Հարձակվել, ծեծի են ենթարկել Դիլիջան ազգային պարկի աշխատակիցներին, այրել հենակետը և դիմել փախուստի

Հոկտեմբերի 13-ի երեկոյան անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել Դիլիջան ազգային պարկի «Շամախյան տեղամասում» պահպանություն իրականացնող «Պանտեռա Սիքյուրիթի» պահնորդային ծառայության աշխատակիցներին, ապա, հրկիզելով շուրջօրյա հերթապահություն անցկացնելու համար նախատեսված հենակետը, դիմել փախուստի: Սրան նախորդել էր պահպանություն իրականացնող ընկերության վրա ևս մեկ հարձակում: Իսկ սեպտեմբերի 6-ին Դիլիջան ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքում անհայտ քաղաքացին առանց պետհամարանիշի բեռնատար Գազ 66 մեքենայով հարվածել է վերջինիս ճանապարհը փակած «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի ղեկավարի ծառայողական ավտոմեքենային և դիմել փախուստի:

Պետության համար Դիլիջան ազգային պարկի բնապահպանական կարևորությունը նկատի ունենալով՝ կարելի է արձանագրել, որ սա բացահայտ մարտահրավեր է պետությանը, հատկապես հաշվի առնելով նաև այն հանգամանքը,որ հոկտեմբերի 13-ի կեսօրին Դիլիջան ազգային պարկում տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ Բնապահպանության նախարարի, Տավուշի մարզի գլխավոր դատախազի,Դիլիջանի համայնքապետի, «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերության ղեկավարների,պարկի աշխատակիցների և լրագրողների մասնակցությամբ,որին հաջորդել էր շրջայց պարկի մի քանի տեղամասերում:

Վերջին ամիսներին օրինական տրված տեղեկանքների հիման վրա Դիլիջան ազգային պարկի կողմից բնակչությանը տրամադրվել է 1478 խորհանարդ մետր փայտ: Իսկ գարնանը անցկացված ստուգումներով պարզվել էր՝ պարկի տարածքում վերջին 3 տարվա ընթացքում անօրինական կերպով հատվել էր 6 հազարից ավել ծառ, ինչին հաջորդեց պարկի ղեկավար կազմի փոփոխությունը, և գործը հանձնվեց իրավապահներին:

Ակնհայտ է, որ Ազգային պարկում պահպանության խստացումը առաջացրել է կազմակերպված հակազդեցություն, որը գնալով ավելի վտանգավոր դրսևորումներ է ստանում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում