ՀՀ բնապահպանության նախարարությունը դեմ է Սևանա լճից հավելյալ 1 միլիարդ խմ ջուր վերցնելուն

«Մեր դիրքորոշումն այս պահի դրությամբ բացասական է, որովհետև համարում ենք, որ չկա որևէ այլ ավելի հիմնավորված փաստարկ, որ կարելի է 1 միլիարդ խմ ավելի ջուր բաց թողնել Սևանից»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: 

Այդ ջրային պաշարը թե տարածաշրջանում, թե Հայաստանում, մեծ հաշվով, համարվում է խոշոր ռազմավարական «ապրանք»:

Նա մասնավորապես ասել է. «Եթե մենք անգամ այս ջրային ռեսուրսի այլընտրանքային արժեքն ենք նայում, տեսնում ենք, որ այն ավելին է, քան էներգետիկ համակարգով ստացվող էներգետիկ արդյունքը կամ ոռոգման համակարգերի աշխատանքի արդյունքում ձևավորվող գյուղատնտեսական ապրանքների տնտեսական արժեքը: Մյուս կողմից, 1 միլիարդ խմ ջրի էկոլոգիական հետևանքները պետք է մանրամասն ուսումնասիրվեն, ինչը ենթադրում է լրջագույն փորձաքննություն: Ելնելով այս ամենից` մենք մեր բացասական եզրակացությունն ենք տվել»:

Լրագրողի հարցին, թե հնարավոր է արդյոք նախարարությունը գնա զիջումների, Արծվիկ Մինասյանը պատասխանել է՝ որևէ զիջման այս պահին պատրաստ չենք:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը հանձնարարական է ուղարկել ՀՀ բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու գյուղատնտեսության նախարարություններ, որպեսզի համատեղ ներկայացնեն Սևանա լճում կուտակված հավելյալ 1 միլիարդ խմ ջրի առաջիկա 3 տարվա ընթացքում տնտեսապես արդյունավետ օգտագործման լրացուցիչ ծախսերի ֆինանսական գնահատական՝ հաշվի առնելով բնապահպանական խնդիրները և առաջիկայում էներգետիկ ոլորտում կայունացման ֆոնդ ձևավորելու հանգամանքը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում