Վանաձորում անձրեւի պատճառով ջրալցվել են «Տանձուտ» գետի մերձակա տնակները

Հայաստանի ԱԻՆ-ում, երեկ՝ հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 5-3-2-2 տնակային ավանում գտնվող տնակներից մեկը ամբողջությամբ ջրալցվել է:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հորդառատ անձրեւի պատճառով «Տանձուտ» գետի ափը (մոտ 2մ) ճեղքվել է, ինչի հետեւանքով ջրալցվել են գետամերձ տնակները:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին եւս տեղացած հորդառատ անձրեւները բազմաթիվ վնասներ էին հասցրել Վանաձորին: Անձրեւների հետեւանքով հունից դուրս էր եկել Տանձուտ գետը, որը վնասել է մարզի Շահումյան համայնքի մի քանի կամուրջներ, ճանապարհներ:

Հեղեղաջրերը քշել տարել էր նաեւ մի անասնագոմ, սարից մեծ քանակությամբ քար ու ավազ էր լցրել ճանապարհներին: Գյուղամիջյան մի շարք ճանապարհներ երկար ժամանակ անանցանելի են եղել, գյուղացիներն իրենց ուժերով են բացել այն:

Հեղեղը քշել տարել է նաեւ բանջարաբոստանային կուլտուրաները, գետի ջրի մակարդակի բարձրացման պատճառով ջրով են ծածկվել Վանաձորի Լենինգրադյան տնակային ավանի մի շարք տնակներ: Բազմաթիվ փողոցներ Վանաձորում գետերի են վերածվել:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում