենք կարողանանք այս շրջանում ապահովել ձկնատեսակների բնական վերարտադրություն: Շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու բոլոր անձինք, ովքեր, անկախ նրանից՝ իրենք են որսացել թե չէ, ներգրավված են ձկան իրացման շղթայում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:  

Խորհրդակցությանը մասնակցող համայնքապետերը այս տարի նույնպես պատրաստակամություն են հայտնել շարունակել բացատրական աշխատանքները համայնքի բնակիչների հետ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշեց, որ ձկան որսի արգելքը բխում է նաև ժողովրդի շահերից: Այն կնպաստի ձկան պաշարների ավելացմանը և մարզպետարանը միացել է այդ գործողությունների լիարժեք իրականացմանը:

«Լինելու ենք խիստ և հետամուտ բոլոր դեպքերի բացահայտմանը: Գործելու ենք ոչ ﬕայն մարզի, այլև ամբողջ հանրապետության տարածքով ﬔկ: Խախտուﬓեր հայտնաբերելու դեպքում գնալու ենք ﬕնչև վերջ՝ պարզելու, թե ով է կատարել որսը, ով՝ տեղափոխությունը կամ ﬕջնորդավորված վաճառքը»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:

«Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել դրական միտում, շատացել են ձկան պաշարները: Այս նկատառումից ելնելով, մենք այս տարի ևս շարունակելու ենք նույն տեմպերով, միգուցե նաև ավելի խիստ, որպեսզի կարողանանք ապահովել պաշարների կայուն աճ: Ազգաբնակչության մեջ պետք է բարձրացվի գիտակցության մակարդակը, որպեսզի արգելքի ժամանակահատվածը ծառայի իր նպատակին: Դա բխում է բոլորիս շահերից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց. «Ես կոչ եմ անում բոլորին, մեր հայրենակիցներին, բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին, անգամ եթե ունեն ախորժակ սիգ ուտելու, հրաժարվեն այդ մտադրությունից, դրանով իսկ նպաստելով սիգի պաշարների ավելացմանը և մենք հաջորդ տարիներին կունենանք շատ ավելի մեծ պաշարներ և օրինական կարգով ձկնորսություն կհաստատենք, որը թույլ կտա մարդկանց օգտվել Սևանի բարիքներից: Կարևորում եմ նաև, որ համայնքի ղեկավարներն էլ էին մասնակցում խորհրդակցությանը և իրենք էլ հայտնեցին իրենց պատրաստակամությունը ներգրավվելու, օժանդակելու, պարտավորություն իրենց վրա վերցնելու, որ համայնքի բնակիչների հետ աշխատանք իրականացնեն»: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում