Բնության հատուկ պահպանվող տարածքներում կազմվել են արձանագրություններ ապօրինի ձկնորսության վերաբերյալ

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում նախատեսված ընթացակարգերով իրականացվում են պահպանմանն ուղղված միջոցառումներ:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցներն ապօրինի ձկնորսության վերաբերյալ կազմել են բնապահպանական խախտումների 9 արձանագրություն: Առգրավվել է 13 պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 213 «սիգ» տեսակի ձուկ և 105 խեցգետին: 91 ձուկ հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին, 47-ը՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին, 42-ը՝ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին և 33-ը՝ Մարտունու թիվ 4 մանկապարտեզ ՀՈԱԿ-ին:

Առգրավված խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի տնօրինության տակ գտնվող ԲՀՊՏ-ներում շարունակվում են շուրջօրյա հերթապահությունները, իրականացվում են պարբերական շրջայցեր։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի գիտության բաժնի աշխատակիցներն իրականացրել են ստուգայցեր «Շիկահող» պետական արգելոց մասնաճյուղում, որոնց ընթացքում տարածքում հանդիպել են եվրոպական այծյամ, եվրոպական անտառային կատու, փորսուղ և շնագայլ: Ստուգայցերի ընթացքում հանդիպել են նաև կովկասյան գորշ արջի, եվրոպական այծյամի, գայլի, աղվեսի, փորսուղի, շնագայլի, եվրոպական անտառային կատվի և եվրոպական լուսանի ոտնահետքեր: Եղանակային բարենպաստ պայմանները և կերի առկայությունը նպաստել են կենդանիների բնականոն բազմացմանը: Նման զարգացում է նկատվում գրեթե բոլոր թռչնատեսակների մոտ /խայտաբղետ փայտփոր, անտառային կաչաղակ, երգող կեռնեխ, սոսնձակեռնեխ, սև կեռնեխ, ամուրիկ, արշալուսիկ, հոբալ և այլն/:

ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոց» , «Խոր Վիրապ» , «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի ամենօրյա միջոցառումները պատշաճ կատարելու համար իրականացվել են շուրջօրյա հերթապահություններ և շրջագայություններ:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտական բաժնի կողմից իրականացվող գիտական ուսումնասիրություններն ուղղված են պետական արգելոցի և պետական արգելավայրերի բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանն ու նրանց էկոհամակարգերի ուսումնասիրմանը։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը, համագործակցելով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ (WWF), շարունակում է տեսա և ֆոտոբռնիչների օգնությամբ կատարել կենդանական աշխարհի սեզոնային միգրացիայի և հաշվառման աշխատանքներ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում