Մեզ մոտ օրենսդրական լուրջ բաց կա, որը թույլ չի տալիս ամբողջությամբ վերահսկել ոլորտը. բնապահպան Կարինե Փանոսյան

Այսօր EcoNews.am-ի զրուցակիցն է բնապահպան, «Փրո Փոուզ» կազմակերպության կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանը, ում հետ կզրուցենք ՀՀ-ում արդիական թափառող կենդանիների խնդրի և դրա լուծմանն ուղղված քայլերի իրականացման մասին:

Ինչպիսի՞ մակարդակում է գտնվում ՀՀ-ում թափառող կենդանիների խնդիրը: Ի՞նչ քայլեր են իրականացվում հասարակական և պետական շրջանակներում:

- Վերջին տարիներին շնորհիվ այն բանի, որ ակտիվացել են և հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են թափառող կենդանիների խնդիրներով, և ակտիվ մարդիկ, անհատները, որոնք ավելի մեծ ուշադրությամբ ու հոգատարությամբ են ներգրավվել խնդրին, և միջազգային կազմակերպությունները, որոնք սկսեցին Հայաստան գնալ գալ, և քաղաքպետը ներգրավվեց խնդրի լուծմանը, շատ կենդանիների ենք կարողացել ստերջացնել: Հասարակական կազմակերպությունների շնորհիվ որոշ կենդանիների որդեգրվել են: Սրանում մեծագույն փորձ ունի «Դինգո» ՀԿ, որին պետք է շնորհակալություն հայտնել:

Քաղաքապետարանի հետ մենք մի քանի ծրագիր իրականացրեցինք թափառող կենդանիների հետ կապված և հուսով ենք, որ այդ ծրագրերը կշարունակվեն և դրանք ավելի ընդգրկուն կլինեն ոչ միայն Երևանի մակարդակով, այլ առհասարակ Հայաստանի, որովհետև Երևանից դուրս, օրինակ՝ Գյումրիում, Վանաձորում և այլուր խնդիրը բավականին ծանր է: Այսինքն, կան կենդանիների ոհմակներ, որոնք պարբերաբար հարձակվում են մարդկանց վրա: Սրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ կենդանիներն անխնա բազմանում են: Այսպիսի բան կա բնության մեջ. երբ կենդանին զգում է իր պոպուլյացիային սպառնացող վտանգը, նա ավելի շատ է բազմանում: Միջազգային կազմակերպություններից մեկի հետազոտության արդյունքում պարզվել է, որ մեկ զույգ շունը կարող է 7 տարում մինչև 64 հազար հատ սերունդ տալ: 

Ցավոք սրտի մեզ մոտ օրենսդրական լուրջ բաց կա, որը թույլ չի տալիս ամբողջությամբ վերահսկել ոլորտը: Քանի դեռ մենք չունենք պատշաճ օրենսդրական ակտ, մենք թերևս լուրջ արդյունքների հասնել չենք կարողանա: Միակ ուղին փաթեթն ԱԺ հասցնելն ու այն ընդունելն է: Հուսով եմ, որ նոր խորհրդարանում կլինեն նախաձեռնություններ, որոնք այս խնդրին լուծում կտան, որովհետև ամոթ է, որ մեր հարևան երկրներում լուջ քայլեր են արվել և վաղուց, նույն Ադրբեջանը ունի օրենքներ, իսկ մենք՝ չունենք: Մենք հնագույն ժամանակներից բնապաշտ ժողովուրդ ենք եղել, իսկ այսօր դուրս ենք մղվում միջազգային դաշտից:

«Փրո Փոուզ» (Pro Paws) կազմակերպությունը վաղուց ունի մշակված օրենսդրական փաթեթ և այն տեղ հասցնելու որոշ քայլեր արվել են, սակայն արդյունքում լուծում չի ստացվել: Նախնական քայլեր եղել են, հետաքրքրություն ցուցաբերվել է, բայց փաթեթը չի հայտնվել այնտեղ, որտեղ պետք է:

Ներկայացրեք «Փրո Փոուզ»-ի մշակած ծրագրի մանրամասները:

- Բացի օրենսդրական բարեփոխումներից պետք է նաև կենդանիների ստերջացման ծրագիրն իրականություն դառնա: Ոչ միայն կամավորական խմբերի և մասնավոր կազմակերպությունների շնորհիվ, այլև պետական միջոցներով պետք է համատարած ստերջացում իրականացվի, որպեսզի կենդանիների բազմանալու արդյունքում նոր կենդանիներ դրսում չհայտնվեն:

Հաջորդ կարևոր խնդիրը նաև մարդկանց մոտ էկոդաստիարակություն է, որը այս պահին մեր կազմակերպությունն իրականացնում է: «Փրո Փոուզը» ոչ միայն օրենսդրական խնդիրներով է զբաղվում, այլև կրթական և միջազգային համագործակցության ծրագրերով: Այս պահին մենք դպրոցներում իրականցնում ենք կրթական ծրագիր, որը կոչվում է՝ «հոգա շան մասին»: Այն վերաբերում է առհասարակ շներին, բայց մենք պատմում ենք նաև թափառող շների խնդրի մասին: Այս ծրագրով կարևորվում է նաև այն, որ մարդիկ, ովքեր ունեն տանը կենդանի ինչ-ինչ պատճառներով նրան դուրս չհանեն: Շատ հաճախ, մեր երկրում ընդունված է, որ երբ տանը բալիկ է ծնվում շանը հանում են դուրս: Առաջինը՝ դա նույն է ինչ տան երեխային դուրս հանեն: Երկրորդը՝ եթե այդ շները գոյատևում են դրսում, որովհետև շատ հաճախ չեն էլ գոյատևում, բայց եթե գոյատևում են, դառնում են ագրեսիվ մարդկանց նկատմամբ: Նրանց մոտ վրեժխնդրություն է ձևավորվում և այդ կենդանին կարող է սպառնալիք լինել և հատկապես սեփական տերերի համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում