Արմաշի չորացած լճերը սպառնում են տարածքի թռչնաշխարհի գոյությանը. Սիլվա Ադամյան

«Արմաշի լճերում մենք ունենք խնդիր: Այնտեղ բնադրվող 150 տեսակից ավելի ջրաճահճային թչունների մի մասը կտեղափոխվի դեպի Սևանա լիճ, իսկ մյուս մասն էլ անհայտ է: Ես Արմաշի լճերի խնդրի մասին այնքան եմ բարձրաձայնել նախարարությունում, որ արդեն չգիտեմ, թե ինչպես պետք է այդ խնդրի լուծմանը օգտակար լինեմ: Բազմիցս գնացել ենք, խոսել ենք, փորձել ենք հարցը լուծել: Հուսով ենք, որ լճի տերերը գոնե մի լիճ կթողնեն, որտեղ մեր թռչնաշխարհը կբնակվի»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց բնապահպան, «Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանը:

«Արարատյան դաշտավայրում մենք ունենք ընդհանուր և խորքային ջրերի խնդիր: Այնտեղ հիմա ձկնաբուծական ֆերմաներ կան, արհեստական լճեր, որոնք սովետական միության ժամանակվանից գոյություն ունեին: Երբ փլուզվեց սովետական միությունը, դրանք ուղղակի մասնավորեցվեցին, վաճառվեցին, այդ մարդիկ էլ գնեցին: Այնտեղ կա տարածք, որը կարելի է պահպանվող տարածք համարել: Այն աշխարհի մաշտաբով այնպիսի տարածք է, որտեղ Կարմիր գրքում գրանցված թռչուններ կան: Զբոսաշրջության տեսակ կա, որը կոչվում է «bird waching» (թռչնադիտարկում) և դրանով կարելի է բավականին մեծ գումարներ բերել, բայց քանի որ կա ջրի խնդիր և այդ լճերը ձկան բազմացման առումով արդեն տերերին ձեռք չեն տալիս, իրենք լճերը ուղղակի փորձում են չորացնել»,- մանրամասնեց նա:

Բնապահպանի խոսքով տարածքը ոչ նպատակային է օգտագործվում նաև. «Վերջին անգամ, երբ գնացի այնտեղ կարծես ձմերուկ էին ցանել, դեռ ես էլ խոսեցի, ասացի՝ խնդրում եմ գոնե մի երկու լիճ թողեք լավ վիճակում, որպեսզի թռչունները կարողանան բնադրվել: Այս տարի չեմ եղել այնտեղ, վիճակը չգիտեմ ինչպիսին է: Այստեղ ավելի շատ պետական մոտեցում է հարկավոր և մենք բազմիցս Բնապահպանության նախարարություն ենք դիմել, բայց նրանք ոչինչ չեն անում: Միջազգային կազմակերպություններին էլ եմ դիմել՝ ասելով, որ թեկուզ մեկ լիճը, որը այդ մարդկանց սեփականությունն է, վաճառեն, դուք էլ այդ լիճը գնեք, առանձնացրեք, որպես հատուկ պահպանվող տարածք, որովհետև այնտեղ ունիկալ տարածքներ են: Պահպանենք, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն, ինչպիսին, որ հիմա ենք տեսնում: Ցավոք սրտի ոչ մի բան չի արվում: Միջազգային ատյանների հետ էլ ոչինչ չի ստացվել, բայց կարծում եմ, եթե Բնապահպանության նախարարությունը փորձեր իր ամբողջ ռեսուրսներով այդ հարցը լուծել երևի մի բան կստացվեր: Երևի չեն էլ ուզում այդ հարցը լուծել: Տարիներ շարունակ՝ 7-8 տարի է, այդ մասին խոսում ենք, որ այնտեղ խնդիր կա և այն պետք է լուծվի: Նախարարները փոխվում են, խնդիրն էլ ոնց կա տեղում դոփում է, ցավոք սրտի»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում