«Ես ու բնության իմ անկյունը» լուսանկարչական մրցույթ

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում են «Ես ու բնության իմ անկյունը» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդես: Մրցույթին կարող են մասնակցել Երևանի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 12-16 տարեկան դպրոցականները։

Մրցույթին մասնակցող լուսանկարում պետք է պատկերված լինի հայտ ներկայացնող մասնակիցը՝ բնության իր սիրելի անկյունի ֆոնին։ Լուսանկարը կարող է լինել «սելֆի», կամ մասնակցին կարող է նկարել որևէ երկրորդ անձ:

Մրցույթը «Ես ու բնության իմ անկյունը» թեմայով կրթական արշավի առաջին փուլն է: Ընդհանուր արշավի նպատակն է նպաստել երիտասարդների էկոկրթությանն ու բնապահպանական խնդիրների վերաբերյալ նրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ Բնապահպանական նպատակները հստակորեն արտացոլված են ՄԱԿ-ի անդամ պետությունների ընդունած «Կայուն զարգացման օրակարգ 2030» փաստաթղթում, որը ներառում է կայուն զարգացման 17 գլոբալ նպատակներ, այդ թվում՝ շրջակա միջավայրին վերաբերող։

Արշավը, մասնավորապես, նպատակ ունի մասնակիցներին իրազեկել Հայաստանի մի շարք վտանգված կենդանատեսակների՝ Կովկասյան ընձառյուծի, Բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի և նրանց ապրելավայրի պահպանության կարևորության մասին: 

Մրցույթի կանոնները.

1. Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և Հայաստանի հարավային մարզերի (Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք. այս տարածքներում են Կովկասյան ընձառյուծի, Բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի ապրելավայրերը) 12-16 տարեկան դպրոցականներ: 

2. Լուսանկարները կարող են արվել հասանելի ցանկացած սարքավորմամբ (սմարթֆոն, թաբլետ, ֆոտոխցիկ և այլն)՝ պայմանով, որ նկարների որակը (պատկերի հստակությունը և չափը) բավարար լինեն A3 ձևաչափի թղթի վրա տպագրության համար (ցանկալի է, որ պատկերի հստակությունը՝ ռեզոլյուցիան, լինի առնազն 150 dpi, իսկ ֆայլի չափը՝ ոչ պակաս, քան 500 KB)։ Ֆայլի պետք է լինի jpeg ձևաչափով:

3. Յուրաքանչյուր մասնակցի ֆայլը պետք է կրի մասնակցի անուն-ազգանունը։

4. Ներկայացված/ուղարկված լուսանկարները չեն ընդունվի, եթե կցված չլինի լրացված հայտը՝ պահանջվող բոլոր տվյալներով (տե՛ս վերջում)։

Վերջնաժամկետը՝ մինչև ս.թ. մայիսի 26-ը:

Լուսանկարները պետք է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին:

Ընտրված մասնակիցների լուսանկարները կցուցադրվեն ս.թ. հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսի շրջանակներում: Լուսանկարների ընտրությունը կատարվելու է տարբեր բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից: Լավագույն լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով: 

Ընտրված մասնակիցներն արշավի հաջորդ փուլում կմշակեն իրենց համայնքներում բնապահպանական խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներ:

Լավագույն առաջարկների հեղինակները կմասնակցեն աշնանը կայանալիք բնապահպանական դաշտային ճամբարին:

—————————————————

«Ես ու բնության իմ անկյունը» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսի մասնակցության հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.

1․ Մասնակցի անունը, ազգանունը, տարիքը

2. Կոնտակտային հեռախոսահամար

3. Էլ․ փոստի հասցե

4․ Մարզը, քաղաքը/գյուղը

5․ Դպրոցը, դասարանը

6․ Լուսանկարի բնութագիրը (համառոտ նկարագրել բնության ընտրված անկյունը և բացատրել, թե ինչու է ընտրվել այն)

—————————————————

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ հետևյալ հեռախոսահամարով՝ 546 156 (ներքինը՝ 15):

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում