«Դիլիջան» ազգային պարկում կրկին հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 31-ին ժամը 13:00-ի սահմաններում «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 2 պահաբաժնում` զինվորական հրաձգարանին կից տարածքում հրդեհ է բռնկվել: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների և զինվորականների համատեղ ուժերով: Անտառին էական վնաս չի պատճառվել: Այրվել է մոտավորապես 2,5 հա խոտածածք տարածք:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում է շուրջօրյա խստացված հսկողություն, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի այրված հատվածներում դեռևս առկա են ծխացող օջախներ: Արգելոցի և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարների կողմից իրականացվում են օջախների չեզոքացման աշխատանքներ և սահմանված է շուրջօրյա հսկողություն:

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում հրդեհների բռնկման դեպքեր չեն արձանագրվել:

Նշենք, որ օգոստոսի 30-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք. Ժամը 17:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 7 պահաբաժնի ներքին հատվածում` համայնքային աղբավայրի մոտակայքում: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների ուժերով: Անտառին էական վնաս չի պատճառվել: Այրվել է մոտավորապես 1 հա խոտածածք տարածք:

Նույն ժամի սահմաններում հրդեհ է բռնկվել «Գոշ տեղամաս» մասնաճյուղի թիվ 2 պահաբաժնին կից համայնքային տարածքում, որը նույնպես տեղայնացվել և մարվել է: Կրակն անտառի տարածք չի թափանցել: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում