ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Որքան տարածք է այրվել Խոսրովի և Արտավանի անտառներում
![](https://econews.am/disk/30-08-17/c2879dc82012a8665f0b9f38cb10f699.jpg)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ներկայացնում է վերջերս ՀՀ-ում գրանցված երկու խոշոր հրդեհների մասին թվային տվյալներ: Հրդեհների հասցրած վնասի չափերին և այլ տեղեկություններին կարող են տեղեկանալ ներկայացված ինֆոգրաֆիկայի միջոցով:
«Խոսրովի անտառ» արգելոց
Ըստ նախնական տեղեկությունների «Խոսրովի անտառ» արգելոցում այրվել է 2800 հա տարածք, որը կազմում է ամբողջի մոտ 9 տոկոսը: Սակայն ինչպես հայտնում են Բնապահպանության նախարարությունից, վնասի չափն ամբողջությամբ պարզ կլինի գարնանը:
Նշենք նաև, որ ՀՀ ԱԻՆ տվյալներով օգոստոսի 15-ի դրությամբ «Խոսրովի անտառ» արգելոցում այրվել է շուրջ 15.6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա՝ անտառածածկ:
Խոսրովի պետական արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 150-ից ավելի փրկարարական ծառայող և 6 միավոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենար: Հրդեհաշիջմանն ընդգրկվել են՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը, ՀՀ ՊՆ օդուժի 2 ուղղաթիռ և Զինված ուժերի ստորաբաժանումների 132 զինծառայող, ՀՀ ոստիկանության 70 ծառայող, անտառնտեսության 50 աշխատակից, Բնապահպանության պետական տեսչության 8 աշխատակից, ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր և հարակից բնակավայրերից շուրջ 600 բնակիչ, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարով, «Ապառաժ» ՍՊԸ աշխատակիցներ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի անտառտնտեսության մասնաճյուղի «Սարավանի» անտառպետություն (Արտավան գյուղին հարակից)
Արտավան գյուղի հարակից անտառը կոչվում է «Սարավանի» անտառպետություն և գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վերահսկողության ներքո: Անտառպետությունն ունի ընդհանուր հաշվով 973 հա տարածք, որից 705.5 հա անտառածածկ: Ըստ ՀՀ ԱԻՆ տվյալների, «Սարավանի» անտառպետության տարածքում այրվել է 320 հա անտառածածկ տարածք: Այս դեպքում այրվել է անտառպետության մոտ 31 տոկոսը:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տեղեկացմամբ, հրդեհի հետևանքով «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառվել է մեծ վնաս։ Այրվել են կաղնիներ, հացենիներ, թխկիներ, հատուկ նշանակության թփեր, գիհու արժեքավոր նոսրուտներ։ Այդ նոսրուտների ամբողջությունը համարվում է ռելիկտային անտառ, որը գրեթե չվերականգնվող է։ Նշված անտառային հատվածը բնապահպանական մեծ նշանակություն ունեցող տարածք է` յուրահատուկ և սակավ տարածում ունեցող լուսավոր (գիհու նոսրուտներ) անտառ։
Թվային տվյալներն EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին տրամադրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մամուլի բաժինը:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/22-12-23/f3e1ce38a480b1db7bcdd8d5419f072c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/03-10-22/3ed0cd88a585d0b9063c72d82930f05a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/28-09-22/670038f86dafd3cc3fe7618aaf9630b1.jpg&w=300&h=200)