Պատգամավորին պատկանող փոքր ՀԷԿ-ի «ջուրը կտրել են» (տեսանյութ)

«Հակոբյան Հակո՞բն է ձեր թշնամին, թե՞ պատգամավորը»,- այսպես դիմեց Վարդենիկ գյուղի բնակիչներին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ում բնակիչները կանչել էին պարզաբանելու համար նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքը: Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները փակել էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող ՓՀԷԿ-ի ջրամատակարարումը՝ վերադարձնելով ջրի հոսքը դեպի գետի հուն: Այս քայլով բնակիչներն իրենց բողոքն են արտահայտել պատգամավորի «ընտրության» համար:

«Վարդենիկը 2017թ.-ի ապրիլի 2-ին 3000 ձայն է տվել հանրապետականին, այդ թվում՝ ինձ: Մեկ տարի հետո դուք փոշմանել եք, ասում եք վատ ա, մենք պտի Նիկոլ Փաշինյանին ընտրենք վարչապետ: Ճիշտ ա՞: Ես ձեր պատգամավորն եմ, ընձի մի տարի պետք չի եղել: Երեկ դուք կուսակցության հայտարարությունը կարդացել եք, 20 ժամում մենք փոշմանել ենք, ընտրել ենք Նիկոլին: Մենք ընդամենը 20 ժամ ենք վերցրել Նիկոլին ընտրելու համար»,- ասաց պատգամավորը:

Գյուղի բնակիչներն իրենց պահանջներն են ներկայացրել պատգամավորին, որոնց շարքում եղել է նաև պահանջ պատգամավորին պատկանող ՓՀԷԿ-ից ստացված շահույթից որոշակի մաս գյուղում ներդրում կատարելուն ուղղել: Շուտով, պահանջներն ավելի կհստակեցվեն և կներկայացվեն պատգամավորին: Վարդենիկցիներն ասում են, որ հակառակ դեպքում կրկին փակելու են ջրի հոսքը դեպի ՓՀԷԿ:

«Վարդենիկ» փոքր ՀԷԿ

«Ջրասահք» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է Վարդենիկ համայնքի վարչական տարածքում: Այն կառուցված է Սևանա լճի ավազանում՝ լիճ թափվող Վարդենիս գետի վրա: ՓՀԷԿ-ի երկարությունը 28 կմ է և շահագործվում է 2013թ.-ից: Ըստ ՀՀ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, «Ջրասահք» ՍՊԸ հիմնադիրը Հակոբ Հակոբյանն է: Նշվում է նաև, որ վերջինիս մասնակցությունը դադարեցված է: 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում եզրակացվել է. «Դիտարկման պահին ջրառից հետո Վարդենիս գետով անցնում էր մոտ 100 լ/վրկ ջուր, և ակնհայտ երևում էր, որ այդ քանակը ընդհանարապես չի կարող բավարարել՝ գետի էկոհամակարգի և կենսաբազմազանության բնականոն վիճակը պահպանելու համար:

Եթե Սևանա լճից ձկները ձվադրման նպատակով բարձրանում են այս հատված, ապա այս ՓՀԷԿ-ի բոլոր կառույցները և գետի բնապահպանական թողքի քանակը պետք է այնպիսին լինեն, որ ոչ մի կերպ չխոչընդոտվի ձկների բնականոն տեղաշարժը։ Եթե դա անհնար է ապահովել, ապա պետք է ապամոնտաժել Սևանի ավազանի գետերի վրա կառուցված բոլոր ՓՀԷԿ-երը»:

Ինչպես նաև. «Ջրառի ամբարտակը կառուցված է նախագծային շեղումներով` 2 զուգահեռ, անհարկի խորը պարզարաններով: Ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի՝ նախագծողը որպես ելային տվյալ է օգտագործել գետի 1954 թվականի հոսքի մեծությունը ձկնանցարանի համար: Չնայած գտնվել է ավելի ռացիոնալ լուծում, այնուամենայնիվ կառուցված է նախագծից շեղումներով: Այս ՓՀԷԿ-ում նույնպես առկա է բոլոր ՓՀԷԿ-երում տիրող իրավիճակը. ջրառի կետում չի չափվում ինչպես բնապահպանական թողքը, այնպես էլ ջրառի ծավալը, որի մեծության որոշման հիմք հանդիսացող հիդրոլոգիական տվյալները հավաստի չեն»:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում