Սևանա լճի սառցակալումը կարող է լուրջ վտանգների բերել. Սիլվա Ադամյան (տեսանյութ)
![](https://econews.am/disk/01-03-17/2e8a7f364b05300a5d6b2aae44582229.jpg)
Սևանի սառցակալումը կարող է լուրջ վտանգների բերել. իրականում լճի սառցակալումը շատ տագնապալի լուր է, և պետք է լուրջ միջոցառումներ ձեռնարկել տեղի կենդանական աշխարհը պաշտպանելու համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության փորձագետ, բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նշենք, որ «Սևան Ազգային պարկի» պահպանության բաժնի տեսուչ Արտակ Սարգսյանը ասել էր, որ Սևանա լճի սառցակալումը լճի թռչնաշխարհի համար աղետալի իրավիճակ է ստեղծել: Սևանի սառցակալման հետևանքով հետաձգվել է բազմաթիվ թռչնատեսակների չուն դեպի Գեղարքունիքի մարզ, տեղում մնացող տեսակները հեռացել են ապահով վայրեր և այն տեսակները, որոնք չեն կարողացել հեռանալ՝ ոչնչացել են մեծաքանակ խմբերով:
«Եթե թռչունը չունի կերակրման բազա, կարող է կա՛մ հեռանալ այդ տարածքից, կա՛մ թռչունը, որը սովոր է այդ տարածքին և չի հեռանում, կարող է ուղղակի սովի մատնվել և այստեղ մենք կունենանք լուրջ խնդիրներ տեսակային կազմի հետ: Մենք կունենանք մի բան՝ թռչուններն ուղղակի Հայաստանի տարածքից կհեռանան հարևան հանրապետություններ»,- նշեց Ադամյանը:
Ըստ նրա՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է կանխավ միջոցառումներ ձեռնարկեր, քանի որ Հայաստանում այս տարի կանխատեսվում էր բավական ցրտաշունչ ձմեռ: Ադամյանի խոսքով՝ հիմա շատ ավելի դժվար է կանխարգելիչ միջոցառումներ անելը:
Սիլվա Ադամյանի տեղեկացմամբ՝ վաղը տեղի է ունենալու բնապահպանության նախարարության հասարակական խորհրդի նիստ, որտեղ բարձրացվելու են Սևանի լճի սառցակալման հետևանքով առաջացած խնդիրները: Ադամյանը նաև առաջարկելու է օգտագործել նման խնդիրների լուծման միջազգային փորձը:
«Այլ երկրներում կա այսպիսի մի փորձ՝ տեխնիկայով սառցակալած լճից բացում են որոշակի տարածքներ, որպեսզի թռչունները կարողանան կերակրվել: Եվ կա մեկ ուրիշ ճանապարհ, երբ բնապահպանները և կենդանաբանները փորձում են ուղղակի կերակրել թռչուններին»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/15-04-21/1f23d295a7252615ee9f76f5b733ea18.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/30-11-20/68bd9e0b8f29b035477df3e0c42fd7cd.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/01-06-20/4ebe1788bd156bb5999418ab5446c88e.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/07-05-20/4a6b239b4fad44c8ab8823e53ebf754f.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-04-20/bda2d47e8a199fcc4389fe9c0438136e.jpg&w=300&h=200)